Գաղտնիք չէ, որ հատկապես ներքին արտադրանքի արտահանում իրականացնող ընկերությունները պետք է խրախուսվեն, քանի որ, բացի աշխատատեղեր հիմնելուց, վերջիններս լրացուցիչ ֆինանսական միջոցներ են ներգրավում դեպի Հայաստան: Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ զբաղվող ընկերություներից մեկին տալ որոշակի արտոնությունները: Մասնավորապես՝ ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը 2016 թվականի հունվարի 31-ի փոխարեն երկարաձգել մինչև 2016-ի հուլիսի 31-ը: Ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հատկանշական է, որ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ:
Հարկ է նշել նաև, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում)` միջին աշխատավարձը կազմելով 2016թ.` 125, 2017թ.` 130 և 2018թ.` 140 հազար դրամ: