Ի թիվս մի շարք գործոնների` հատկապես հարթավայրերում գյուղատնտեսության զարգացման գործում մեծ նշանակություն ունի ոռոգման ջրի բավարար քանակի ապահովումը:
Վերը նշված խնդրի լուծման համար ՀՀ ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին: Հիշյալ ծրագրի ընդհանուր արժեքը 75 միլիոն եվրո է, և այն հնարավորություն կընձեռի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները, մասնավորապես՝ Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարության միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժնի փոխանցմամբ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության և ՀՀ Էկոնոմիկային նախարարության միջև 2011 թվականին կնքված Համագործակցության արձանագրության շրջանակներում իրականացվող սույն ծրագիրը ԶՖԳ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվող առաջին փոխատվությունն է Հայաստանում իր գործունեությունը ծավալելուց ի վեր:
Վերը նշված ծրագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ Ֆինանսների նախարարությունում: