Araratnews.am-ը գրում է.
Ծաղկաձորում ընթացող Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի անդրանիկ գավաթի խաղարկությունն ավարտվեց: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոոփեց խաղարկությունը և խոսեց ձեռքբերումների մասին:
-Ամփոփելով զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը, ինչպիսի՞ գնահատական կտաք:
-Ինձ համար լավ գնահատականը մի քանի բաղկացուցիչ ունի: Եթե լավ ուրեմն լավ: Այն գերազանց ստացվեց մեզ համար, քանի որ Հայաստանի թիմը դարձավ գավաթակիր: Բնական է, որ մեզ համար դա գերազանց արդյունք է: Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները և մասնավորապես Զարգացող դահուկային ֆեդերացիաների խորհրդի նախագահն աշխատանքն պարզապես անթերի գնահատեց: Նա սկսել է այլ երկրների համար հենց Հայաստանի օրինակը բերել: Գավաթի առաջին խաղարկությունում մենք պատվով կատարեցինք մեր առջև դրված խնդիրները:
-Արդյո՞ք այս մրցաշարը կարող է հիմք ծառայել միջազգային այլ մրցաշարեր ևս Հայաստանում անցկացնելու համար:
-Բնականաբար: Երբ ինձ հարցրեցին, թե որքան ժամանակ ենք նախապատրաստվել այս առաջնությանը, ես ասացի որ մոտ մեկ տարի: Բայց իրականում մենք այս ամենին նախապատրաստվել ենք ոչ թե մեկ, այլ երկար տարիներ: Ինքներս սկսել ենք ամենափոքր մրցաշարից և փոքրական թիմով, բայց այսօր անցկացնում ենք նման խոշոր մրցաշար: Սա տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Տա Աստված մենք Հայաստանում տեսնենք ավելի խոշոր մրցաշարեր:
-Որքանո՞վ բարձրացան հայ մարզիկների վարկանիշային միավորներն այս մրցաշարից հետո:
-Մենք երբևէ չէինք էլ կարող երազել, որ Հայաստանում կունենանք մրցաշար և լավագույն վարկանիշային միավորը կլինի 31-ը: Եվ մրցումային առաջին օրը մենք ունեցել ենք 31 միավոր՝ դահուկասահքի խոշոր մրցաշարերում նման արդյունքներ չեն գրանցվում: