The-Velvet-Revolution-00120-րդ դարի վերջին տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնք իրենց լրջագույն հետքը թողեցին համաշխարհային պատմության մեջ: Ընդհանրապես, այդ ժամանակաշրջանը նշանավորվեց Խորհրդային և սոցիալիստական ճամբարի երկրների քաղաքացիական զարթոնքով, որոնք վերջ դրեցին կոմունիստական բռնապետություններին:

Այս հոդվածաշարով կարող եք ծանոթանալ այդ պատմական իրադարձություններին: Այնուամենայնիվ, մինչ այդ երկրներում տեղի ունեցած բուն իրադարձություններին անցնելը, անհրաժեշտ է անդրադարձ կատարել այդ ժամանակաշրջանում աշխարհում տիրող իրավիճակին:

1980-ականներին աշխարհը դեռևս գտնվում էր սառը պատերազմի մեջ: Մի կողմում քաղաքակիրթ աշխարհն էր՝ ի դեմս արևմտյան զարգացող երկրների, մյուս կողմում՝ ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի կոմունիստական բռնապետությունները, որոնք որևէ աղերս չէին կարող ունենալ քաղաքակիրթ աշխարհի հետ: Ավելին, արևմուտքը այդ մրցավազքի ժամանակ բոլոր առումներով գերազանցում էր սոցիալիստական ճամբարի երկրներին: Պատահական չէ, հատկապես, ԽՍՀՄ-աֆղանական պատերազմի ժամանակ արևմուտքի կիրառած պատժամիջոցները, որոնք ուղղակի կրախի առջև էին կանգնեցրել ԽՍՀՄ տնտեսությունը: Իրավիճակն այն աստիճան էր վատացել, որ նույնիսկ ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարությունն էր հասկացել, որ գործող համակարգը պետք է գոնե որոշակի առումներով փոփոխվի կամ թարմացվի: Այնուամենայնիվ, նույնիսկ գորբաչովյան «Վերակառուցման» քաղաքականությունը չկարողացավ շտկել իրավիճակը: Արդեն 1980-ականների վերջին` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում և Կովկասում սկսվեցին իշխող կոմունիստական վարչակարգերի դեմ մասշտաբային ընդվզումները, որոնք հանգեցրին ԽՍՀՄ տապալմանը և սոցիալիստական ճամբարի վերացմանը:

Ընդհանրապես, Չեխիան (նախկինում՝ Չեխոսլովակիա), բավականին բարդ և դժվարին պատմություն է ունեցել 20-րդ դարի ընթացքում: 1939թ. երկիրն ընկավ նացիստական տիրապետության տակ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստներին փոխարինելու եկավ կարմիր տեռորը: Չեխ ժողովուրդը, հատկապես ուսանողությունը, երբևէ չի հաշտվել իրենց երկրի անկախության կորստի հետ: Այդ առումով հատկապես հիշատակման են արժանի 1939թ. նոյեմբերյան ընդվզումներն ընդդեմ նացիստական զավթիչների, և, դե իհարկե, 1968թ. «Պրահյան գարունը»: Երկու դեպքում էլ այդ ընդվզումների մեջ մեծ դեր ունեին տեղի ուսանողները, սակայն և՛ կոմունիստները, և՛ նացիստներն արյան մեջ խեղդեցին չեխ ժողովրդի ազատագրական նկրտումները: 1939թ. նոյեմբերի 16-ին չեխ ուսանողները դուրս եկան փողոց նշելու իրենց երկրի կազմավորման տարելիցը, սակայն նացիստական օկուպանտները դաժանորեն ցրեցին ցույցը: Ցույցը ցրելու ընթացքում սպանվել էր բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը: Հաջորդ օրը նացիստները շրջապատեցին ուսանողական հանրակացարանները, և մոտ 1200 ուսանող ուղարկվեց համակենտրոնացման ճամբար, իսկ 9 ուսանող, որոնք գործընթացի կազմակերպիչներն էին, ենթարկվեցին մահապատժի: 1942թ. Լոնդոնում կայացած ուսանողական միջազգային ժողովի ժամանակ որոշվեց ի հիշատակ չեխ ուսանողների, որոնք պայքարել են նացիստների դեմ, նոյեմբերի 17-ը հայտարարել ուսանողության միջազգային օր:

1968թ. «Պրահյան գարնան» ժամանակ ուսանողները նույնպես բավականին լուրջ դերակատարում ունեին: 1968թ. օգոստոսի վերջին ԽՍՀՄ և ՎՊԵ զորքը մտնում է Չեխոսլովակիա: Պատճառն այդ երկրի ղեկավար Ալեքսանդր Դուբչիկի վարած ազատական քաղաքականությունն էր, ով փորձում էր կառուցել «Սոցիալիզմ մարդկային դեմքով»: Երկրում տեղի էին ունենում փոփոխություններ, հանվել էր ցենզուրան, ստեղծվում էին անկախ քաղաքացիական միավորներ, որոնք ենթակա չէին կոմունիստական կուսակցությանը, և երկիրն ընթանում էր ազատականացման և բարեփոխումների ճանապարհով: Բնականաբար, Կրեմլը սա չէր կարող հանդուրժել: Օկուպացիոն տանկերի դեմ Պրահայում ուսանողությունը կռվում էր քարերով, «Մոլոտովյան կոկտեյլներով» կամ բարիկադներ սարքելով, որոնք լրջորեն խոչընդոտում էին զինտեխնիկայի շարժը: Այնուամենայնիվ, «Պրահյան Գարունը» խեղդվեց արյան մեջ: Եղան հարյուրավոր զոհեր բնակչության շրջանում: Ձերբակալվեց երկրի ղեկավար կազմը՝ Ալեքսանդր Դուբչիկի գլխավորությամբ: Ինչևիցե, նույնիսկ դրանից հետո չեխ ուսանողությունը չէր լռում և կազմակերպում էր տարբեր տեսակի ընդվզումներ:

1969թ. հունվարի 16-ին չեխ 20-ամյա ուսանող Յան Պալախը Պրահայի Վացլավյան հրապարակում ինքնահրկիզվում է՝ այդպիսով իր բողոքը արտահայտելով ընդդեմ սովետական զավթիչների: 

01

Յան Պալախի հուղարկավորությունը վերածվում է հարյուր հազարանոց ցույցի:

030115f

Երկիրն ընկղմվում է հալածանքների մի նոր փուլի մեջ, որի արդյունքում հազարավոր ձերբակալություններ են տեղի ունենում, ինչպես նաև սաստկանում է արտագաղթը: 1970-ականներին երկրում ակտիվանում են իրավապաշտպան նախաձեռնությունները, որոնք հիմնականում զբաղվում էին քաղաքական հալածանքների զոհ դարձածների պաշտպանությամբ: 1977թ. հունվարին Չեխոսլովակիայում ստեղծվում է «Խարտիա-77» քաղաքացիական նախաձեռնությունը, որը միավորում էր քաղաքական դիսիդենտներին և գործում էր ընդդեմ կոմունիստական ռեժիմի: Այս նախաձեռնությունը մեծ դեր խաղաց 1989թ. կոմունիստական վարչակարգի տապալման մեջ: Այդ խմբի կազմում էին քաղաքական դիսիդենտ, գրող Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելը, Չեխիայի առաջին արտաքին գործերի նախագահ Իրժի Դինստիբիրը, Լադիսլավ Հեյդանեկը, Վացլավ Բենդան, Իրժի Գայեկը, Զդենա Տոմինովան:

Վացլավ Հավելը համարվում էր արևելյան Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Նա ծնվել է 1936թ. հոկտեմբերի 5-ին: 1954թ. նա, ավարտելով համալսարանը, ստացավ միջնակարգ կրթություն: 1950-ականներին նա հանդես եկավ որպես գրաքննադատ և շուտով մեծ համբավ ձեռք բերեց գրականագետների և մտավորականության շրջանում: 1968թ. սովետական զորքերի ներխուժումից հետո նա սկսեց ակտիվ քաղաքացիական պայքար մղել ընդդեմ կոմունիստական վարչակարգի:

Vaclav Havel, playwright, writer

1977թ. հոկտեմբերին Վացլավ Հավելը մեղադրվեց «Արտասահմանում պետության շահերի դեմ հանդես գալու» մեջ և դատապարտվեց 14-ամսյա պայմանական ազատազրկման: Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց դատապարտվեց արդեն իշխանության մարմնի նկատմամբ բռնություն գործադրելու համար և բանտարկվեց մինչև 1978թ.: Ազատության մեջ հայտնվելուց հետո Վացլավ Հավելը դարձավ «Անարդարացիորեն դատապարտվածների կոմիտեի» հիմնադիրներից մեկը: 1979թ. մայիսի 29-ից մինչև 1983թ., սակայն, Վացլավ Հավելը կրկին հայտնվեց անազատության մեջ: Այս անգամ սահմանադրական կարգի տապալման փորձի մեղադրանքով: 1989թ. նրան կրկին ձերբակալեցին, այնուհետև ամիսներ անց բաց թողեցին: Հավելը 1989-ի ուսանողական ընդզվումների ժամանակ այն մարդկանցից մեկն էր, որոնց նախաձեռնությամբ ստեղծվեց «Քաղաքացիական ֆորումը», որը երկրում հանդիսացավ հիմնական ընդդիմադիր շարժիչ ուժը:

Չեխոսլովակիայում գործող կոմունիստական համակարգը բացարձակապես չէր վայելում հասարակության համակրանքը և դա ավելի խորացավ «Պրահյան գարնանից» հետո: 1970-ականներին Չեխոսլովակիայում, համեմատած սոցիալիստական ճամբարի այլ երկրների, կյանքի կենսամակարդակն ավելի բարձր էր, բայց և այնպես չէր կարելի համեմատել զարգացած եվրոպական երկրների հետ: Երկիրը գտնվում էր արևմտյան Եվրոպայի երկրների հարևանությամբ, և հասարակությունը տեսնում էր, թե ինչպիսի զարգացվածություն ունի սառը պատերազմի հակամարտության մյուս կողմ հանդիսացող արևմուտքը: Այդ իսկ պատճառով 1980-ականների վերջին հանրահավաքային շարժումներն ուղղված էին ոչ միայն անկախության վերականգման, այլև արևմտյան կամ քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելուն: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ «Երկաթե վարագույրից» այսկողմ մարդիկ, որոնք անմիջականորեն գտնվում էին կամ սահմանակից էին զարգացած եվրոպական երկրներին, տեսնում էին կենսամակարդակների տարբերությունը և ինքնաբերաբար ձգտում էին դեպի այդ կողմ: Այո, նաև այս հանգամանքն իր հսկայական դերն ունեցավ Արևելյան և Կենտրոնական Եվրապայում, ինչպես նաև Մերձբալթյան երկրներում կոմունիստական ռեժիմների ոչնչացման մեջ: Հատկանշական է, որ Չեխոսլովակիայում «Թավշյա հեղափոխության» ժամանակ իր խոսքն ասաց նաև երկրի մտավորականությունը, որը միացավ ընդվզող ուսանողներին և երիտասարդությանը:

Արդեն 1980-ականներին վերջին հասարակության շրջանում հստակորեն ուրվագծվում էին հանրահավաքային տրամադրությունները: Գորբաչովի «Վերակառուցման» քաղաքականությունը, որն արվում էր կոմունիստական համակարգի տնտեսությունը փրկելու համար, ինչպես նաև միջազգային ասպարեզում հեղինակություն ձեռք բերելու համար, լրացուցիչ իմպուլս հաղորդեց հասարակության ակտիվացմանը: Փողոցային տրամադրությունների աճին զուգընթաց նաև ակտիվանում էր մտավորականությունը: Տասնյակ գրողներ դուրս էին եկել «Ներքին աքսորից» և սկսում էին կարևոր հարցեր բարձրաձայնել: 1989թ. փետրվարին կայանալիք չեխ պատմաբանների համագումարի նախօրյակին մտավորականության շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր միահեծան համակարգի գաղափարական ճնշումից ազատվելու, ինչպես նաև քաղաքական պլյուրալիզմի անհրաժեշտության և անհասանելի արխիվային փաստաթղթերին ծանոթանալու անհրաժեշտության մասին: 1989թ. աշնանն առաջանում է «Անկախ մտավորականության շրջանակ» հասարակական միավորումը, որը երկրի գլխավոր դիսիդենտական կազմակերպությունն էր: Չնայած այս ամենին, երիտասարդությունն էր, այնումենայնիվ, գործընթացների գլխավոր ուժը: Երիտասարդությունը՝ ուսանողության գլխավորությամբ, հիմնականում փողոց էր դուրս գալիս երկրի համար ամսաթվային առումով կարևոր նշանակություն ունեցող օրերին:

1989թ. հունվար ամսին ուսանողների կողմից կազմակերպվեցին լայնամասշտաբ ակցիաներ նվիրված 20 տարի առաջ սեփական երկրի օկուպացիայի դեմ բողոքի ժամանակ ինքնահրկիզման ակցիա կատարած 20-ամյա ուսանող Յան Պալախի հիշատակին: Դրանք կոչվում էին «Յան Պալախի շաբաթներ»: Ոստիկանությունը գործեց բավականին բիրտ` ցրելով ուսանողական հավաքները: Այնուամենայնիվ, երկրում արդեն սկսվել էին հասարակական գործընթացները, և կոմունիստական ռեժիմի բիրտ մեթոդները միայն ավելի ու ավելի էին համախմբում մարդկանց: Հիմնական իրադարձությունները սկսվեցին 1989թ. նոյեմբեր ամսին և ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում վերացվեց կոմունիստական համակարգը: 1989թ. նոյեմբերի 16-ին ուսանողական երթ տեղի ունեցավ Բրատիսլավայում: Ցույցն իսկզբանե նպատակ ուներ բարձրաձայնել կրթական համակարգում առկա խնդիրների մասին, սակայն այն կրեց զուտ քաղաքական բնույթ: Ուսանողները պահանջում էին ժողովրդավարություն և քաղբանտարկյալների ազատություն: 1989թ. նոյեմբերի 17-ին արդեն Պրահայում ուսանողները դուրս եկան փողոց ի հիշատակ 1939թ. նոյեմբերի 17-ին սպանված ուսանող Յան Օպլետալի: Այդ օրը հազարավոր ուսանողներ դուրս եկան Պրահայի փողոցներ: Չնայած այն բանին, որ երթը նվիրված էր զոհված ուսանողի հիշատակին, այնուամենայնիվ, հավաքված ուսանողները սկսեցին քաղաքական պահանջներ բարձրաձայնել: Ցուցարարները նպատակ ունեին հասնել Վացլավյան հրապարակ, սակայն երեկոյան ոստիկանությունը շրջափակեց շուրջ 2000 ուսանողի և ցույցը դաժանորեն ցրեց: Ուսանողները ծեծվում էին անխնա կերպով: Արդեն 1990թ. ստեղծված նոյեմբերի 17-ի դեպքերը հետաքննող կոմիտեյի տվյալներով, ոստիկանական գործողություններից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել շուրջ 500 ուսանող: Միջազգային հանրությունը հետագա օրերին խստորեն դատապարտեց կոմունիստական ռեժիմի վայրագությունը ուսանողների հանդեպ:

Նոյեմբերի 17-ի ոստիկանական վայրագությունն ամբողջ երկրում զայրույթ առաջացրեց: Նոյեմբերի 19-ին «Խարտիա-77»-ը և ընդդիմադիր այլ միավորումները կոմունիստական ռեժիմի դեմ պայքարելու համար միավորվելով ստեղծում են «Քաղաքացիական ֆորում» հասարակական միավորումը: Չեխական մտավորականությունը ոտքի էր կանգնել ի պաշտպանություն փողոցներում ծեծվող ուսանողների: Նոյեմբերի 20-ին ի աջակցություն նոյեմբերի 17-ին ծեծված ուսանողների Պրահայի կրթական հաստատությունների ուսանողները դասադուլ են հայտարարում: Մի քանի ժամ անց դասադուլին միանում են երկրի բոլոր կրթական հաստատությունների երիտասարդները: Միաժամանակ Պրահայում և այլ խոշոր քաղաքներում սկսվում են բողոքի անժամկետ գործողություններ: Բողոքի գործողությունները կրում էին խաղաղ բնույթ, և հստակ էր արդյունավետ խաղաղ քաղաքացիական անհնազանդության ռազմավարության և դրանից բխող մարտավարության առկայությունը, քանի որ հետագա օրերին դասադուլի և փողոցում կագնածների թիվն ավելի ու ավելի էր աճում: Իրավիճակն աստիճանաբար դուրս էր գալիս կոմունիստական ղեկավարության վերահսկողությունից: Նոյեմբերի 21-ին ցուցարարներին իր աջակցությունն է հայտնում արքեպիսկոպ կարդինալ Ֆրանտիշեք Թոմաշեքը: Այսպիսով, եկեղեցին նույնպես իր ժողովրդի կողքին էր:

«Քաղաքացիական ֆորումի» առաջնորդները, ազատության մեջ հայտնված Վացլավ Հավելի գլխավորությամբ, իրենց վրա վերցրին տարերային շարժումը ղեկավարելու ամբողջ բեռը: Նրանք կարողացան գործընթացին կազմակերպված բնույթ տալ և վստահ քայլերով առաջնորդել դեպի հաղթանակ: Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ աշխատավորների զանգվածային բողոքի ակցիա ի աջակցություն ուսանողների: Նոյեմբերի 26-ին Պրահայում տեղի ունեցավ մեկ միլիոնանոց հանհրահավաք, իսկ նոյեմբերի 27-ին երկրում համազգային գործադուլ սկսվեց, որի պահանջն ուղղված էր կոմունիստական կուսակցությանը: Պահանջը մեկն էր. հրաժարվել միակուսակցական համակարգից:

Մինչ այդ արդեն Պրահայում և երկրի այլ խոշոր քաղաքներում սկսված զանգվածային քաղաքացիական անհնազանդության ճնշման տակ հրաժարական էին տվել գլխավոր քարտուղարը և կոմունիստական կուսակցության այլ ներկայացուցիչներ: Նոյեմբերի 28-ին «Քաղաքացիական ֆորումի» և իշխանությունների միջև բանակցություններ են սկսվում: Իշխանությունների կողմից բանակցային թիմը գլխավորում էր վարչապետ Լադիսլավ Ադանեցը, իսկ Ֆորումի թիմը գլխավորում էր Վացլավ Հավելը: Հենց այդ ժամանակ գործադուլի կազմակերպիչներից և առաջնորդներից մյուսը` Պետր Միլլերը պահանջում է վարչապետ Լադիսլավ Ադամեցի և աշխատակազմի հրաժարականը:

Նոյեմբերի 29-ին խորհրդարանը փոփոխության է ենթարկում սահմանադրության այն դրույթը, որը վերաբերում էր միակուսակցական համակարգին: Հանրահավաքային ճնշումը շարունակվում է: Զուգահեռաբար Սլովակիայում ստեղծվել էր «Հասարակություն ընդդեմ բռնության» կազմակերպությունը, որը սկսել էր հանհրահավաքային պայքար արդեն Բրատիսլավայում: Պրահայում և այլ քաղաքներում ուսանողների կողմից ոչնչացվում էր խորհրդային ստալինիզմի սիմվոլիկան: Ցույցերի 5-րդ օրը Պրահայում արդեն գետնին էին հավասարեցված Ստալինի արձանը և մնացաց տոտալիտարիզմը խորհրդանշող սիմվոլիկան: Կոմունիստական ռեժիմն իր վերջին օրերն էր ապրում: Այդ ժամանակ հրաժարական էր տվել նաև կոմունիստական «Պոլիտբյուրոյի» ամբողջական կազմը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին պաշտոնից հեռացավ նախագահ Գուստավ Գուսաքը: Իրավիճակն այն աստիճան էր դուրս եկել վերահսկողությունից, որ դեկտեմբեր ամսվա վերջին տեղի ունեցած Կոմունիստական կուսակցության համագումարի ժամանակ որոշում ընդունվեց կրճատել կուսակցական ապարատի թիվը, ընտրել ժողովրդավարական ճանապարհ, վերանայել 1968-69թթ. դեպքերի վերաբերյալ հնչեցրած գնահատականները: Կուսակցության որոշ անդամներ նույնիսկ հեռացվեցին կուսակցության շարքերից: Կատարվեց խորհրդարանի «վերակազմավորում» և արդյունքում կոմունիստական կուսակցությունը դադարեց մեծամասնություն կազմել այնտեղ: Կոմունիստներն իրենց ազդեցությունը կորցրին նաև ամբողջ պետական ապարատում, ինչպես նաև բանակում և ոստիկանությունում:

Այնուամենայնիվ, նույնիսկ սա չփրկեց իրավիճակը, քանի որ երկրում սոցիալիստական համակարգի ապամոնտաժումը մտել էր վերջնական փուլ: Այդ առումով հատկանշական էր երկրի հասարակական-քաղաքական դաշտում նոր դեմքերի ի հայտ գալը: Քաղաքական նոր սերնդի սերուցքը կազմում էին 70-80-ականների դիսիդենտական գործունեություն ծավալած հիմնական դեմքերը, որոնք այժմ հնարավորություն ունեին հավասար պայմաններում մտնել քաղաքական պայքարի մեջ: 1989թ. դեկտեմբերի 19-ին խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար` Ալեքսանդր Դուբչիկին, ով հայտնի էր 1960-ականներին երկրում սոցիալիզմի ռեֆորմներ անցկացնելու փորձով, իսկ Չեխոսլովակիայի նախագահ դարձավ Վացլավ Հավելը: Չեխոսլովակիան առաջին անգամ ունեցավ նախագահ, որը չէր ներկայացնում կոմունիստական կուսակցությունը: Երկրի նոր ղեկավարությունը վերլուծելով իրավիճակը, հասկացավ, որ երկիրը պետք է վերցնի քաղաքական պլյուրալիզմի կուրս և անցում կատարի դեպի շուկայական տնտեսություն: 1990թ. արդեն տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ նոյեմբեր ամսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 1990թ. ապրիլ ամսին երկիրը վերանվանվեց Սլովակիայի և Չեխիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, իսկ 1993թ. սկսած բաժանում տեղի ունեցավ, որի արդյունքում ստեղծվեց երկու անկախ պետություն` Չեխիան և Սլովակիան: 1992թ. Վացլավ Հավելը հրաժարական տվեց, որովհետև դեմ էր Չեխոսլովակիայի բաժանմանը, սակայն 1993թ. մեծ քաղաքականություն վերադառնալով՝ Վ. Հավելը դարձավ Չեխիայի առաջին նախագահը:

Այսպիսով, 1989թ. վերջին հոծ զանգվածների կազմակերպած ճնշման արդյունքում կազմալուծվեց Արևելյան Եվրոպայում ամենադաժան կոմունիստական բռնապետություններից մեկը: Չեխիան կարողացավ հաղթահարել անցումային փուլի դժվարությունները, և այժմ այդ երկրի ժողովուրդը 40 տարի տևած կոմունիստական ռեժիմի սարսափների մասին պատկերացում է կազմում գրքերից:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել