Մի քանի օր առաջ նախ Մեծ Բրիտանիան, ապա Միացյալ Նահանգները բացեիբաց հայտարարեցին, որ Վլադիմիր Պուտինը կոռուպցիոն բուրգի գլուխն է ՌԴ-ում։
Առիթը BBC-ի «Պուտինի գաղտնի հարստությունը» ֆիլմի ցուցադրությունն էր։ Ֆիլմում, դիցուք, «Սովկոմֆլոտի» նախկին ղեկավար Դմիտրի Սկարգան վկայում է, որ անձամբ է համակարգել Ռոման Աբրամովիչի «նվերի»՝ 37 միլիոն դոլարանոց ու 57 մետր երկարությամբ «Օլիմպիա» զբոսանավի փոխանցումը Պուտինին... Ինչը բացատրում է, թե սույն օլիգարխը ոնց խուսափեց Միխայիլ Խոդորկովսկու նման 10 տարի բանտում անցկացնելուց։
Որ Պուտինն էդ կարգի հարստություն կունենա, ոչ մեկը չէր կասկածում, առնվազն աշխարհի մեր մասում. եթե կիսագրագետների ոհմակն անաստված հարստացավ Հայաստանի պես փոքր երկրում 15 տարում, ահռելի Ռուսաստանում ուրիշ ո՞նց էր լինելու։ Էլ չասած, որ ՀՀ ներկա կամ նախկին քաղաքացիների մեծ մասը անձնական փորձով կամ ազգականներից գիտի կաշառքների ահռելի չափն ու տարածվածությունը էդ երկրում։
Բայց մի բան է իմանալը, ուրիշ բան է աշխարհով մեկ հայտարարելը։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը վրդովվեց, թե ապացույցներ չեն պահանջելու, քանի որ մեղադրանքը աննախադեպ է «միջազգային պրակտիկայում». «Անկեղծ եմ ասում, եթե ես թույլ տայի նման վիրավորանքներ ԱՄՆ-ի նախագահի հասցեին, գործից կհանեին»։
Իսկապես էլ նման բացահայտումներն աննախադեպ են ու սովորաբար վերաբերում են ՆԱԽԿԻՆ ղեկավարներին, որովհետև ներկաների դեպքում դա նշանակում է լրիվ հրաժարվել նրանց ձեռքերը սեղմելուց։
Իր «անկեղծությամբ» Պեսկովն ուզեց ցույց տալ, թե իբր կոռուպցիայի մեղադրանքը Օբամայի կողմից չէ, բայց ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ալան Շուբինը պնդեց, որ իր գնահատականը լավագույնս արտացոլում է ԱՄՆ-ի նախագահի վերաբերմունքը։
Շաբաթներ է անցել ԱՄՆ-ի հայտարարությունից, թե 2016-ին ՌԴ հանդեպ պատժամիջոցները կարող են հանվել, բայց երևի Արևմուտքը համարում է, որ ռուսական կողմը ինչ-որ պայմանավորվածություն է խախտել… Անգլիական դատարանը որոշել էր, որ ռուսական նախկին գործակալ Լիտվինենկոյին թունավորել են Պուտինի ցուցումով։ Միգուցե դա եղել է սովորական պատասխանը, թե՝ չէ, դուք եք սպանել (Գյումրիում էլ ամերիկացիներն էին մի ամբողջ ընտանիք բնաջնջել… Պերմյակովի միջոցով, ըստ Պուտինի «ներքին ձայն» Ժիրինովսկու)։
Եվ ահա սպանության ու կոռուպցիայի ամենաբարձր մակարդակով հնչած թարմ մեղադրանքները չեզոքացնելու համար ռուսները նորից դիմեցին գործակալների օգնությանը։
«Անգլիան առաջիններից մեկն է հարաբերություններ հաստատել Մոսկովյան պետության հետ, և երբ 1963-ին արտաշիրմեցին Իվան Ահեղի և նրա երեխաների աճյունները, հայտնաբերեցին, որ դրանք լեփ-լեցուն են սնդիկով։ Եվ արդեն այդտեղ անգլիական հետք նշմարվեց»։ Սրանք 1961-65 թթ. ՍՍՀՄ КГБ-ի գործակալ Միխայիլ Լյուբիմովի խոսքերն են «Ռոսիա 24» ալիքի «Միջազգային հարաբերություններ» հաղորդումից, որը հեռարձակվեց շաբաթ երեկոյան։ Պա՞րզ է. ուրեմն, իմացեք, եթե չգիտեիք, թե ով է սպանել Իվան Ահեղին։
Երևի Կրեմլում, ամբողջ ՌԴ-ում համարեցին, որ գնդակն արդեն ամերիկա-անգլիական դաշտում է, ու շաբաթ գիշերը բոլորը հանգիստ կքնեն։ Կիրակի օրվա հերն էլ անիծած։