Lragir.am-ը գրում է․
Մեզ համար հանգիստ նստած էինք, մեկ էլ Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ ունեցավ։ «Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ»։

Մեծ հաշվով վատ չի, երբ ոչ մեկը չի սպասում, ու պետության ղեկավարը, ինքնակամ, խոսում է ինչ-որ «փոփոխությունների կենսագործման» մասին։

Բայց ինչի՞ համար, ուղերձը ո՞րն է։

Զարմանալի է, բայց գլխավոր ուղերձը կարծես թե թաքնված էր դեռ ներածական մասում. «Գաղտնիք չէ, որ այսօր ունենք մի միջավայր, երբ համայնքի ղեկավարից սկսած մինչև բարձրաստիճան պաշտոնյա չկատարած աշխատանքի համար մեղքը բարդում են վերադասի վրա:

Ի վերջո, ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց»։

Հասկացա՞ք։ Պաշտոնյան չպետք է «ցանկացած միջոց» կիրառի, սպառնա կամ կաշառի մեդիան, իրեն ապահովագրելով։ Կապ չունի՝ մենք քեզ ոնց ու ինչի համար ենք նշանակել. էնպես արա, որ քննադատությունը հավասար բաշխվի, կամ էլ առհասարակ վերադասին բաժին չհասնի։

Այսինքն, լավագույն պաշտոնյան նա է, ով բանի տեղ չի դնում քննադատությունը։

Եթե հավաքենք մեդիայի հրապարակումները պաշտոնյաների աշխատավարձի և (նույնիսկ) հայտարարագրված հարստության մասին, մի պատկառելի հատոր կկազմվի «Պաշտոնը սեփական շահին ծառայեցնելու փայլուն նմուշ», «Ինչպե՞ս մարսել պաշտոնի ու սեփական բիզնեսի շահերի բախումը։ Առաջին 20-ամյակ» խոսուն վերնագրերով։

Նման խոսուն վերնագրեր կունենան բարձրաստիճան պաշտոնյաների հավաքածուները, Գալուստ Սահակյանի պրակը մի քիչ բարակ կստացվի՝ նրա մտքի գոհարները սովորաբար շեղում են մեդիան «վարպետի» կապիտալի կուտակման նվաճումներից ։

Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ կադրային քաղաքականությունը տապալվել է՝ կա´մ մատով վերև են ցույց տալիս, կա´մ կաշառում են կայքերին ու թերթերին։

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի ելույթի հիմնական մասին, էստեղ կարելի է հանդիպել իսկապես դրական մտադրությունների. «Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին»։

Անցյալ տարի երկիրը 47 հազար մարդ է լքել, ու ծնելիության ցածր ցուցանիշի պատճառով «լքողների» տեղը չի լրացվում (չհաշված նախընտրական շրջանը)։ Գուցե հիշեցնեի՞ն իշխանության առաջին դեմքին, որ մարդկանց հավատ ներշնչելու լավագույն ձևը պատասխանատվություն ստանձնե՞լն է։ Որ արտագաղթը դադարեցնելու համար պետք է հետազոտել մեկնողների սոցիալական կազմը, նրանց երկրում պահելու ռազմավարություն մշակել ու ամեն տարի հաշիվ տալ, թե անվերադարձ մեկնողների թիվը ինչքան է պակասել, ոչ թե Հրանուշ Հակոբյանին դես ու դեն ուղարկել մուննաթ գալու, թե՝ «Տուն արի, շուտ արա տուն արի»։

Շատ հուսադրող կարող էր լինել նաև քաղաքական մրցակցության մասին խոստումը. «Ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ»։

Բա ՀՀԿ-ն իզուր ապականե՞ց սահմանադրական հանրաքվեն։ Բա Դաշնակցությունը, որի,- քաղաքական խելքը չքննարկենք,- խիզախությունն ու հայրենասիրությունը անցյալներում կասկածից դուրս է եղել, իզու՞ր ժամանակից շուտ շահեց «Լավագույն քաղաքական ԱԽՔ» անվանակարգի էս տարվա մրցանակը։ Բա էլ ինչի՞ ՀՅԴ-ի առաջ դրված մի պայմանի մասին իմացանք՝ մատներդ վերև, վերադասի, ՀՀԿ-ի կողմը չտնկեք։ Թե չէ, մրցակցության չափանիշներից ելնելով, պետք էր հարցնել. նախորդ կոալիցիայում մարզպետներ ու նախարարներ ունեիք՝ էդ ո՞ր մարզերն ու ոլորտները դարձրիք «առանձին վերցրած» դրախտ, որ հիմա նորից եք ուզում։

«Մեր պատմական փորձից լավ գիտենք, որ ցանկացած մարտահրավեր նաև հնարավորություն է»՝ սա էլ վերջին մեջբերումս խնդրո առարկա ելույթից:

Ճիշտ է, իհարկե, բայց, ցավոք, պատմական փորձից լավ գիտենք, որ շատ մարտահրավերներ բաց թողնված հնարավորություններ են մեզ համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել