Մտավորականի ուժը կոնցեպտի մեջ է: Այն կարող է լինել ճիշտ և սխալ, ճշտի և սխալի խառնուրդ, փաստի և հուզականի համադրություն, բայց այն միշտ էլ փորձում է ունենալ լիարժեք ու ամբողջական մի կյանք, համապատկեր կամ գոնե դրվագ, որն էլ հակադրում է ներկա «խանգարումներին, խախտումներին կամ վայրիվերումին»:
Այն չի փորձում հասկանալ ներկա պարզ գործընթացը: Չի փորձում հասկանալ, որ նրանք, ովքեր որոշումներ են կայացնում և քանդում են Հին Երևանը՝
ա. առաջնորդվում են անձնական-խմբակային շահերով,
բ. սահմանափակված չեն պետական-ազգային գաղափարաբանությամբ (որպիսին ուղղակի չկա մերօրյա Հայաստանոում),
գ. ի զորու են շրջանցել, խախտել ասպարեզի օրենսդրությունը, իսկ հարկ եղած դեպքում նաև համապատասխան որոշումներ կայացնել տալ,
դ.տարածքը փող արժե, ուրեմն ընտրվում են ավելի փողաբեր տեղերն ու օբյեկտները (և ոչ թե հատուկ նրանք, ուր պատմա-մշակութային ժառանգություն կա),
ե. ժամանակները կայուն չեն. ինչքան արագ և էժան իրացվեն տարածքները, այնքան արագ ետ կբերվեն ներդրումները, կապահավվեն եկամուտները և այլն:
Նման պայմաններում մտավորականությունն իր կոնցեպտուալ, բարոյական և ճաշակային քննարկումներով կարող է միայն և միայն փուչիկներ բաց թողնել, ինչով և զբաղված է՝ բացարձակապես ոչինչ չփոխելով, բայց անհուսորեն փորձելով պահպանել «արևելյան իմաստունի» իր ձանձրալի ու բացարձակ վնասակար կերպարը: Ներողամիտ եղեք, բայց սրանով դուք կեղծ այլընտրանք եք ստեղծում, շեղում ու վատնում առանց այն էլ աղքատիկ ռեսուրսները: Այսինքն՝ դուք, գուցե ինքներդ էլ չցանկանալով, օգնում եք նրանց, ովքեր քանդում են «Հին Երևանը»:
Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, միակ ռեալ ճանապարհը եղել և մնում են քաղաքացիական նախաձեռնությունները, ուր քաղաքական-իրավական գիտելիքն ու կամքը հնարավարություն ունեն համադրվելու քաղաքացիական ակտիվության, պատասխանատվության և բարձր կազմակերպվածության հետ: Այո, հնարավարություն ունեն, այլ ոչ թե բնականոն կերպով համադրվում են: Արդյո՞ք հայ մտավորկանը սա հասկանում է, ուզում է և ի վիճակի է դառնալ քաղաքացի և քաղաքացիական նախաձեռնության նախաձեռնող կամ գոնե շարքային՝ վստահ չեմ:
Ինքս ձեզնից մեկն եմ: Խորհուրդներ չեմ տալիս: Աստվածային աջն ինձ չի աջակցում: Դեռ միայն խորհում եմ: Ցավոք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել