Ինչո՞ւ են երեխաները մեծանում ու անպատասխանատու դառնում: Որովհետև պատասխանատվության զգացման փոխարեն նրանց հոգեկանում ներմուծվում է մեղքի զգացումը: Անդրադառնանք հերթով:
Մեղք: 1. Սա ոչ թե օբյեկտիվ գնահատական, այլ սուբյեկտիվ պիտակավորում է արարքին: Մարդուն կառավարելու բացառիկ գործիք է: Մեղքի զգացումն առաջացնում է ակնհայտ կամ լատենտ ագրեսիա, սեփական անմեղությունն ամեն կերպ ապացուցելու ցանկություն: Ինչի՞ մասին է երազում մեղքը. պատժի: Պատժից հետո գալիս է թեթևության զգացումը, և ուրիշ ոչինչ: Թեթևությունը լիկվիդացնում է մեղքը: Չեն արվում հետևություններ, աշխատանք չի տարվում ինչ-որ բան հասկանալու և ուղղելու վրա: Մարդը երբեմն ինքն իրեն է պատժում: Ինքնապատժումից հետո նա իրեն հերոս է զգում:
2. Մեղքի մշակույթով մեծացած երեխաները սովորում են խնդիրներին ոչ թե լուծում տալ, այլ արդարանալ: Կամայական դիտարկում կամ նկատողություն նրանց կողմից ընկալվում է որպես մեղադրանք, որից իրենք պետք է մեղավոր զգան, արդարանան, պատժվեն ու թեթևություն զգան: Ահա ողջ շրջապտույտը: Նման մարդիկ իրենց արարքները գցում են այլոց վրա, բացատրում այլոց արարքներով: Նման մարդկանց գործիքներից է նաև դիմացինին հեշտությամբ մեղավոր սարքելը: Մեղքի զգացմամբ ապրող երեխաների ու մեծահասակների հետ շատ բարդ է որևէ խնդրով առնչվելն ու որևէ բան քննարկելը, քանզի այն վերածվում է մեղք-արդարացում-պատիժ-թեթևություն շղթայի՝ առանց արդյունավետ ավարտի:
Պատասխանատվություն: 1. Սա լրիվ այլ բան է, արդեն արվածի գիտակցումն է: Երբ գիտակցում ես, դա ինքդ ես արել, հետևանքները քո հույսին են, կոմպենսացիան՝ նույնպես: Ինչ խոսք, շատ բարդ է երեխայի մոտ զարգացնել պատասխանատվության զգացում՝ մեղավոր դարձնելու փոխարեն: Պատասխանատու լինել նշանակում է ամեն արարքից առաջ հիշել, որ հետևանքները մնալու են քո ուսերին, չեն փնտրվելու մեղավորներ, չի լինելու պատիժ ու թեթևացում, այլ վերլուծվելու է արարքը՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս եղավ, ո՞րն էր սխալը, ո՞րն է դրա ճիշտ տարբերակը, տրվելու է հարցի լուծում: Սա պետք է պարզ քայլերով մատուցվի երեխային: նա պետք է սովորի մտածել, այլ ոչ պատժվել:
2. Ընկերներիցս մեկի օրինակն ինձ ամենաշատն է դուր գալիս: «Երբ տղաս երեկոյան հրաժարվեց քնել, ես չստիպեցի, ասացի՝ եկ փորձենք՝ ինչ կլինի, եթե շատ ուշ քնես: Նա քնեց գիշերը երկուսին մոտ: Առավոտյան զարթնեց հոգնած-թլված, բողոքեց ինքնազգացողությունից: Ես նրան հիշեցրի, որ դա ուշ քնելուց է՝ առանց նախատելու ու բարկանալու: Պարզապես փաստն արձանագրեցի: Հետո նա ուշացավ մանկապարտեզից ու չմասնակցեց առավոտյան ներկա-բացակային ու նախաճաշին, որը շատ է սիրում: Երեկոյան ինձ ներկայացրեց իր եզրակացությունն այն մասին, որ ինքը մտածել ու հասկացել է՝ ուշ քնելն իրեն պետք չէ, և էլ ուշ չի քնելու»: Սա պատասխանատվություն ներմուծելու փայլուն օրինակ է:
Ֆիքսենք տարբերությունը. պատասխանատու երեխան նեղվում է արարքի արդյունքից ու ինչ-որ բան որոշում անել/չանել, արդյունավետ եզրակացության գալիս, իսկ մեղավոր երեխան նեղվում է, չարանում, վախենում պատժից ու էլ ոչինչ չի անում: Մեղավորը նկատողությունն ընկալում է որպես մեղադրանք, իսկ պատասխանատուն՝ որպես ազդանշան, որ ինչ-որ բան այն չէ, պետք է քայլ ձեռնարկել: