Դարերի ընթացքում տարբեր փիլիսոփաների կողմից փիլիսոփայության զանազան սահմանումներ են տրվել և որքան էլ որ զարմանալի է, բայց վերնագրում բերված տարօրինակ համակցությունը փիլիսոփայության սահմանումներից մեկն է, որ տրվել է Պլատոնի կողմից: Սահմանումն, ըստ իս, չափազանց տարողունակ է և խոր իմաստ է պարունակում: Մենք անհոգ և երջանիկ կյանք ենք համարում մահվան մտքից հեռու կեցությունը և միշտ հետաձգում ենք մահվան մասին խորհելու պահը, անգամ մեր շուրջը տեղի ունեցող մահերը չեն սթափեցնում մեզ և արդյունքում անպատրաստ ենք հայտնվում մահվան շեմին: Այս մոտեցմանը հակառակ Պլատոնը ցույց է տալիս, որ իմաստուն մարդը իր ողջ գիտակից կյանքում խոկում է մահվան մասին, և երբ հասնում է մահվան ժամը, ահից չի դողում և դիմավորում է այն ինչպես իր վաղեմի բարեկամին:
Պլատոնը իր նշանավոր «Ֆեդոն» տրամախոսության մեջ այն համոզումն է հայտնում, որ «Նրանք, ովքեր ճշմարտապես նվիրված են փիլիսոփայությանը, միայն մի բանով են տարված` մահվամբ եւ մահանալով», ինչին զրուցակիցները տարակուսանքով են արձագանքում, քանի որ այս գաղափարը կարող է սխալ ընկալման տեղիք տալ եւ փիլիսոփաներին կարելի կլիներ մեղադրել մահ ցանկանալու մեջ: Սակայն Պլատոնը շարունակության մեջ պարզաբանում է, որ ճշմարիտ փիլիսոփան ցանկանում է կրքերի մահացում, դրանով սրբելով իր հոգին` հեռավոր նպատակ ունենալով Աստծո մասին խորհելու համար պատրաստ գտնվելը, քանի որ «անմաքուրին թույլատրված չէ դիպչել մաքուրին» եւ «աստվածների կարգը թույլատրված չէ անցնել նրանց, ովքեր փիլիսոփա չեն եղել եւ իմացության ձգտելով վերջնականապես չեն մաքրվել»: Կարող ենք բերել Պլատոնի մահվան մասին գաղափարների թյուր ընկալման օրինակ. դասական հեղինակ Կալլիմաքոսի 24-րդ էպիգրամում երիտասարդ Կլեոմբռոտոսի մահվան պատասխանատվությունը բարդվում է Պլատոնի վրա.
Կլեոմբռոտոսն իրեն Էպիրոսի ափամերձ ժայռից ծովն է նետում, քանի որ Պլատոնի երկից եզրակացնում է, թե ապրելն անիմաստ է: Այս պատճառով Հերոնիմոսը նրան անվանել է «հիմարության փիլիսոփայության զոհ»: Հակառակ սրան, Պլատոնը խորհում է, որ «մարդիկս գտնվում ենք ասես արգելքի տակ եւ չպետք է փորձենք փախչել կյանքից կամ սեփական ուժերով վերջ տալ դրան»: Ավելին, Պլատոնն իր «Օրենքներում» քննադատում է նրանց, ովքեր «բռնանում են իրենց վրա` զրկելով իրենց ճակատագրի պարգեւած կյանքից», անվանելով նման վախճանն անփառունակ, եւ պատվիրում է թաղել առանց տապանաքարի ու հիշատակության: Պյութագորյանները, ովքեր հոգիների վերաբնակեցում էին քարոզում, նույնպես դեմ էին ինքնասպանությանը: Ուրեմն Պլատոնի այս մոտեցման հիմքում ամենևին էլ կյանքից հիասթափությունը կամ կյանքին վերջ տալու մղումը չեն, այլ «մտածողը համոզված է, որ. «Միայն այն հոգիները հանգստության եւ կատարելության կհասնեն, որոնք կյանքի ընթացքում նվիրել են իրենց ճշմարիտ փիլիսոփայությանը», այսինքն՝ ապրել են իրենց կյանքը մտածելով կեցության իմաստի և վախճանի մասին:
Գիտենք, որ Պլատոնի համար մարմինը բանտ է (Անհաղթի ներմուծած հայերեն տերմինը` «ընդարմ») եւ կյանքը` հոգու տանջանք, սակայն սրանք տրված են մեզ գործելու եւ ավելի կատարյալ դառնալու համար: Պլատոնը մահվան շուրջ խորհրդածելիս սահմանել է այն նաև իբրեւ «փախուստ չարից» եւ ձգտում նմանվել Աստծուն` լինելով բարեպաշտ եւ արդար. «Փախուստը [չարից] Աստծուն ըստ մեր կարողության նմանվելն է, իսկ նմանվել Աստծուն նշանակում է դառնալ խոհեմաբար բարեպաշտ եւ արդար» (Թեետետ, 176a,b): Այնպես որ, թող ունայն չթվան ձեզ փիլիսոփայի խոսքերը. լիաթոք ու անհոգ ապրելու հետ մեկտեղ մի՛ մոռացեք նաեւ մտածել մահվան մասին, սա մեծապես կշտկի ձեր աշխարհայացքը, կազնվացնի և կաստվածացնի ձեզ...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/01/blog-post_7.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել