Գաղտնիք չէ, որ ՀՀ տնտեսության մեջ գյուղատնտեսությունը համարվում է գերակա ոլորտներից մեկը: Պետությունը ամեն տարի աջակցում է գյուղացիներին տարբեր հարցերում և բացի պետական ռեսուրսներից, փնտրվում են նոր համագործակցության ուղիներ նաև արտասահմանում:
Այս օրերին ՀՀ-ում է շվեդական հայտնի «ԴեԼավալ» ընկերության պատվիրակությունը: Ժամանման նպատակը՝ ՀՀ-ում կաթնատու
անասնապահության զարգացման հնգամյա ռազմավարության մշակման հարցի քննարկումն է:
Շվեդական ընկերությունը համաշխարհային շուկայում կաթի արտադրության տեխնոլոգիական լուծումներ առաջարկող առաջատար կազմակերպությունն է և ունի տարածաշրջանում նմանատիպ ռազմավարությունների մշակման հարուստ փորձ:
Այս համագործակցությունը շատ կարևոր է: Պետք է հաշվի առնել այն, որ անասնապահությունը գյուղատնտեսական ոլորտի կարևոր ուղղություններից է:
Մշակվելիք ծրագրի նպատակն է կրկնապատկել կովերի կաթնատվությունը և նպաստել կաթի որակական հատկանիշների բարելավմանը: Նախագիծն ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի ապրիլ-մայիս ամիսներին: