Երբ այս օրերին ՌԴ խորհրդարանի փոխխոսնակ Ժիրինովսկին և այլ մանր ու խոշոր ռուս գործիչները հրապարակայնորեն ու հետեւաբար պաշտոնապես հայտարարում են ի լուր աշխարհի, որ Թուրքիայում ահաբեկչական գործողություններն ու պայթյուններն իրագործում են հայերը, քրդերի հետ միասին, սա ոչ այլ ինչ է քան պետական սադրանք եւ հանցագործություն հայ ժողովրդի և պետության դեմ, ինչպես նաեւ ողջ հայոց Սփյուռքի նկատմամբ:
Ռուս արքա Նիկոլայ 2-րդի 1914 թվին հրապարակցած ապստամբելու կոչը, ուղղված արեւմտահայությանը, թրքերի կողմից առ այսօր օգտագործվում է իբրեւ Եղեռնի «արդարացում»:
Գորբաչովի սադրիչ ակնարկը Ադրբեջանում ապրող քառորդ միլիոն հայերին սպառնացող վտանգի մասին եւ սովետական հեռուստատեսության կեղծ ու թշնամական քարոզը առիթ հանդիսացան Սումգայիթի, Գանձակի ու Բաքվի հայկական ջարդերի համար:
ՀՀ իշխանություններն առնվազն ԱԳՆ մակարդակով պարտավոր են կտրուկ զգուշացնել Ռուսաստանի պաշտոնյաներին եւ մամուլը նման արկածախնդիր եւ անպատասխանատու հայտարարությունների անթույլատրելի եւ թշնամական բնույթի մասին:
Անցյալ տարի ՌԴ նախագահը ցնցեց աշխարհն իր խոստովանությամբ առ այն, որ Ուկրաինան զավթելիս, ռուսական բանակը գործում է կանանց ու երեխաների թիկունքից: Այժմ նման «մարտավարություն» օգտագործվում է թրքերի հետ ռուսական հակասություններում, եւ հայերին փորձում են այս անգամ էլ նահատակների դերը հանձնել, թաքնվելով մեր մեջքերի հետեւում:
Մենք թշնանուն սովոր ենք դիմավորել դեմքով եւ բազմիցս՝ Սարդարսպատից մինչեւվ Արցախյան ազատամարտ ապացուցել ենք աշխարհին, որ ազնիվ ու բաց մարտում կարող ենք ջախջախել ոչ միայն թուրքերին, այլ նաեւ բազմազգ օտարերկրյա վարձկաններին: Սակայն ուրիշի նպատակների համար մենք մեր զավակներին այլեւս չենք զոհաբերելու:
Հայոց Եղեռնի հիշատակը թույլ չի տալիս մեզ մոռանալ եւ կրկնել անցյալի ողբերգական սխալները: