Ընդհանրապես, Հայաստանում նախագահի լավն ու վատը չի լինում։ Լինում է այն, ինչ լինում է և կարելի է քննարկել երկու հարց․ որքանով է հնարավոր հարմարվել ներքաղաքական մթնոլորտին ու ի՞նչ այլընտրանք կա տվյալ նախագահին։
Եկեք հենց դա էլ քննարկենք։ Սարգսյանի իշխանական բուրգը՝ իր ողջ տձևությունով ու բացասական կողմերով հանդերձ, ավելի փափուկ է ու ավելի կենսունակ, քան իր նախորդողներինը։ Այն շա՜տ հեռու է բաղձալի լինելուց, այն պահպանում է վերջին 25 տարիների արդյունքում գոյացած բոլոր արատները, բայց այն գոնե կոսմետիկ շտկումներով է անցնում ու բոլոր դժվարություններով հանդերձ, դրա պայմաններում ադապտացվելը հնարավոր է։
Սակայն առավել կարևոր է այն, որ Սարգսյանի բուրգը ունի մի շատ կարևոր տարբերություն․ դրանում չկան այլընտրանքներ։ Տեր-Պետրոսյանի ժամանակ, այլընտրանքներն այնքան շատ էին ու այնքան ազդեցիկ, որ ի վերջո հասան շատ փափուկ պալատական հեղաշրջման և ստիպեցին Լևոնին հեռանալ։ Քոչարյանին ոչ ոք չէր կարող ստիպել հեռանալ, բայց Քոչարյանի ժամանակ էլ կար այլընտրանք՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ով էլ հաջողությամբ ընդունեց նախագահական էստաֆետը ու ընդունելով, մի քանի տարում արեց այնպես, որ արդեն իր համակարգում չլինի 2-րդ Սերժ Սարգսյան։
Եվ այդ իրավիճակն այսօր ոչ թե հեռանկար է, այլ կայացած իրողություն և ցանկացած սցենար քննարկելիս, պետք է հիմնվել հենց այդ օբյեկտիվ իրողության վրա, այլ ոչ թե իրավիճակի այն տեսլականի, որը մենք կցանկանայինք տեսնել։ Այսօրվա իրողությունն այն է, որ առանց Սերժ Սարգսյանի, քաղաքական դաշտում կգոյանա վտանգավոր վակուում, որը հայտնի չէ, թե ով ու ինչով կլցնի, դրա համար էլ պետք չէ միանշանակորեն վատ տրամադրվել Սարգսյանի «մնալու» փաստի հանդեպ։ Պետք չէ, որովհետև նրա «գնալու» հեռանկարը բնավել է ավելի լուսավոր ու անամպ չէ։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/02/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել