ՀՀ-ում տնտեսության ճյուղերի զարգացման ու ընդլայնման գործում մեծ դերակատարում ունեն օտարերկրյա ներդրումները: Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բելառուսի Հանրապետության Մոգիլև մարզի գործարարների հետ, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Սեմյոնովիչը և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Մոգիլևի ստորաբաժանման գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Ալեկսեևան:
Հայաստանյան կողմը բելառուս գործարարներին ներկայացրել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի առավելությունները, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու հնարավորությունները:
Բելառուսից ժամանած սննդի և տեքստիլ արդյունաբերության, նյարդավիրաբուժության, գյուղատնտեսական տեխնիկայի, կոմբայնների, տրակտորների արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ Հայաստան այցի հիմնական նպատակը բելառուսական ապրանքատեսակների նկատմամբ առկա պահանջարկի և հայ գործընկերների հետ նոր կապեր հաստատելու հնարավորությունների ուսումնասիրությունն է, արդեն իսկ հայկական շուկայում ներկայացված ընկերությունների համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունների քննարկումը:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի և Բելառուսիայի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման և դրանից բխող ազատ և անմաքս առևտուր իրականացնելու հնարավորությունների համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվել են գործարար օղակների համագործակցության ակտիվացման հեռանկարները: