ԱԺ-ում հայտարարությունների ժամի հայտարարությանս տեքստը

Հարգելի գործընկերներ,

Ելույթս ցանկանում եմ նվիրել մեր օրերում ահագնացող ու վտանգավոր չափերի հասնող մի արատավոր երևույթի, ինչպիսին է համացանցում ու, որ ամենավտանգավորն է, արդեն դրանից դուրս հայատառ հայերենի դիրքերի զիջմանը անհասկանալի ու օտարոտի այլատառ գրվածքին, կամ ինչպես դրան անվանում են այսօր՝ տրանսլիտին։ Ժամանակին հասկանալի պատճառով տարածում գտած այս երևույթը դրա պատճառների վերացումից հետո էլ պահպանեց իր գոյությունը։ Ավելին, նկատել եմ հատկապես երիտասարդների ու երեխաների կողմից գրվող ոչ համակարգչային տեքստերում դրա կիրառման խիստ վտանգավոր միտում։ Այսինքն՝ Հայաստանում կրթություն ստացած երեխան, երիտասարդը թղթի վրա գրիչով երկտող շարադրելիս հաճախ նախապատվությունը տալիս է հենց տրանսլիտին, քանի որ սա է սոցիալական ցանցերում իր արտահայտման, շփման ձևը։

Այս երևույթի «արդարացման» համար հաճախ բերվող փաստարկները, կապված ինչևինչ տեխնիկական սահմանափակումների, հայերեն ստեղնաշարների ու տառատեսակների անհասանելիության հետ, այլևս կիրառելի չեն ու հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ Ստացվում է, որ այլատառ գրելը այլևս տեխնիկական սահմանափակման արգասիք չէ, այլ վերածվում է մնայուն մշակույթի, դառնում առօրյա երևույթ։

Ասելիքս այն է, որ մեր երկրի առջև ծառացած մեզ հայտնի մարտահրավերներին ու խնդիրներին պետք է ավելացնել, ցավոք, նաև համացանցում հայերեն այբուբենի պաշտպանության հարցը:

Ընդհանրապես համացանցում լատինատառ տեքստի տարածան հետևանքով նմանատիպ խնդիրներ եղել են շատ այլ երկրներում էլ, որոնց հաջող փորձը կարելի է ուսումնասիրել և կիրառել։

Որպես համացանցում քննարկվող արդյունավետ լուծումներից կուզենայի նշել առնվազն պետական միջոցներով ձեռք բերվող համակարգիչների նկատմամբ ներկայացվող ստանդարտներում հայերեն ստեղնաշարի այս կամ այն շարվածքի (դրա ընտրությունը թող մասնագետները որոշեն) պարտադիր ներկայացվածության նկատմամբ պահանջը, ինչը հետագայում կարելի է տարածել ընդհանրապես հայաստանյան շուկա մտնող համակարգիչների վրա։

Գուցե անհրաժեշտություն կա նաև դպրոցներում աշակերտներին հայկական ստեղնաշարերով տեքստեր հավաքել սովորեցնելու պարտադիր ծրագիր ներառելով։

Ինչևէ, ճիշտ լուծումներ առաջարկելը մասնագետների հարցն է, իմ կարծիքով այս փուլում էականը հարցի կարևորության ընդունումն է ու դրան հրատապ լուծում տալու կամքը։

Սիրելի գործընկերներ, վստահ եմ, որ խնդրի լրջությունը գիտակցվում է ԱԺ ի կողմից և որպես առաջին քայլ, մեզանից յուրաքանչյուրը հրապարակային կամ առանց դրա իր շրջապատում ու իր ընտանիքում կհետևի, որպեսզի պահպանվի մեր մեսրոպատառ հայերենը ու մենք նման կերպ կմիանանք համացանցում հայերենը միայն հայատառ գրելու մեր երիտասարդների ինքնաբուխ նախաձեռնությանը:

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել