GalaTV.am-ը գրում է․
«Այս շաբաթ ռուսաստանցի սպաները հանդիպել են քրդերի հետ Սիրիայի հյուսիս-արեւելքում, որպեսզի քննարկեն ռազմական գործողությունները, ինչի ընթացքում ծրագրվում է Թուրքիայի «քթի տակից» խլել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սահմանային Ջարաբլուս քաղաքը»,- փոխանցում է The Times-ի լրագրող Հանա Սմիթը: -Ավելի վաղ 200 ռուսաստանցի զինծառայող մեկնել էին քրդերի վերահսկողության տակ գտնվող Քամըշլի քաղաք, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւելքում, Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ Ռուսաստանը կառուցում է ռազմական օդանավակայան»:
Հեղինակը հիշեցնում է՝ Էրդողանը ռուսաստանցի զինծառայողների ներկայությունը Քամըշլիում անընդունելի է համարել:
YPG-ի քուրդ-սիրիական ապստամբները դեռ ամռանն էին հետաքրքրված Ջարաբլուսով եւ ցանկանում էին այն միացնել իրենց անկլավին, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ: Հոդվածի հեղինակի խոսքերով՝ այդ կերպ Ջարաբլուսը դառնում է Թուրքիայի ցավոտ կետը, որը Ռուսաստանը կարող է սեղմել ամեն հարմար պահի:

«Ռուսաստանն օգտվում է Թուրքիայի եւ քրդերի միջեւ եղած լարվածությունից, իսկ քրդերը մտորում են իրենց շահերի մասին: Նրանք մարտավարական վարպետություն են ցուցաբերում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ սիրիական ռեժիմի  հետ փոխհարաբերություններում: Նրանք զգում են, որ եկել է իրենց ժամանակը, եւ օգտագործում են այդ պատերազմը, որպեսզի իրականացնեն իրենց սեփական քաղաքական ծրագիրը»,- նշում է Atlantic Council վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Ահարոն Սթեյնը:
«Քրդերի կենտրոնացումը Ջարաբլուսի վրա անհանգստացնում է նաեւ ԱՄՆ-ին, ով հույս ուներ YPG-ն օգտագործել որպես առաջնային զորամիավորում Ռաքքայում հարձակում իրականացնելու ժամանակ: Սիրիացի քրդերի քաղաքական առաջնորդ Սալիհ Մուսլիմը նշել է, որ հաջող հարձակում իրականացնելու համար Ռաքքայում, որի բնակիչների մեջ գերակշռում են արաբները, ովքեր թշնամաբար են տրամադրված քրդերի նկատմամբ, YPG-ին անհրաժեշտ են որքան հնարավոր է շատ արաբ դաշնակիցներ»:
«Մենք պատրաստ ենք հարձակվել Ռաքքայի եւ Ջարաբլուսի վրա,- ասել է Մուսլիմը: Սակայն մեզ երաշխիք է պետք, որ Ռաքքայում կունենանք շատ արաբ համախոհներ: Թե առաջինն ուր կգնանք, կախված է հանգամանքներից»:

Աղբյուր՝ The Times

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել