Ցավոք, մեր երկիրն անփառունակ վախճաններ տեսել է։ Սա՝ ի պատասխան ՀԱԿ-ի հայտնի պարոնին։
Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։ Ինչպես ասում են՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և իշխանությունն առավելագույնս օգտագործում են հնարավորություններն ավելի արդյունավետ կառավարելու, քաղաքական ուժերին պետական կառավարման համակարգում ներառելու, նրանց կարողություններն ի շահ երկրի ու ժողովրդի ծառայեցնելու համար։ Հանրապետական կուսակցությունը երբեք չի խորշել կոալիցիաներ, տարբեր ձևաչափերով համագործակցության հարթակներ, պարիտետային փոխհարաբերություններ ձևավորելուց։ Դա ակնառու է մեր կենսագրությունից, համագործակցաբար գործելու մեր աշխատաոճից։ Աշխատաոճ, որ, կարծում եմ, հատուկ է ուժեղ քաղաքական ուժերին։ Իշխանությունը մենաշնորհ չէ, մենք բաց ենք բոլոր այն կուսակցությունների համար, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում։ Ահա այս համատեքստում են Հայ հեղափոխական դաշնակցության հետ ընթացող բանակցությունները։ Թե ինչ ձևաչափ կունենա այդ համագործակցությունը՝ կոալիցիա կամ այլ, ընդամենը դետալներ են։ Մամուլն այս օրերին ողողված է տարատեսակ կանխատեսումներով, գուշակություններով, այս կամ այն պորտֆելի համար հասցեատեր փնտրելով։ Էականը, սակայն, դա չէ։ Կարևորն այստեղ համագործակցության համաձայնագրից բխող իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունն են, որոնք, ըստ ամենայնի, առաջիկա օրերին կհստակեցվեն։ Քաղաքական համագործակցության մշակույթն այսօր ռեալ պոլիտիկ է։ Դրա ականատեսը մենք եղանք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում, դրա շարունակությունն այսօր կառավարման համակարգում այլ քաղաքական ուժերի ընդգրկելու բանակցություններն են։ Հայտնի ճշմարտություն է, համագործակցաբար աշխատելն ավելի դյուրին է ու արդյունավետ։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունն ունի համագործակցության գնալու փորձ, ուժ, վճռականություն, իմաստնություն։ Մենք ունենք մի նպատակ՝ է՛լ ավելի ամրացնել ու ապահով դարձնել մեր երկիրը։ Եվ մեր կողքին տեղ ունեն այն ուժերը, ովքեր կիսում են այդ նպատակը։ Ու վերջում ընկերավարական ոճով՝ եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես։