Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում լիովին հակառակ պատկերն է: Ընդ որում, իրավիճակը հասցված է «կատարելության», նկատի առնելով այն, որ իշխող տնտեսա-քաղաքական համակարգը զգացել է օրենքի ու Սահմանադրության ուժը եւ այդ իրավիճակն ամրագրել է նաեւ օրենսդրորեն: Այս պայմաններում, ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պատկերացնում իրավիճակի փոփոխությունը:
«Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն և հետևողականորեն իրականացված», ասում է նա:
Փաստացի, Սերժ Սարգսյանը հայտարարում է «էվոլյուցիայի» ճանապարհի մասին: Բայց որքանո՞վ է դա արդյունավետ Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու տեսակետից՝ թե ժամանակի, թե հանրային մասնակցության առումով: Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսում է հանրային անտարբերության, իր խնդիրների լուծմանը չմասնակցելու մասին: Նա արդարացի է, երբ ասում է, որ առանց դրա հնարավոր չէ հասնել արդյունքների: Բայց, արդյոք էվոլյուցիայի ճանապարհն այս դեպքում ենթադրում է հանրային անտարբերության հաղթահարումը: Արդյոք էվոլյուցիայի ճանապարհը «էլիտար» գործընթաց չէ եւ չի մնում իշխող վերնախավի շրջանակներում:
Հայաստանում իրականում այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած քայլ, որը միտված է իրավիճակը փոխելուն, կդառնա իսկական հեղափոխություն: Օրինակ, եթե կոռուպցիայի դեմ իրական պայքար լինի, հաստատվեն ազատ բիզնեսի հավասար մեկնարկային հնարավորություններ, դա իսկական հեղափոխություն կդառնա, քանի որ արմատապես կփոխվեն տնտեսական կառուցվածքն ու հարաբերությունները:
Եթե Հայաստանում հաստատվի արդարադատություն, եւ վերացվի արտոնյալների ինստիտուտը, դա իսկական հեղափոխություն կլինի, քանի որ այդ պարագայում արդեն տաղանդավոր, զարգացում ապահովելու ունակ մարդիկ աշխատանքի կանցնեն իշխանության բոլոր մարմիններում:
Այդպես է բոլոր այն դեպքերում, որոնք իր ելույթում նշում է Սերժ Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի ապագայի տեսլականը:
Իսկ ի՞նչ է էվոլյուցիան Հայաստանի պարագայում: Դա խոշոր հաշվով համակարգի մուտացիան է՝ վերարտադրությունը ոչ քաղաքական ու գաղափարական հիմքի վրա: Դա պետական իշխանության մարմիններում «սերնդափոխությունն» է՝ ժառանգականության հիման վրա: Ընդ որում, «հայրերի ու որդիների» բնական հակադրության բացակայության պայմաններում այդ էվոլյուցիան վեր է ածվել դեգրադացիայի, երբ որդիներն ավելի հետադեմ են, քան հայրերը:
Արդեն երկու տասնամյակ Հայաստանում տեղի է ունենում այդ էվոլյուցիան, որի արդյունքում համակարգը հասել է «բյուրեղացման» եւ իր դիրքերը ներկայում ամրագրում է օրենսդրորեն, իսկ երկիրը պարզապես նեխում է բոլոր ոլորտներում: Հասարակությունը գնտվում է սոցիալական, հոգեբանական ու արժեքային խոր ճգնաժամի մեջ, անտարբեր է դարձել սեփական երկրի ճակատագրին, «էլիտաները» լուծում են իրենց նեղ խնդիրները, հույս ունենալով «անհատական» փրկության, երկրում չի ստեղծվում որեւէ արժեք՝ մշակութային, քաղաքական, տնտեսական: Կարող, կրեատիվ մարդիկ կամ հեռանում են, կամ փակվում իրենց նեղ շրջանակներում, այդպիսով փորձելով պաշտպանվել համատարած անգրագիտությունից, գռեհկությունից, ցածր մոտիվացիաներից: «Արժեքներ», որոնք դարձել են գերիշխող եւ խրախուսվում են «էլիտաների» վարքով ու քարոզչությամբ:
Նման իրավիճակում էվոլյուցիոն ճանապարհը նշանակում է ընդամենն այս երեւույթների, հանրային-պետական ինստիտուտների դեգրադացիայի խորացում:
Աշխարհի առաջատար ազգերը, զարգացման ճանապարհն ընտրած ժողովուրդներն ամեն օր հեղափոխություն են իրականացնում՝ տնտեսության, հոգեբանության, արժեքների, տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում: Դա նրանց էվոլյուցիայի ճանապարհն է՝ երբ դեն է նետվում այն ամենն, ինչն անպետք է ու խանգարում է հանրային-պետական զարգացմանն ու բարեկեցությանը: Այդպիսով ստեղծվում է նաեւ հանրային լայն մոտիվացիա ու առողջ մրցակցություն, ինչը զարգացման գլխավոր պայմանն է:
Սերժ Սարգսյանն իրավացի է, երբ ասում է, որ պետք է լինի ներքուստ բարդ ու բազմազան հանրություն: Պրիմիտիվ ու ցածր արժեքների վրա հենված հանրություններն ընդունակ չեն արձագանքել որեւէ մարտահրավերի: Իսկ նման հանրություն ունենալու համար անհրաժեշտ են կտրուկ ու արագ փոփոխություններ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանն արդեն այն սահմանագծին է, երբ «փուլ առ փուլ էվոլյուցիայի» ժամանակը կարող է պարզապես չբավականացնել: