Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրն ունի մեծ կարևորություն հայ ժողովրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության ու ազգի միակ պաշտպանը, ու նրա հզորությունից է կախված մեր բոլորիս ապագան:
24 տարի առաջ՝ 1992-ի հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Սա տոնն է համայն հայության:
Տոնդ շնորհավոր, Հայո՛ց բանակ:
Այս հրաշալի օրվա առթիվ BlogNews-ը որոշեց զրուցել ֆեյսբուքցիներ հետ: Նրանք մեզ հետ կիսվել են իրենց զինվորական ծառայության մասին հիշողություններով:
Նարեկ Մալյան
Ի՞նչ մեղքս թաքցնեմ, Նոր տարուն սահմանին նկարվելու մոդան մենք գցեցինք։))))) 98 թիվ, հայ–թուրքական սահման։
Բանակային օրերն իմ կյանքի ամենապայծառ ու արկածներով լի օրերն էին: Հիմա կարոտով եմ հիշում այդ ժամանակահատվածը: Մի տեսակ անհոգություն կար... Բազմաթիվ հիշարժան պահեր կարող եմ պատմել սահմանապահ զորքերում իմ ծառայությունից, սակայն առանձնացնում եմ հատկապես 2000 թվականի փետրվարի 10-ը: Այդ օրը հայ-թուրքական սահմանին վնասազերծեցի սահմանախախտի, ով փորձում էր անցնել Թուրքիա: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրվեցի “за отличие в охране государственной границы” մեդալով և 15 օր արձակուրդով: Հետաքրքիր էր, որ սահմանախախտին վնասազերծելու ժամանակ չունեի ձեռքերը կապելու որևէ հարմարանք, մինչև օժանդակ ուժերը կհասնեին: Ստիպված գործի դրեցի կոշիկիս քուղերը:
Զոհրապ Եգանյան
Պատիվ եմ ունեցել ծառայել հայկական բանակում 2006-2008թթ.-ին և մինչև այսօր շատ վառ հիշողություններ ունեմ՝ կապված բանակի հետ: Բանակում տեղի ունեցած հետաքրքիր պատմությունները հիմնականում կամ հրապարակման ենթակա չեն, կամ այնպիսի պատմություններ են, որոնք կհասկանան միայն ծառայածները, ասեմ ավելին՝ նման թեմաները հիմնականում հետաքրքիր են լինում հենց միայն ծառայածների համար ու շատ անհետաքրքիր են հատկապես աղջիկներին, առավել ևս երբ տղաները խոսում են այդ մասին շատ երկար:))) Բանակի մասին պատմությունները շաղախված են այնպիսի պաշտոնների հետ կապված պատմություներով, որոնք քաղաքացիական մարդիկ չեն հասկանա, օրինակ՝ «Զամպալիտ», «զամպատեխ», «նաչտիլ», «դնեվալնի» և այլն:))) Այնուամենայնիվ, շատ կարճ ասեմ մեկ դեպք. 2007թ.-ի դեկտեմբերի 27-ի գիշերը մարտական հերթապահության ընթացքում մեր կողմից հայտնաբերվեց հավանական հակառակորտի օդային օբյեկտ, որը թռչում էր շատ ցածր բարձրության վրա: Իսկ այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր (ինչպես տարածված է հիմա սոցցանցերում՝ որպես իրավիճակի ներկայացնելու հումորային տարբերակ), մեր ստորաբաժանումը փայլուն աշխատեց, որից հետո եղան պարգևատրումներ: Այսքանը կարող եմ պատմել՝ որպես հետաքրքիր պատմություն, քանի որ շատ մանրամասներ չի կարելի հրապարակել: Մնացած լավ ու քաղցր պատմությունները կվերհիշենք բանակի ընկերներով, որոնց հետ հանդիպելու ենք հենց բանակի օրվա կապակցությամբ: Տղաները պետք է ծառայեն, մի խուսափեք բանակ գնալուց, հարգելի՛ տղաներ, այնտեղ դուք ոչ միայն շատ բան կսովերեք, այլ կունենաք ընկերներ, ովքեր ավելին են, քան ընկերը, այդ օրերի մարդիկ վստահելի են ամբողջ կյանքի համար: Կեցցե՛ մեր բանակը:
Կոնստանտին Տեր-Նակալյան
Ուրեմն, մեր զորամասը փոքր զորամաս էր, 150 զինվոր ուներ, ու ճաշարանի խոհարարն անմեղ թուլություն ուներ՝ սիրում էր զինվորների բաժնից թռցնել։ Իր մոտ էդ պայմանական ռեֆլեքսի պես մի բան էր դարձել։
Մի հատ էլ թիկունքի ծառայության պետ ունեինք՝ կապիտանի կոչմամբ ու միջին վիճակագրական կողապահարանի ինտելեկտուալ մակարդակով, բայց դե ընդհանուր վատ մարդ չէր։
Մի անգամ էս կապիտանը մտնում ա ճաշարան այն պահին, երբ հաց ենք ուտում, ես էլ արդեն դեմբել եմ, երևի տենց մի 40 օրից պետք ա տուն գնամ։ Հիմա կապիտանն ուզում ա մի քիչ պոպուլիզմ անի՝ իբր հոգատար սպա է ու հարցնում է․
- Տղերք ջան, ամեն ինչ կա՞, ամեն ինչ դրե՞լ են։
Ես էլ սենց զուտ որպես կատակ ասում եմ.
- Պարո՛ն կապիտան, ամեն ինչ տեղը տեղին ա, մենակ թե մեր սեղանին կրեվետկա չհասավ...
Մեկ էլ էս կապիտանը միանգամից խառնվեց իրար ու ձեն ա տալիս խոհարար Ալինային.
- Ալինա՜, հե՜յ, Ալինա՜...
- Հի՞նչ ա Տոֆիկ, - գլուխը փոքր պատուհանից դուրս հանեց Ալինան։
- Էդ հինչի՞ խոխեքին կրեվետկա չի հասել։
- Տոֆիկ, իմ արև, ի՜նչ եղալ ա, լոխ դրալ եմ դեմները, սկի մի պատառ մեզ չի մնացել...
Հարություն Մնացականյան
Երրորդմասցի քյառթու նորակոչիկ էին բերել, 4-րդ օրն էր ծառայության, երբ գեներալներից մեկն եկավ զորամաս ստուգման: Ինքնապատրաստման ժամին մտավ զորանոց, բոլորս ոտքի կանգնեցինք, սա առանց գլխարկ պատվի առավ: Գեներալը մոտեցավ, ասաց՝ ինձ թվում է, դու հաստատ նորակոչիկ ես: Սա էլ ոգևորված, ձեռքով թփթփացնելով գեներալի ուսին, ասաց.
-Տոշնի էլ ջոկիր, հոպար ջան, մեռնեմ սրտիդ:
Յաշա Սոլոմոնյան
Բանակային կյանքից տպավորություններն ու հիշողությունները շատ-շատ են։ Ինչպես ասում են՝ ծառայում ես ընդամենը երկու տարի, բայց մի ամբողջ կյանք պատմելու բան է լինում:) Հիշելու շատ բան կա։ Թերևս անհնար է մոռանալ, օրինակ, երդման արարողությունը, երբ ամենայն պատասխանատվությամբ ու պատվով արտասանում էի երդման խոսքեր՝ պապիկիս, ծնողներիս ու մյուս հարազատներիս հուզված հայացքների ներքո։ Տպավորիչ էր նաև ծառայության երրորդ ամսին ԼՂՀ ՊԲ գլխավոր հրամանատարի խրախուսական մրցանակը՝ օրինակելի ծառայության համար։ Բայց դե ամենահիշարժանը երևի վերջին օրն էր, երբ տուն էի վերադառնում՝ մնացող տղաների ուրախ, բայց և հուզված դեմքեր (ես գնում էի, իսկ իրենք դեռ պիտի մնային), երկու տարվա անգնահատելի ու թանկ հուշեր ու Ստեփանակերտս՝ փոսի մեջ, ետևում... Մի տեսակ կարոտեցի:)))
Գագիկ Մամուլյան
Երկու տարի ծառայել եմ, բնակլիմայական առումով շատ դժվար, առաջնային զորամասում, ուր տաք մենակ ամառն էր, ու միշտ զարմացել եմ, թե մարդիկ, ովքեր ծառայում ու ծառայել են ավելի «հեշտ» զորամասերում, ինչից են բողոքում: Միակ բաները, որ մեզ պակասում էին, սուրճը, սիգարետն ու քաղցրավենիքն էին, որը բնական է, որ էդպես էլ պիտի լիներ (իհարկե, սուրճը չկար ռացիոնում, թեյ էր. բանակում ամեն ինչ հաշվարկված է՝ ըստ կալորիականության, ու գլուխը պատովն է տվել ցանկացած դիետա, որ բանակի նման կարողանա ճիշտ ֆորմա պահել): Մի խոսքով, ամբողջ զորամասի կազմով գնացել են զորավարժության, ինձ ու կրտսեր սերժանտ Ջանիկին թողել շենք-շինություններին պահակ մոտ տասը օրով: Ի՞նչ անենք, բան չկա անելու, ամբողջ օրը ես ու Ջանիկը սուրճ ենք խմում, ծխում, ու իրեն հատուկ հանգստությամբ իրենց ծովագնաց հարևանից ա պատմում, ով երկու տարի սուզանավի վրա ծառայելու ընթացքում մի քանի անգամ էր ափ ելել ու հինգ տարի Ջանիկին պատմել, դեռ մի բան էլ չէր հասցրել, քանի որ Ջանիկը զորակոչվել էր բանակ, ու շարունակությունը՝ բանակից հետո: Ամեն իրիկուն սիրտս ինչ-որ տագնապ էր ընկնում անբացատրելի, ոնց որ վատ բան կանխագուշակեր, զանգում էի տուն, ընկերներիս, բոլորը հանգիստ են, ամեն ինչ նորմալ է, լավ, բա էս ի՞նչ հաշիվ է: Երկար մտորումներից հետո ես ու ամենագետ Ջանիկը հասկացանք, որ երկու հոգով ամեն օր որ մի քանի ժամում մի տուփ սուրճ ենք խմում, սրտի աշխատանքի վրա ազդում է, ու էդ տագնապները բնական են:
Պատրաստեց` Անի Հակոբյանը