Հունվարի 29-ին տեղի ունեցած նիստում, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարությունը հաստատել է հանրապետության հողօգտագործողներին այս տարվա գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերը:
Պետական աջակցության այս ծրագրերի նպատակը գյուղմթերքների արտադրության ծավալների ավելացման նպատակով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացմանը, հողերի արդյունավետ օգտագործմանը նպաստելն է: 2016 թվականի համար նախատեսվում է մատչելի գներով հատկացնել 6 միլիոն լիտր դիզելային վառելանյութ՝ մեկ լիտրը 280 դրամ արժեքով: Հողերի պարարտացման նպատակով գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել 32 հազար տոննա ազոտական, 320 տոննա ֆոսֆորական, 840 տոննա կալիումական պարարտանյութ, 50 կիլոգրամ կշռող պարկը համապատասխանաբար՝ վեց հազար և յոթ հազար դրամ արժեքներով:
Շուկայական գնի և պետական աջակցության ծրագրերով մատչելի գներով տրամադրվող գնի տարբերության չափով կառավարությունը մատակարար կազմակերպություններին փոխհատուցում է՝ սուբսիդավորման կարգով հատկացնելով 330 միլիոն դրամ՝ դիզելային վառելիքի և ավելի քան մեկ միլիարդ 746 միլիոն դրամ՝ պարարտանյութերի մատակարարման համար: Փաստորեն, պետական աջակցության միայն այս երկու ծրագրերով կառավարության աջակցությունը գյուղացիական տնտեսություններին կազմում է շուրջ 2 միլիարդ 76 միլիոն դրամ: