Դժվար է, շատ դժվար է քեզ մոռանալ։ Ես արդեն մտածում եմ, որ սիրտս ձուլվել է սրտիդ և բաժանել նրանց անկարող եմ։ Այսպես ապրելն անհնար է, այլևս չեմ կարողանում զսպել կարոտս, ուզում եմ նորից զգալ քո սերը, թեկուզ կոպիտ, բայց հարազատ դարձած քո էությունը։ Հոգնել եմ երազելուց ու ապրելուց երազով։ Կորցրել եմ ինքս ինձ՝ ուրիշների մեջ քեզ որոնելով։ Հասկացել եմ, որ սիրտս քեզ է միայն ցանկանում, իսկ ուրիշի մեջ միայն սփոփանք է գտնում։ Երանի դու էլ սիրեիր ինձ այնպես, ինչպես սիրտս է սիրել ու սիրում քեզ։ Չեմ հասկանում՝ որն է քո առավելությունը, որ ստիպում է ինձ այսպես սիրել քեզ… Սխալ եմ եղել, որ այսպես անմնացորդ նվիրվել եմ քեզ, աշուններիս մեջ քեզ դարձրել գարուն և ձմեռներումս՝ արևոտ ամառ։ Դու այն չես եղել, ինչ կաս հիմա, կամ գուցե ես չեմ ցանկացել քեզ տեսնել այնպես, ինչպիսին դու էիր։ Սիրել եմ ու սիրում եմ մեկին, ով չկա իրականում, սակայն մարմնավորել էի քո կերպարում։ Այժմ տանջվում եմ, տանջվում եմ ցավից, բայց դե ինչ արած, այս էր բաժին ինձ անմնացորդ նվիրվելուս արդյունքում, հիմա պատժվում եմ ըստ արժանվույն։ Կյանքն ապացույցն է տալիս այն բանի, թե քո անձից ավելի ուրիշին սիրել չի կարելի։ Միշտ կարծել եմ, որ պետք է սիրել ու նվիրվել ամբողջ հոգով ու սրտով, ամբողջ էությամբ և արդյունքում արժանացա ոչնչի։ Քեզնից ինձ միայն մնացին հուշեր, որոնք ցավոտ են ու անտանելի։ Թե պիտի հեռանայիր, հեռանայիր այնպես, որ սիրտս նորից չփնտրեր քեզ, հեռանայիր այնպես, որ մտքերիցս ջնջվեր պատկերդ, որ շուրթերս մոռանային, թե ինչպես արտաբերեն անունդ։ Գիտե՞ս, ես վախենում եմ մենակ մնալուց, վախենում եմ, որովհետև մենակ մնալուց ավելի ուժգին եմ հիշում խոսքերդ, թե երբեք չես թողնի ինձ մենակ և միշտ կսիրես ինձ… Մենակության մեջ կորցնում եմ ես ինձ և սկսում ապրել մենակ քեզանով, քո մասին հուշերով ինձ համոզելով, որ էլ չես գալու, որ գնացել ես ու որ միգուցե սիրտդ ուրիշին ես նվիրել։ Չգիտեի, որ այսպես սիրում եմ քեզ, չէի պատկերացնում, որ այսքան դժվար կլինի առանց քեզ․․․ Կարոտում եմ քեզ, բայց չեմ ուզում՝ գաս, որովհետև գիտեմ՝ նորից կգնաս։ Չեմ ուզում նորից խաբվել հմայքիդ, անկեղծ թվացող սիրո խոսքերիդ։ Ինձ դժվար է խոստովանել, որ խաբվել եմ, որ չեմ սիրվել, բայց ստիպված եմ դա ընդունել, չէ՞ որ երբեք ինձ չես սիրել։
Արփի Ավետիսյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=480984321944897&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել