Ճիշտն ասած, տատանվում էի, թե արդյո՞ք իմաստ ունի անդրադառնալ առանց այն էլ անլրջացած նախագահական ընտրությունների էլ ավելի անլուրջ թեկնածուացուների զավեշտի հասնող հայտարարություններին, բայց դե լռել էլ չի կարելի, որովհետև այն, ինչ կատարվում է, առնվազն ցինիզմ է։
Վերցնենք Պարույր Հայրիկյանի հայտարարությունն առ այն, որ իր առավելությունն այն է, որ իր թիմը ճանապարհ անցած մարդկանցից է բաղկացած, իր դեմ մրցելը շատ դժվար է լինելու, իսկ ընտրակաշառք բաժանողներն ու վերցնողները ոչխարներ են։ Քննարկենք այս երեք թեզը.
1. Անցած ճանապարհ
Պարույր Հայրիկյանը ցանկացած նորմալ քաղաքական համակարգում արդեն վաղուց պետք է լքած լիներ ասպարեզը, որովհետև նրա անցած ողջ ուղին բնութագրվում է երկու բառով՝ նիհիլիզմ ու պարտություն։ Իրոք, ի՞նչ է ակնկալում այս մարդը ուղիներից խոսելով, երբ իր ողջ քաղաքական կեսագրության ընթացքում մարդը զբաղված է եղել հակադրվելով համակարգին և միշտ պարտվել է։ Հետո էլ, էդ անցած ուղուց խոսելիս պետք է հիշեր, որ պակաս ուղի էլ Տեր-Պետրոսյանն ու իր թիմը չէին անցել, ոչ էլ անգամ Սերժ Սարգսյանը, ով նախարար էր դեռ էն ժամանակ, երբ Հայրիկյանը մեկին մեկ նույնատիպ հայտարարություններ էր անում 90-ականների սկզբին։
2. Հայրիկյանի դեմ մրցելը դժվար է
Էպոսագետի համար գուցեև դժվար լինի, ինչում կասկածում եմ, Բագրատյանը հաստատ ավելի շատ ձայն կհավաքի, դե իսկ Սերժ Սարգսյանի ու Հայրիկյանի մրցակցությունից խոսելը նույնն է, ինչ խոսես շնաձկան ու շպրոտի մրցակցությունից։
3. Ընտրակաշառք բաժանողներն ու ստացողները ոչխարներ են
Պարույր Հայրիկյանը չունի անգամ այն պարզ փաստի գիտակցությունը, որ նախագահը լինում է ոչ թե միայն ընտրյալ զանգված ղեկավարն ու պատասխանատուն, այլ ամբողջ ժողովրդի ու եթե այդ պաշտոնին հավակնողը անձնական վիրավորանք է հասցնում իր էլեկտորատի զգալի հատվածին, դա առնվազն չի նպաստում նրան, որ նույն այդ կաշառք վերցնողները քվե տան իր օգտին։
Հետո էլ, Հայրիկյանը միշտ պարծեում է, որ ինքն է կանգնած ՀՀ անկախության հիմքերի մոտ և այդ դեպքում, ինչպե՞ս նա չի ընդունում իր բաժին պատասխանատվությունը։ Չէ՞ որ ընտրակաշառքը համակարգային արատ է, իսկ եթե ասում ես, որ դու համակարգի ստեղծողներից մեկն ես, ուրեմն կրում ես նաև քո բաժին պատասխանատվությունը։
«Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»,-ասում էր Արիստոտելը։ Ցավոք, մեր քաղաքական դաշտի գործիչները կատեգորիկ համաձայն չեն այս մտքի հետ, և չեմ էլ ասում, որ լավ կանեին հեռանային ասպարեզից, գոնե էժանագին պոպուլիզմի մեջ չանցնեն այն սահմանը, որ պոպուլիզմը վեր է ածում, կներեք, բայց տխարության։
Կից նյութն`այստեղ