Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը հռչակված էր իր արագավազ ձիերով:
Հենց նման նժույգով էր սիգարշավում արցախյան լեռների մեջ կորած գյուղի զավակ Հովակիմ Մուրադյանը` Մյուրատը:
Երբ հայրը մեկնեց Մոսկվա՝ վաստակի, իր հետ տարավ նաև տղային` Հովակին: Ճակատագիրը շուտով նրանց նետեց Հոլանդիա և Բելգիա, որտեղ ֆիզիկապես ամուր, եռանդուն ու վճռական քսանամյա Հովակիմը զինվորագրվեց Արդենյան հեծյալ եգերական գնդին:
Իր պոռթկուն բնավորության համար նրան կոչում էին «անզուսպ գասկոնացի», որ բազմաթիվ մենամարտներից հաղթող է դուրս եկել:
1792թ. նա ստացավ լեյտենանտի կոչում, իսկ 1795թ. հոկտեմբերի 7-ին հեծյալ եգերական էսկադրոնի հրամանատար, արդեն կապիտան Հովակիմ Մյուրատը անցավ գեներալ Բոնապարտի ենթակայության տակ և մասնակցեց Փարիզում ապստամբած ռոյալիստների գնդակահարությանը:
Մեկ տարի անց 1796թ. Մյուրատը Իտալիայում իր մատուցած ծառայությունների համար ստանում է բրիգադային գեներալի կոչում:
1798-1801թթ. Նապոլեոնի եգիպտական արշավանքի ժամանակ արդեն դիվիզիոնային գեներալ Մյուրատի հեծելազորը ջախջախում է մամլյուքների ու թուրքերի միացյալ հեծելազորին:
Մյուրատը մեկն էր նրանցից, ովքեր Բոնապարտին բերեցին իշխանության: Մասնավորապես` 1799թ. Բրյումերի 18-ին (նոյեմբերի 9-ին) պետական հեղաշրջման ժամանակ, երբ «Դուրս շպրտեք այս ողջ կամպանիային» հրամանով Մյուրատը գրենադերների գլուխն անցած հինգ րոպեում ազատում է հինգ հարյուրի խորհրդի դահլիճը:
Մյուրատը կոնսուլական գվարդիայի զորահրամանատարն էր, երբ ամուսնանում է Նապոլեոնի քրոջ` Կարոլինայի հետ 1782-1839թթ.:
Իտալական արշավանքին ակտիվ մասնակցության և Մարենգոյի ճակատամարտում գործած սխրանքների համար 1804թ. մայիսի 19-ինՄյուրատը ստանում է Ֆրանսիայի մարշալի կոչում, պարգևատրվում Պատվավոր Լեգեոնի շքանշանով և նշանակվում սենատոր:
1808թ. Նապոլեոն Բոնապարտը դարձնում է Մյուրատին Նեապոլիտանիայի թագավոր:
Բոլորին է հայտնի, որ Բոնապարտը շատ էր սիրում և վստահում նրան: Բերենք Մյուրատի և Բոնապարտի երկխոսություններից մեկը, որտեղ երևում է Բոնապարտների կողմից նրան ընտանիքի անդամ ընդունելը: Նապոլեոնի եղբայր Լուսիենից հետո նա առավել սթափ դատողն էր:
Մյուրատ. «Երբ Ֆրանսիան բարձրացրեց Ձեզ գահին, նա ցանկանում էր ի դեմս Ձեզ տեսնել ժողովրդական առաջնորդի... Եվ այժմ դուք նախապատվություն տալիս եք իշխանության խորհրդանշաններին, որոնք Ձեզ համար օտար են, իսկ մեզ համար` թշնամական, և Եվրոպային հասկացնել եք տալիս, թե ինչքան բարձր եք գնահատում այն, ինչ պակասում է մեզ բոլորիս` նշանավոր ծագումը...»:
Նապոլեոն. «Ես անսահմանորեն վստահում եմ Ձեզ՝ որպես իմ հեծելազորի պետի: Սակայն տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմական գործողության մասին է, այլ քաղաքական քայլի, որն իմ կողմից համակողմանի մտածված է...»:
Որպես հեծելազորի զորահրամանատար, Մյուրատը անձամբ մասնակցել է 1812թ. ռուսական կամպանիային և իր քաջության և արիության համար վայելում էր խորը հարգանք ռուս կազակների մոտ:
Քչերին է հայտնի, որ 1814թ. Իտալիան կփորձի հետևել այդ փայլուն «հեծելազորայինի ու թագավորի» պատգամներին, որը որոշ պատմաբանների կողմից ստացել է «սոլդաֆոն» մականունը: Արդարության համար պետք է նշել, որ Նապոլեոնական մարշալների ու գեներալների մեծ մասը ոչ այնքան զորավարներ էին, որքան թրատողներ: Բերենք մի քանի դրվագ նրա կյանքից.
* Մի անգամ պատրաստվելով հարձակվելու քաղաքի վրա՝ Ֆրանսիայի մարշալ, Նեապոլիտանիայի արքա Յոահիմ Մյուրատը դիմում է իր հրետանավորներին. «Կարծում եմ՝ հակառակորդի պարսպի վրայի թնդանոթները ուժեղ կրակով կարող են դիմավորել մեզ»:
«Մի անհանգստացեք, - պատասխանում են թնդանոթաձիգները,- հենց որ նրանք սկսեն կրակել, մենք 10 րոպեից կլռեցնենք նրանց»: «Իսկ չի՞ կարելի 10 րոպե շուտ անել դա», - զայրանում է Մյուրատը:
* Մարշալ Մյուրատը կարող էր ձի հեծած անցնել հակառակորդի շարքերի միջով, օրերով չքնել և գրոհել թշնամու մեծաքանակ ուժերի վրա, զրույցի հրավիրել հակառակորդին, բաց թողնել քաջությամբ աչքի ընկած գերի զինվորին:
* Առաջինը մոտենալով Մոսկվային` նա գեներալ Միլորադովիչին խոստանում է ռուսական զորքին քաղաքից հեռանալու հնարավորություն տալ և կատարում է իր խոսքը: Մարտի ամենաթեժ պահին արկերի պայթյունի տակ նստում էր առաջավոր գծի զինվորների հետ ճաշելու` իր անձնական օրինակով խրախուսելով նրանց:
1815թ. սեպտեմբերին Մյուրատը ձերբակալվում է ավստրիացիների կողմից և հոկտեմբերի 13-ին դատապարտվում մահվան: Դատավճիռը անհապաղ ի կատար է ածվում:
Նապոլեոն Բոնապարտը Մյուրատի մասին.
*Մյուրատը գերազանցում էր բոլորին քաջությամբ:
*Մարտում նա իսկական ասպետ էր, իսկ կաբինետում` անխելք մի պարծենկոտ:
*Նա իմ աջ ձեռքն էր՝ ինքնուրույնություն ստացած:
*Չի եղել ավելի վճռական, անվախ և փայլուն հեծելազորային այլ պետ:
*Ես երբեք չեմ տեսել հեծելազորային հարձակման ժամանակ նրանից խիզախ, վճռական և փայլուն այլ մարդու: