Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում շարունակվում է Ասիական զարգացման բանկի կողմից Երևանի կառուցապատմանն ուղված վարկային համաձայնագրի քննարկումը: Ինչպես հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ենթադրվում էր, որ խորհրդարանում ընթանալու են նման շահագրգիռ քննարկումներ և, բնականաբար, հարցն արժանանալու է քաղաքական ուժերի ամենատարբեր գնահատականներին:


Միաժամանակ, Արտակ Զաքարյանը համոզմունք հայտնեց, թե դրանից արդյունքը մեծ հաշվով չի փոխվում: «Վարկեր ներգրավելու քաղաքականությունը ցանկացած մեծ ու փոքր պետության համար կարևոր է և ունի մեկ նպատակ՝ նպաստել այս կամ այն ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Հենց այնպես որևէ մեկին վարկ չեն տալիս ՝ըստ հայեցողության տնօրինելու այն: Այո, վարկերի արդյունավետության հետ կապված միշտ եղել է խնդիր ու, բնականաբար, դրանք ավելի էֆեկտիվ ու գործնական կլինեն, երբ կոնկրետ ծրագիրը կոնկրետ բացվածքով, պատասխանատուներով դրվի քննարկման»,- նշեց Արտակ Զաքարյանը:


Վերջինս անդրադարձավ պատգամավորների կողմից հնչեցրած այն մտքին, թե այդպիսով տարածքային համաչափ զարգացում չի ապահովում, և նշեց. «Չեմ կարծում, որ Հայաստանում բնակվող որևէ քաղաքացի չի ողջունի Երևան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործողությունները: Ես կոչ եմ անում գործնական խնդիրների քննարկմանը ուշադրություն դարձնենք: Դրա համար գոյություն ունեն հաշվարկներ, ստանդարտներ: Որևէ կառավարություն, պետական հաստատություն այսրոպեական խնդիրներ չի լուծում: Այո, կարելի է նաև գոյություն ունեցող ճանապարհներով էլ յոլա գնալ, բայց յոլա գնալով չեն զարգանում: Դրա համար պետք են ներդրումներ, ծրագրեր, քաղաքական պատասխանատվություն»:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել