Վերջին տարիներին շատ է խոսվում Թուրքիայում բնակվող մի քանի միլիոն ծպտյալ հայերի մասին և, սովորաբար, այդ մարդկանց փորձում են դիտարկել որպես այն «գաղտնի» մնացած ռեսուրսը, որի միջոցով ապագայում հնարավոր կլինի կրկին վերագտնել մեր բնօրրանի Ցեղասպանությունից ի վեր կորսված մասը: Առհասարակ, ժամանակակից Թուրքիայում բնակվող հայության ճակատագրի և դերակատարության հետ կապված Հայաստանում և Սփյուռքում շրջանառվող տեսակետները հիմնականում սպառողական բնույթ ունեն, սակայն քանի որ պաշտոնական Անկարան ամեն կերպ ձգտում էր իր վերահսկողության տակ գտնվող տարածքում հայկական հարցի արծարծումը խթանող գործողություններ չկատարել, ուստիև տեղի հայությանն էլ դուրս էր թողել իր քաղաքական նախաձեռնությունների տիրույթից և, ընդամենը, Ցեղասպանություն կատարելու վերաբերյալ մեղադրանքներին հակադարձում էր այն փաստը, որ Թուրքիայում առ այսօր տասնյակ հազարավոր հայեր են բնակվում, ունեն իրենց հոգևոր առաջնորդը, կրթական հաստատություններն ու բարեգործական հիմնարկները: Փաստորեն, տևական մի ժամանակահատվածի ընթացքում թուրքական իշխանությունները հայ համայնքի առկայությունն օգտագործում էին, որպես հակափաստարկ- ապացույց առ այն, որ իրենց երկրում հայերը հալածանքների չեն ենթարկվում և չեն ենթարկվել: Անցյալ տարի նախագահ Էրդողանը լուրջ բեկում մտցրեց այս ավանդական պահվածքի մեջ՝ միանգամից երեք հայ պատգամավորներ դարձան թուրքական խորհրդարանի անդամ: Սա հայկական հարցը նորովի խաղարկելու հայտ էր, որի հիմնական նպատակը, հավանաբար, այն է, որ կրկին պայքար սկսվի համայն հայության քաղաքական կողմնորոշումն ու նախասիրությունները վերանայել տալու ու նորովի կազմավորելու համար: Ռուս-թուրքական հարաբերություններում ռազմաքաղաքական սուր և խորացող ճգնաժամի պայմաններում պաշտոնական Անկարայի կողմից դրսևորած այս նախաձեռնությունը թեև նախապես անհույս է թվում, սակայն ժամանակի մեջ կարող է թուրքական կողմի համար որոշակի օգուտներ բերել : Եթե առարկայական քաղաքական բանավեճ սկսվի թուրքահայ քաղաքական գործիչների ու Հայաստանի կառավարող շրջանակների միջև՝ վերջիններիս ռուսամետ դիրքորոշման անընդունելի և վնասակար լինելու կապակցությամբ, ապա դեռ մեծ հարց է, թե, օրինակ, Սփյուռքը որ կողմի մոտեցումներին նախապատվություն կտա: Չեմ զարմանա, եթե նախագահ Էրդողանն այս ուղղությամբ նոր ազդեցիկ քայլերի դիմի և ոչ վաղ անցյալում թուրքական իշխանությունների նախաձեռնությամբ վերանորոգված Վանի հռչակավոր վանական համալիրում վերաբացի Էջմիածնին հակաթոռ Աղթամարի կաթողիկոսությունը: Տարբեր միջազգային կառույցներում Հայաստանի ներկայացուցիչների պահվածքը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ թուրքական կողմի այս նոր քաղաքական նախաձեռնություններին համարժեք վերաբերմունք ցուցաբերել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: