Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկություն է տարածել, որ ՀՀ-ն միացել է «Startup Europe Week 2016» նախաձեռնությանը, որը տեղի է ունենալու փետրվարի 1-5-ն ընկած ժամանակահատվածում: Նշյալ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:
Վերը նշվածը Եվրոպական հանձնաժողովի «Startup Europe» նախաձեռնություն է, որը նպատակ ունի համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար: Վերջինս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար բավական արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է, որը հնարավորություն է ստեղծում ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Հատկանշական է, որ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «IBM» նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանը նույնպես միացել է «Startup Europe Week 2016» միջոցառմանը և հանդիսանում է տարածաշրջանի միակ ներկայացուցիչը:
«Startup Europe Week 2016 Armenia»-ն տեղի կունենա փետրվարի 5-ին՝ 10։30-15։30, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: