Առաջին ու վերջին կանգառ…Առաջին, որ դառնում է վերջին ու վերջին, որ դառնում է առաջին: Նորից ու նորից… Տրոլեյբուսն ամեն օր մի քանի ժամը մեկ անցնում է նույն ուղեծրով, նույն շենքերի, լուսաֆորների կողքով, հատում նույն փողոցները, միշտ ձգտում դեպի նույն հորիզոնը.. Անընդհատ կրկնվող մի պատմություն, որ ոչ մի օր չի կրկնվում. ամեն անգամ լուսաֆորները լուսավորում են նոր մարդկանց…նոր մարդիկ..նոր երազանքներ..նույն մարդիկ նոր երազանքներով: Դժվար է երազանքներ տանելը, պետք է զգույշ լինել. հանկարծ նրանք վայր չընկնեն, չկոտրվեն: Արդեն 30 տարի է Էմմա Մանյանը մարդկանց ու նրանց երազանքներն է տեղափոխում/ կան մարդիկ, ովքեր առանց երազանքների են տրոլեյբուս բարձրանում. այդժամ պետք է նրանց համար երազանքներ ստեղծել, ոմանք էլ իրենց երազանքները հանձնում են տիկին Էմմային, իսկ իրենք մնում կանգառում՝ հայացքով հետեւելով, թե ինչպես են երազանքները կամացուկ հեռանում տեսադաշտից/: Տարբեր են մարդկանց երազանքները՝ մանկան ժպտացող երազներ, մեծահասակների հոգսեր, որ թեթեւանալ են ուզում /դա էլ երազանք է/, մեծ ու փոքր նպատակներ, որ մարդկանց ուղեւոր են դարձնում, Էմմային էլ՝ վարորդ կամ վարպետ:
Էմման ծնվել է 1952թ-ին Ալավերդիում:.. Մանկուց սիրեց ղեկը /մայրը կռունկավար էր /,որը չէր վախենում պտտվելուց, «վիզ ծռելուց» եւ յուրաքանչյուրին իր հոգսերի անկյունից էր նայում.. «Կյանքս ղեկի մոտ սկսվել է, ղեկի մոտ էլ կվերջանա»,-ասում է Էմման: Մայրն էլ…չդիմացավ.. երբ թոշակի անցավ, կարոտից մեկ տարի անց մահացավ: Ասում է՝ իր սիրտն էլ չի դիմանա. կյանքից հեռու ապրելն դժվար է: Աշխարհն անընդհատ իր կողքով է անցնում, նրան տարբեր կողմերից է նայում՝ եւ դրսից, եւ ներսից, ու դա օգնում է ճանաչել մարդկանց՝ լավն էլ տեսնել, վատն էլ:
Ասում է՝ կնոջ համար հեշտ չէ տղամարդու աշխատանքով զբաղվելը: Կին վարորդին երբեք էլ չեն հարգել /երեւի այդ է պատճառը, որ կին-վարորդների թիվը գնալով նվազեց, եւ տիկին Էմման դարձավ միակ հայ կին մեքենավարը/: Հարգանքը ձեռք է բերվել տարիների աշխատանքի շնորհիվ. մայիսի 1-ին 30 տարի կլինի, ինչ Էմման ձեռքն է վերցրել ղեկը: Հեշտ չի եղել.. Վիրավորել են, անգամ կանայք: Հաճախ է գլուխը դրել «ամենահասկացող ղեկին» ու լաց եղել: Մարդիկ իրենց օրվա պրոբլեմները վարորդներից են լուծում, մունաթ գալիս, իսկ վարորդը զգում է ու փորձում մխիթարել, կյանք է: Բայց երբ մեկը հանկարծ ուզում է վիրավորել, մեկ ուրիշը անպայման կողքից ասում է. «Գիտե՞ս ինքն ով է, 30 տարի է ճանաչում եմ, նա քո իմացած ռուսներից չէ, ինքը մեր հայ աղջիկն ա».. Ու ժողովուրդը ընդունել է, որ այս աշխատանքը միայն տղամարդու համար չէ: Իսկ տիկին Էմման կարծում է, որ հենց կնոջ համար է. դժվար բան չկա, ավելի լավ է տղաները չծուլանան գնան տղամարդուն վայել աշխատանք անեն, թե չէ քշել ով ասես կարող է:
Քշիր վարպետ…
Բայց վարորդը միայն վարորդ չէ, նա նաեւ ուղեւոր է..Ասում է՝ մի անգամ դստեր հետ ավտոկայան էր գնում, ավտոբուսը հանկարծակի արգելակեց, աղջիկը բերանը հարվածեց, լնդից արյուն եկավ: Ժողովուրդը սկսեց գոռգոռալ ՝ ախպեր, հո կարտոշկա չես տանում: Բայց ես, մենակ մեծացրած լինելով իմ երեխաներին, ոչինչ չասացի, որովհետեւ ուղեւոր լինելով ես ինքս վարորդ էի: Լռությունս վարորդին ավելի շատ բան ասաց, քան կասեին խոսքերս: «Իրերին պետք է մի կողմից չպետք է նայել, որտեղ ներսն է, այնտեղ էլ դուրսը», ասում է տիկին Էմման:
Քշիր, վարպետ…
«Քիչ չեն մարդիկ, որ ինձ էլ են վարպետ ասում՝ վարպետ այստեղ կանգնիր, հետո տեսնում են, անակնկալի գալիս՝վայ,կներեք, ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ 30 տարին ինձ վարպետ չի դարձնում, ի՞նչ է ես դեռ վարպետ չեմ.. Կամ էլ թե՝ տղա ջան, էստեղ պահիր, ընկեր ջան..վայ, կներեք, քույրիկ ջան.. Ինչ ասեք, ճիշտ է, ոնց ասեք, ճիշտ է..ժողովուրդ ջան, Դու միշտ էլ ճիշտ ես»,-ասում է տիկին Էմման: Ուր էր, թե մնացածն էլ այդպես մտածեին…
Տիկին էմման սիրում է աշխարհն ու ընդհանրապես մարդկանց, բայց ասում է, որ հայ է ու առաջին հերթին իր Հայաստանն ու հայերին է սիրում: Ասում է՝ բազմիցս հնարավորություն է ունեցել թողնել երկիրը, բայց նույնիսկ ճանապարհին կարոտել է երկիրը: «Տրոլեյբուսում միշտ եռագույն պիտի ունենամ»,-ասում է Էմման:
Տրոլեյբուսը եղել է ու կլինի պապիկների ու թոռնիկների հավաքատեղի, երիտասարդներին եւ մեծահասակներին կապող օղակ, այնտեղ ապրում է դարի իմաստուությունը, կուտակվում, եւ երբ տիկին Էմման մենակ է մնում տրոլեյբուսում, նորեն հասկանում է, որ իր ժողովրդին շատ է սիրում ու որ ամեն ինչ կանի նրա ցավերը մեղմացնելու համար: «Ես էլ այդ ժողովրդի միջից եմ, ես էլ մեծ խնդիրներ ունեմ /բայց ոնց որ ասում են, չկա այն ուսուցիչը, ով խնդիրները լուծել էր առաջադրում, հետո էլ ստուգում, ճիշտ ենք լուծել, թե ոչ/… Արձակուրդից հետո վերջին 500 դրամով մտա աշխատանքի, ու ես դեռ ոչինչ, բա թոշակառու՞ն. չնչին թոշակով ապրող մեծահասակը մտնում է խանութ ու.. հացի խնդիր, ու էս խնդիրը չլուծած պետք է մտածի մնացած խնդիրների մասին: Իսկ խնդիրները շատ են..Հիշում եմ՝ մի օր օգնեցի զույգ ձեռնափայտերով մի պապիկի տրոլեյբուս բարձրանալ.. Պապիկնը ձեռքս համբուրեց ու նոր իջավ.. Ինչու՞ եմ ասում, ասում եմ, որովհետեւ հիմա երթուղայինները, հաճախ տեսնելով մեծահասակների, չեն կանգնում: Խնդիրներ.. Հիմա բոլորն են մտածում, այնքան են մտածում, որ էլ մտածելու ժամանակ էլ չի մնում: Մտածում են եւ նրանք, որ թոշակառու չեն, ու իրենց արդեն աշխատանքի չեն ընդունում, մտածում են ոնց անեն նոր օրենքիը չխախտեն. չէ՞ որ 30 տարեկաններին չգրված օրենքը արգելում է հաց ուտել: Միայն ես չեմ, միայն նրանք չեն.. Մեր ժողովուրդը մեղք է, եթե ժողովուրդը հացի խնդիր ունի, էլ ուրիշ բանի մասին խոսք լինել չի կարող: Մենք բոլորս էլ ցանկություններ ունենք, բայց արդյոք դրանցից ո՞րն է իրականանալի: Երեւի ոչ էս մեկը՝ սովորական չոր ցամաք հաց… Ուզում եմ՝ միջին խավ ունենանք.. մարդկանց դեմքերին ժպիտ եմ ուզում..»…
Ժպտացեք մարդիկ, թող մի երազանք էլ իրականանա…
Իսկ դու, վարպետ…քշիր դեպի բարեկեցություն, դեպի պայծառ ապագա /բոլորից լավ դու կիմանաս դրա տեղը/, իսկ Քեզ, Քեզ մաղթենք, որ տրոլեյբուսը, որ Քո Ժողովուրդն է, միշտ կողքիդ լինի, Դու էլ՝ Նրա..
Քշիր վարպետ…
Անահիտ Քեճեճյան