Սոցիալիստական ճամբարի երկրներում 1980-ականների վերջին բռնկված խաղաղ «թավշյա հեղափոխությունների» մեջ բացառություն էր ռումինական հեղափոխությունը: Այդտեղ 1989թ. դեկտեմբերին մի քանի օրվա ընթացքում վերացավ Արևելյան Եվրոպայի ամենադաժան կոմունիստական բռնապետերից մեկի` Չաուշեսկուի ռեժիմը: Հեղափոխության ժամանակ սպանվեցին հազարավոր մարդիկ, իսկ Չաուշեսկուն իր կնոջ հետ մահապատժի ենթարկվեց:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականին կոմունիստներն իշխանության եկան Ռումինիայում: Երկրում ստեղծվեց «Ռումինական աշխատավորական» կուսակցությունը: Իշխանության գալուց հետո կոմունիստները, իրենց սովորությանը հավատարիմ լինելով, սկսեցին երկրի հասարակական-քաղաքական էլիտայի ձերբակալությունները կամ ամբողջական աքսորը: 1948 թվականին երկրում ստեղծվեց ամբողջ սոցիալիստական ճամբարի մասշտաբով հատուկ ծառայությունների ամենասարսափելի կառույցը` «Սեկուրիտատեն»:
Տարբեր տվյալներով՝ հատկապես ստալինիզմի ժամանակաշրջանում այս կառույցի գործակալների զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ռումինիայում այդ ժամանակ գլխավոր քարտուղար Գիորգիու Դեժեյի գլխավորությամբ սկսվեց բռնի կոլեկտիվացման գործընթացը, որի ժամանակ ձերբակալվեց մոտ 80 հազար գյուղացի: Գեորգիու Դեժեն տիպիկ ստալինիստ էր և իր քաղաքական հակառակորդների հետ վարվում էր այնպես, ինչպես կվարվեր Ստալինը: Ռումինական ընդդիմությունը բանտերում էր: Երկրում մոլեգնում էր «Կարմիր տեռորը» և բնակչության շրջանում սովետական կարգերի հանդեպ համատարած դժգոհություն էր հասունանում: Այդ շրջանում զինված պարտիզանական պայքար սկսվեց, որի հիմնական գաղափարախոսությունը «հակասովետականությունն» էր: 1940-ականների վերջին առաջին զինված խմբերը սկսվեցին ձևավորվել: Ամենահայտնի և ուժեղ զինված խմբերը գլխավորում էին Գեորգե Արսենեսկուն, Թեոդոր Շուշմանը, Գոգու Պիուն, Նիկոլաե Դաբիջան և այլք: Պարտիզանական խմբերը Ռումինիայում պայքարել են մինչև 1960-ականների վերջ, սակայն վերոհիշյալ զորահրամանատարներից շատերը սպանվել են «Սեկուրիտատեի» զինվորների դեմ մարտերում: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ այդ ժամանակ երկրում գործում էր մի քանի հարյուր զինված խմբավորում, որոնց անդամները հասնում էին հազարների: Զինված խմբավորումները հիմնականում մղում էին պարտիզանական պայքար՝ հարձակվելով «Սեկուրիտատեի» խմբավորումների վրա կամ կուսակցական անդամների նկատմամբ մահափորձեր կատարելով: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին և, ինչպես հարևան Լեհաստանում, այստեղ ևս պարտիզանական պայքարը պարտություն կրեց: Զինված խմբերը հայտնաբերվում և ոչնչացվում էին «Սեկուրիտատեի» զինվորների կողմից: 1940-ականների վերջին ըմբոստություններ սկսվեցին գյուղական համայնքներում, որոնք ուղղված էին բռնի կոլեկտիվացման դեմ: Իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալեցին: Հակակառավարական հզոր ելույթներ եղան Բիխորեյում և Բոտոշանիում: Իշխանությունը ստիպված էր բռնի մեթոդներով ճզմել բնակչության շրջանում օր օրի աճող դժգոհությունը: 1956 թվականին Բուխարեստում և այլ խոշոր քաղաքներում ուսանողական լայնամասշտաբ ընդվզումներ սկսվեցին, որոնք հակասովետական բնույթ էին կրում, ինչպես նաև իրենց սոլիդարությունն էին հայտնում նույն թվականին Հունգարիայում սովետական տանկերի դեմ պայքարող հունգար ուսանողությանը: Ընդվզումները բնականաբար ճնշվեցին և հարյուրավոր ուսանողներ հայտնվեցին բանտերում:
1965 թվականին Դեժեյի մահից հետո գլխավոր քարտուղար է դառնում Նիկոլայե Չաուշեսկուն: Բռնապետ Չաուշեսկուն ծնվել է 1918 թ. հունվարի 26-ին գյուղացու ընտանիքում: Չաուշեսկուն երիտասարդ ժամանակներից կոմունիստական կուսակցության անդամ էր և ակտիվորեն մասնակցում էր երկրի սովետականացմանը:
Նա այդ տարիքից կապ էր հաստատել քարտուղար Գեորգիու Դեժայի և այլ առաջնորդների հետ: Իշխանության գալով` 1965 թվականին Չաուշեսկուն սկզբնական շրջանում բավականին ազատական և Կրեմլից որոշակիորեն անկախ քաղաքականություն էր փորձում վարել: Այդ շրջանում Ռումինիայում դիվերսիկացվել էին տնտեսական կապերը, ինչպես նաև երկրում որոշակի աստիճանի խոսքի ազատություն կար: Ռումինացի երիտասարդները կոկա-կոլա էին խմում և քենթ ապրանքանիշի ծխախոտ ծխում:
Ռումինիան նույնիսկ որպես Վարշավյան պայմանագրի երկիր-անդամ չմասնակցեց «Պրահյան գարնան» ճնշմանը, ինչպես նաև կարողացավ մասնակցել Լոս Անջելեսում տեղի ունեցած Օլիմպիական խաղերին: Այնուամենայնիվ, ժողովրդավարությունը երկար չտևեց: Արդեն 1970-ականներին այլախոհների նկատմամբ իրականացվող ճնշումները սաստկացվեցին, իսկ մամուլը կրկին անցավ խիստ վերահսկողության տակ: Պատմաբան Մ. Վոսլենցկու կարծիքով՝ Չաուշեսկուի վրա մեծ տպավորություն էր գործել կոմունիզմի չինական և հյուսիսկորեական փորձը, և զարմանալի չէ, որ նա Ռումինիայում իր անձի նկատմամբ ձևավորեց «անհատի պաշտամունք»: Նրա կինը՝ Ելենա Չաուշեսկուն, հսկայական ազդեցություն ուներ երկրում, իսկ տղան՝ Նիկուն, նահանգապետ էր: 1971 թ. հուլիսին նա հրատարակեց իր, այսպես կոչված, «Հուլիսյան թեզերը», որտեղ խոսվում էր կոմունիզմի և երկրում իշխող կուսակցության և գաղափարների դերի էլ ավելի ամրապնդման մասին: Կուսակցական քարոզչական ապարատը լիովին լծվել էր Չաուշեսկուի «անձի պաշտամունքը» քարոզելու գործին: Նրան անվանում էին «Կարպատների հերոս», «հերոսների հերոս» և նմանատիպ այլ անուններով: Չաուշեսկուն համատարած տնտեսական ճգնաժամի ֆոնին մայրաքաղաք Բուխարեստում բավականին մեծ և շքեղ պալատ էր կառուցել:
Այդ շրջանում Չաուշեսկուի որոշակիորեն ինքնուրույն քաղաքականությունը բավականին ձեռնտու էր արևմուտքին այն աստիճան, որ Ռումինիա այցելեց ԱՄՆ նախագահ Նիքսոնը: Արևմուտքը Ռումինիային հատկացրեց 22 մլրդ դոլար վարկ, որոնց մարումը նախատեսված էր մինչև 1990-ականներ: Այնուամենայնիվ, Չաուշեսկուն որոշեց նույնիսկ մախատեսված ժամկետից շուտ մարել պարտքերը: Այդ իսկ պատճառով երկիրն անցավ «գոտիները ձգելու» կոշտ տնտեսական քաղաքականությանը, որը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ հետագա իրադարձությունների վրա: 1977 թվականին տեղի ունեցավ առաջին ընդվզումը: Երկրում օրենք ընդունվեց, ըստ որի բարձրացվում էր թոշակային տարիքը: Դա հուզումներ առաջացրեց բնակչության շրջանում: Մասնավորապես, շուրջ 35000 հանքափոր գործադուլի անցավ: Իշխանությունը կոմունիստական բռնապետությանը հատուկ մեթոդներով ճնշեց այդ ընդվզումը: Հազարավոր մարդիկ ձերբակալվեցին: Ընդհանրապես, այդ տարիներին բնակչության վիճակը շեշտակիորեն վատացավ: Փողոցներում լուսավորությունն անջատվում էր սովորականից 2-3 ժամ շուտ, ինչպես նաև բնակչությունը զրկված էր տաք ջրից: Արդեն 1987-88 թթ. երկիրը կանգնած էր համընդհանուր ընդզվման շեմին: 1987 թվականին հզոր ընդզվումներ տեղի ունեցան Բրաշով քաղաքում: Այդտեղ աշխատավորները նույնիսկ քաղաքապետարանը և կուսակցության շրջանային կառույցի շենքը գրավեցին:
Այնուամենայնիվ, այդ ընդզվումը դաժանորեն ճնշվեց: Հատուկ ծառայությունների կողմից սպանվել էր 7 և ձերբակալվել շուրջ 200 մարդ: Բրաշովյան արյունահեղություինից հետո արևմտյան մամուլը Չաուշեսկուին անվանում էր «բռնապետ», իսկ արևմտյան երկրների ղեկավարները դադարել էին նրան պաշտոնապես հրավիրել իրենց երկրներ: Հարաբերությունները հարթ չէին նաև ԽՍՀՄ ղեկավարության հետ: Չաուշեսկուն գտնում էր, որ Գորբաչովյան «վերակառուցումը» տանում է սոցիալիզմի կրախի և իր երկրում չէր փորձում կիրառել այդ քաղաքականությունը: Ընդհակառակը, նա այդ շրջանում ավելի բիրտ դարձրեց իր իշխանությունը` այլախոհների նկատմամբ ճնշումները սաստկացնելով: Չնայած երկրում առկա ծայրահեղ ծանր իրավիճակին՝ կուսակցական ապարատն ավելի էր ուժեղացրել իր քարոզչությունը՝ հասարակության շրջանում լուրեր տարածելով, թե ամեն ինչ կարգավորվում է և երկիրը վերադառնալու է իր բնականոն կյանքին: Այնուամենայնիվ, քարոզչական այդ միջոցառումների շղարշի տակ քողարկված էր իրական ճշմարտությունը. պարենամթերքի պակաս երկրում և խոշոր քաղաքների խանութներում ամեն օր գոյացող մարդկային հերթեր: Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ, ինչպես նշեցինք, Չաուշեսկուն ավելի էր ամրացնում իր բռնապետական իշխանությունը: Երկրում ճգնաժամ էր խորանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում, ինչպես նաև արդեն սաստկացել էր արտագաղթը: Իրավիճակը ոչ միանշանակ էր նաև իշխող էլիտայի շրջանակներում: 1989 թ. ապրիլին արևմտյան մամուլում տպագրվեց նախկին վեց կուսակցական գործիչների միասնական նամակը, որում նրանք Չաուշեսկուին մեղադրում էին «Ռումինիան աղետի հասնցելու մեջ»: Նրանք բոլորը միանգամից ձերբակալվեցին «Սեկուրիտատեի» աշխատակիցների կողմից և արտաքսվեցին մայրաքաղաքից: Արդեն հոկտեմբեր ամսին հասարակական ակտիվ խմբերը մարդկանց շրջանում տարածում էին թռուցիկներ, որոնցում կոչ էր արվում «ընդվզել այդ աննորմալի և նրա խելապակաս կնոջ դեմ»:
1989 թ. նոյեմբերին կայացավ ռումինական կոմկուսի 14-րդ համագումարը, որի ժամանակ խստորեն քննադատվեց Գորբաչովյան «Վերակառուցման» քաղաքականությունը: Մասնավորապես, Չաուշեսկուն իր ելույթում նշեց, որ դա ոչ այլ ինչ է, քան «վնասարարություն սոցիալիզմի նկատմամբ և աջակցություն արևմտյան իմպերիալիզմին»: Արդեն այդ ժամանակաշրջանում արևմտյան մամուլում նշվում էր, որ Չաուշեսկուն «խնդիր» է դարձել իրենց և արևմուտքի սանկցիաների տակ տառապող և բարեփոխումների ճանապարհ բռնած ԽՍՀՄ ղեկավարության համար: Ռումինացիներին փողոց դուրս գալու համար առիթ էր պետք: Այդ առիթը ստեղծվեց 1989 թ. դեկտեմբեր ամսին, երբ Տիմոշուարայի տեղական իշխանությունները փորձեցին արտաքսել քահանա Լասլո Տեկեշին: Լասլո Տեկաշը կոմունիստական ռեժիմի ամենախիստ քննադատներից մեկն էր և բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում:
Դեկտեմբերի 15-ին ընդամենը 20-30 հոգանոց մարդկանց խումբը փորձեց խոչընդտել տեղական իշխանությունների սկսած գործընթացը: Տեղական իշխանությունները փորձեցին ճնշել նրանց, սակայն ապարդյուն: Ցուցարարներն անցան շարունակական բողոքի ակցիաների: Մարդկանց քանակն օրեց օր ավելանում էր: Ցուցարարների շրջանում հնչում էին կոչեր «Կորչի Չաուշեսկուի ռեժիմը», «Արեք այնպես, ինչպես անում են ԽՍՀՄ-ում»: Իրավիճակը գնալով ավելի էր լարվում: Քաղաքում հայտվում էին մահակներով զինված ոստիկանական զորքեր և սկսվում բախումներ էին հրահրվում: Մարդիկ պաշտպանվում էին բարիկադներ սարքելով, ինչպես նաև օգտագործելով «Մոլոտավյան կոկտեյլներ»: Արդեն գիշերը ցուցարարները փորձում են գրոհով վերցնել կուսակցության շրջանային կենտրոնի շենքը, սակայն գործի են դրվում ջրցան մեքենաները և մարդիկ նահանջում են: Հատուկ ծառայությունները ձերբակալում են Տեշեկին և այլ քաղաք տանում: Չաուշեսկուն հրամայում է զորքին դեկտեմբերի 17-ին քայլերթով անցնել Տիմոշուարայի փողոցներով: Այդ քայլն էլ ավելի բորբոքեց ռումինացիների զայրույթը, որոնք գտնում էին, որ ոչ թե ռումինական, այլ օտար զորքն էր իրենց դեմ դուրս եկել: Այս անգամ արդեն փողոց են դուրս գալիս հազարավոր մարդիկ, որոնց վրա արդեն չէին ազդում ջրցան մեքենաները, ինչպես նաև այդ քաղաք ուղարկված այլ օգնական ուժեր: Մարդիկ շրջում էին ավտոբուսները՝ բարիկադներ ստեղծելով, որպեսզի կարողանան պաշտպանվել հատուկ զրահատեխնիկայից: Երեկոյան արդեն դեպի քաղաք են շարժվում տանկեր, սակայն բնակիչները քաղաքի ծայրամասերում դիմավորում են նրանց: Մարդիկ կենդանի շղթա են կազմում՝ տանկերի դիմաց կանգնելով: Հատկանշական է, որ շղթայի առաջին շարքերում երեխաներ էին: Խաղաղ քաղաքացիական անհնազանդության այս ֆենոմենալ ակցիան տալիս է իր արդյունքը, և տանկերը չեն գրոհում ցուցարարներին: Այնուամենայնիվ, հետագայում վերսկսվում են բախումները, որոնց ժամանակ 10 մարդ է սպանվում: Չաուշեսկուն խորհրդակցություն է անցկացնում Տիմոշուարայում կատարվող դեպքերի վերաբերյալ և հրամայում է այնտեղ կարգուկանոն հաստատել:
Խորհրդակցությունից հետո քաղաքում գտնվող զորամասերի զինծառայողները սկսում են ուղիղ նշանառությամբ կրակ բացել փողոցում դեռևս մնացած ցուցարարների վրա: Զինվորականների կողմից շուրջ 59 ցուցարար է սպանվում: Պաշտոնական քարոզչությունը, ինչպես և սպասվում էր, Տիմոշուարայի դեպքերը ներկայացնում էր որպես արևմտյան հատուկ ծառայությունների սադրանք, որը նպատակ ունի երկրում անկայունություն սերմանել: Իր ժողովրդականությունն ապացուցելու համար Չաուշեսկուն դեկտեմբերի 21-ին Բուխարեստում «Իր կողմնակիցների» հանհրահավաք է հրավիրում, որի ժամանակ, սակայն, հավաքված ժողովուրդը սկսում է բղավել «Կորչի Կոմունիզմը», «Կորչի բռնապետը»: Մայրաքաղաքում բախումներ են սկսվում ցուցարարների և զորքերի միջև: Առաջին օրը 100-ից ավել ցուցարար է սպանվում: Նույն օրը Տիմոշուարայում ցուցարարները կրկին դուրս են գալիս փողոց և գրավում մի քանի կարևոր պետական շենք: Դեկտեմբերի 22-ին Բուխարեստում 100 հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ: Ռադիոյով հաղորդվում է այն մասին, որ Բուխարեստում ինքնասպանություն է գործել գեներալ Վասիլե Միլյան:
Իրականում, շրջանառվող տեղեկությունների համաձայն, նրան սպանել էին, քանի որ հրաժարվել էր զորքերին ցուցարարների վրա կրակելու հրաման տալ: Գեներալի մահվան լուրը լսելով՝ բանակն անցնում է ցուցարարների կողմը և սկսում կռվել «Սեկուրիտատեի» աշխատակիցների դեմ: Դեկտեմբերի 22-ին ընդդիմադիրների կողմից ստեղծվել էր «Ազգային փրկության կոմիտե», որի ղեկավարը դարձավ Իոն Իլյեսկուն: «Սեկուրիտատեն» հզոր դիմադրություն է ցույց տալիս ցուցարարներին և բանակին: Ընդհանուր առմամբ, այս հեղափոխության ժամանակ մինչև դեկտեմբերի 28-ը տևած մարտերի ժամանակ 1000-ից ավել մարդ սպանվեց: Արևմտյան երկրները և նույնիսկ ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ կերպ չարդարացրեցին այն արյունահեղությունը, որը սեփական երկրում կատարում էր Չաուշեսկուն: Տեղեկություններ կան այն մասին, որ ըմբոստության սկզբնական օրերին Բուխարեստում գործում էին հատուկ ծառայությունների դիպուկահարներ, որոնք ուղիղ նշանառությամբ գնդակահարում էին ցուցարարներին: Այդ ընթացքում դեկտեմբերի 22-ին ցուցարարները գրավում են հեռուստաաշտարակը: Նույն օրը բռնապետը և իր տիկինը փախչում են Տիրգովիշտե, սակայն ձերբակալվում են զինվորականների կողմից: Հեռուստատեսությամբ հեռարձակվում է «Ազգային փրկության կոմիտեի» ուղերձը, որում ասվում էր, որ «Աստված շրջվեց դեպի մեզ, և բռնապետությունը ոչնչացված է»:
Դեկտեմբերի 25-ին սեփական ժողովրդի դեմ գործած հանցանքների համար Չաուշեսկուն և իր կինը մահապատժի դատապարտվեցին: Մահապատիժն իրականացվեց հենց նույն օրը: Նոր իշխանությունը հայտարարեց, որ երկրում վերանում է միակուսակցական ապարատը, ինչպես նաև այն, որ Ռումինիայում պետք է լինի ազատ խոսք և ազատ ընտրություններ: Երկիրը Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության փոխարեն վերանվանվում է Ռումինիա: Երկրում ընդունվում է նոր սահմանադրություն, ինչպես նաև նախագահական ընտրություններ անցկացվում: Ռումինիայի նախագահ է դառնում «Ազգային փրկության կոմիտեի» նախկին կուսակցական Իոն Իլյեսկուն:
Այսպիսով, ընդամենը մի քանի օրվա ընթացքում կործանվեց Արևելյան Եվրոպայի ամենադաժան կոմունիստական բռնապետություններից ևս մեկը:
Դավիթ Ֆիդանյան