Վրացական «Խրոնիկա» թերթին տված հարցազրույցում «Ազատ Վրաստան» կուսակցության նախագահ Կախա Կուկավան սենսացիոն փաստեր է բացահայտել՝ կապված Վրաստանի և «Գազպրոմի» միջև ընթացող բանակցությունների հետ... Կուկավան հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ով վերահսկում է Վրաստանի ներկայիս կառավարությունը, դուր չի գալիս երկրի գազի շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող «SOCAR Georgia»-ի 49% բաժնետոմսերի սեփականատերը... Իսկ այդ բաժնետոմսերը գրանցված են ոչ ավել, ոչ պակաս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կնոջ՝ Սանդրա Ռուլովսի անունով... «Հենց սա է պատճառը, որ Բ.Իվանիշվիլին «Գազպրոմով» շանտաժում է Բաքվին, որն իր ձեռքում է պահում «SOCAR Georgia»-ի բաժնետոմսերի 51%-ը, դուրս հանել Ռուլովսին բաժնետերերի շարքից և այդ 49% բաժնետոմսերը գրանցել իր զարմիկ՝ Ուչա Մամացաշվիլիի անունով... Քաղաքական գործիչները ՌԴ-ի և Վրաստանի միջև ընթացող բանակցությունները միտումնավոր են քաղաքականացնում, որպեսզի թաքցնեն իրականությունը... Իսկ իրականությունն այն է, որ պայքար է գնում, թե ում են հասնելու «սև գումարները», որը «SOCAR Georgia»-ն աշխատում է Վրաստանում՝ գազն Ադրբեջանից իր տարածքով Թուրքիա տեղափոխելու համար»,-ասում է Կուկավան...
Եթե Կախա Կուկավայի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Վրաստանի ներկայիս «տիրակալ» Բ.Իվանիշվիլին փորձում է զրկել Սակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն ահռելի եկամուտից, որը նա ստանում է Ռուլովսի միջոցով... Այդ գումարները Սաակաշվիլին ներդնում է հարազատ կուսակցության դիրքերը Վրաստանում ամրապնդելու համար, այսինքն՝ պայքարելու Իվանիշվիլիի «Վրացական երազանքի» դեմ... Հենց սրանով էլ կարելի է պայմանավորել այն, որ ամենակատաղի դժգոհությունը Վրաստանի և «Գազպրոմի» միջև ընթացող բանակցություններից արտահայտում են Սաակաշվիլիի կուսակիցները, որոնք ևս օգտվում են «SOCAR Georgia»-ի եկամուտներից... Սակայն այս պատմության մեջ ամենավտանգավորն այն է, որ Իլհամ Ալիևն, իր ընկերոջ՝ Միշիկո Սաակաշվիլու կնոջը «հովանավորելով», միևնույն ժամանակ Վրաստանում է պահում մի ահռելի «հինգերորդ շարասյուն», որն իր հրամանով կարող է դուրս գալ Թբիլիսիի իշխանությունների դեմ, եթե վերջիններս ընդունեն Բաքվի շահերին հակառակ որոշումներ... Մի բան, որն արդեն է կիրառվում Ալիևի կողմից...
Հետաքրքիր է, թե ինչպես է իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի «գաղտնիքի» բացահայտմանն արձագանքելու Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ և համաշխարհային մասշտաբով կոռուպցիայի դեմ ամենակատաղի պայքար մղող Միխեիլ Սաակաշվիլին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել