Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում փոխվել է նախկինում գործող գիշերօթիկ դպրոցների կազմակերպաիրավական ձևը. դրանք վերակազմակերպվել են «ՀՀ պետական հատուկ հանրակրթական հաստատություն» ՊՈԱԿ-ների:
Բարելավվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման գործընթացը, 182 հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական կրթությունը, Տավուշի մարզում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը: Հատուկ կրթության համակարգում գործող 52 հատուկ դպրոցի փոխարեն, որտեղ նախկինում սովորում էր շուրջ 10 հազար երեխա, այժմ գործում է 23 հատուկ ուսումնական հաստատություն՝ շուրջ 2 հազար 300 երեխայով:
Նշված բոլոր ձեռնարկումները, սակայն, չեն լուծել հատուկ կրթության ոլորտի խնդիրները: Մեզանում դեռևս չկա հատուկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերման և հաշվառման համակարգ, ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության տվյալները, բարելավման կարիք ունեն այդպիսի երեխաների վկայագրման չափանիշները, գործիքակազմը, ուսումնական հաստատությունների շենքային պայմանները և այլն:
ՀՀ Ազգային ժողովը 2014թ. Դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգ: Երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական կենտրոններում:
Կրթության զարգացման ռազմավարական նպատակին հասնելու համար խնդիր է դրված տարրական և միջին դպրոցում համախառն ընդգրկվածությունը հասցնել 99 տոկոսի, ընդլայնել դպրոցահասակ երեխաների՝ ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների որակյալ հիմնական կրթություն ստանալու պայմանները՝ բոլոր դպրոցներում ստեղծելով ներառական կրթության հնարավորություն: Մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ կվերակազմակերպվեն հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:
Մինչև 2025թ. օգոստոսի 1-ը ՀՀ-ում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
Իր նախորդ՝ ս.թ. փետրվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին: Այդ կապակցությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել այլ իրավական ակտերում:
Կառավարության որոշումը միտված է ՄԱԿ-ի Հազարամյակի նպատակների իրականացմանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, «Կրթություն բոլորի համար» հռչակագրի պահանջների և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը: