ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրի 2015թ. նոյեմբերի 12-ի թիվ 11 Իրականացման նամակով ներկայացվել է «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» դրամաշնորհային ծրագիրը, որը կոչված է օժանդակել ՀՀ կառավարությանը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության խթանմանն ուղղված ջանքերի իրագործման հարցում:
Մինչև 2017թ. հուլիսի 11-ն իրականացվելիք ծրագրի 356 հազար 205 ԱՄՆ դոլարն ուղղվելու է հետևյալ երեք նպատակի իրականացմանը.
-«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում եղած ֆոնդային նյութերի թվայնացում և հրապարակում,
-արդյունահանող ճյուղերի թափանցիկության (ԱՃԹ) նախաձեռնությանը միանալուն ուղղված նախապատրաստական քայլերի իրականացում,
-հանրային իրազեկման որոշակի գործողությունների իրականացում:
Թափանցիկությունը ենթադրում է, որ պետական պաշտոնյաների որոշումներն ու գործողությունները բաց լինեն հասարակության համար, քանի որ հասարակությունն ունի տեղեկության հասանելիության իրավունք: Ծրագիրը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետությանը և պետական քաղաքականության մշակման գործում պետություն-հանրություն համագործակցության խորացմանը: Հանքարդյունաբերության տվյալների շտեմարանի թվայնացումը և տեղեկության հանրայնացումը, ինչպես նաև ԱՃԹ նախաձեռնությանն անդամակցելուն ուղղված ՀՀ ջանքերը կհանգեցնեն ավելի բաց և արագ արձագանքող քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
Ծրագրի շնորհիվ հսկայական ծավալի տեղեկություն հասանելի կդառնա նախանձախնդիր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների, կրթության ոլորտի ներկայացուցիչներին և քաղաքացիներին, ինչը կհանգեցնի կառավարության հետ ոլորտի վերահսկման և քաղաքականության մշակման շուրջ բովանդակալից երկխոսության ծավալմանը:
Միաժամանակ ԱՃԹ նախաձեռնությանն անդամակցելուն ուղղված առաջին քայլերի իրականացման միջոցով ծրագիրը հանքարդյունաբերության ոլորտի առավել մտահոգիչ կողմերի` ներառյալ հանքարդյունաբերությունից ստացված եկամտի վերաբերյալ բազմակողմ` կառավարություն-բիզնես-քաղաքացիական հասարակություն հանրային քննարկման սկիզբը կդնի:
Համաձայն 2015թ. նոյեմբերի 12-ին ստորագրված Իրականացման նամակի՝ ՀՀ կառավարության աշխատակազմը ծրագրի կենսագործման պատասխանատուն է: Նկատի առնելով այս իրողությունը՝ ՀՀ կառավարությունն իր ս.թ. հունվարի 20-ի նիստում դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016թ. նախահաշիվը հաստատելու որոշում է ընդունել: Սույն իրավական ակտը թույլ կտա ապահովել ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացը: