ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հայազն» միության մի խումբ անդամներ, համակիրներ և գործընկերներ 
• Քննելով Հայաստանի քաղաքական համակարգի և սահմանադրական կարգի առկա ճգնաժամի պատճառները,
• Հաստատելով, որ ազգային սպառնալիքները և մարտահրավերները պահանջում են հրատապ լուծումներ, իսկ քաղաքական դաշտում գործնականում բացակայում է հայությանը ոգեշնչող ազգային-քաղաքական միտքը, կազմակերպվածությունն ու վճռականությունը,
• Հաշվի առնելով, որ չնայած խեղված ժողովրդավարությանը, պետական քաղաքական կառույցը, այնուամենայնիվ, որոշ հնարավորություն տալիս է արձանագրելու քաղաքական գաղափարների, դիրքորոշումների և ծրագրերի ժողովրդական աջակցության աստիճանը:
• Նպատակ ունենալով ծանրակշիռ տեղ գրավել քաղաքական դաշտի ազգային բևեռում, հանրային լայն մասնակցությամբ ձևակերպել նորօրյա ազգային նպատակներ, կազմել դրանց իրագործմանն ուղղված ծրագրեր, ընտրել և հանրությանը ներկայացնել այդ ծրագրերն առաջ մղող քաղաքական գործիչների թիմ:
Հիմնադրում են նոր ազգային-քաղաքական միավոր` «Հայազն» կուսակցություն: 
Ժամանակի ընթացքում «Հայազն» կուսակցությունը, ընդլայնելով սեփական շարքերը կամ միավորվելով այլ ազգային-քաղաքական կառույցների հետ, պիտի փորձի վերաճել համազգային շարժման նոր ալիքի և հանդես գալ որպես այդ շարժման քաղաքական կազմակերպություն:

«Հայազն» կուսակցության ծրագրի նախագծի հիմնադրույթներն են. 
1. Գաղափարական սկզբունքները, քաղաքական դիրքորոշումները, ընթացիկ և հեռահար նպատակները արտահայտում են ոչ թե հատվածական-կուսակցական շահերը, այլ անդամների հավաքական պատկերացումը հայ ազգի առաքելության և նպատակների մասին:
2. Կուսակցության գաղափարախոսությունը բխում է հայ սերունդների հետևյալ պարտականություններից. 
• հարատև պահպանել և բազմացնել Հայոց ոգու կրող մեր ժողովուրդը, ազատել ու պաշտպանել նրա հայրենիքը, մեծացնել արդի և ապագա մարտահրավերներին դիմակայելու ազգային ներուժը; 
• գործել ազգային մտքի և կամքի ազատությամբ, պահպանել և ընդլայնել անկաշկանդ և ազգային առաքելությանը համահունչ գործելու կազմակերպական հնարավորությունը` ազգային-պետական անկախությունը;
• իրապես ճանաչել, ազատ և անկեղծ ընտրությամբ հավատարիմ մնալ ազգային հոգևոր արժեքներին, փոխանցել դրանք հաջորդ սերունդներին:
3. «Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային-պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին: 
4. Կուսակցությունը
• Դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավվմանը: 
• Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում: Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:
• Կարևորում է Ազգային ինքնության պահպանման և հոգևոր-մշակութային զարգացման խնդիրները, այդ թվում Հայոց լեզվի գերակայության, որակյալ ազգային կրթության, մշակույթի ապաշուկայացման և հակամշակույթի սահմանափակման հարցերը: 
• Տնտեսական համակարգի նշանակությունը սահմանափակում է ազգային-ընկերային նպատակները սպասարկելով, որոնցից առաջնային են պաշտպանունակությունը, ժողովրդագրությունը, տարածքային համաչափ զարգացումը, ընկերային արդարությունը , ներազգային համերաշխությունը և բնական միջավայրի պահպանումը: 
• Ներքաղաքական կյանքում կուսակցությունը պայքարում է իշխանության կամ հատվածական խմբերի կողմից վարչական, նյութական կամ ուժային լծակներով արդարությունը, ազգային ինքնիշխանությունը և կամարտահայտությունը սահմանափակելու բոլոր դրսևորումների դեմ: 

«Հայազն» կուսակցության կանոնադրության հիմնադրույթներն են.
1. Կուսակցությունը քաղաքական կյանքում ազգայնորեն նպատակամղված ընտրողների, կազմակերպական կամավորականների և քաղաքական գործիչների համախմբման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքական գործընթացներին առավել կազմակերպված մասնակցելու նպատակով ստեղծված հանրային միավորում է: 
2. Գործում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, ներքին ժողովրդավարությամբ և ինքնաֆինանսավորմամբ: 
3. Կազմակերպական կառույցը հնարավորություն է տալիս ոչ միայն անդամների, այլև համակիրների մասնակցությամբ ձևավորել ազքային-քաղաքական օրակարգ, բանաձևել դիրքորոշումներ, վարկանիշային քվեարկությամբ ընտրել քաղաքական թիմ, կազմակերպել նրա մասնակցությունը քաղաքական կյանքին և իշխանության մարմինների ընտրությանը: 
4. Անդամագրումն ազատ է, անդամության մերժումները և հեռացումները` միայն որոշակի բացառիկ դեպքերում: Անդամների իրավունքներն ու պարտականությունները հավասարակշռված են: 
5. Կազմակերպական կառույցի հիմքում խմբերն են, որոնք միավորվում են տարածքային ստորաբաժանումներում` մասնաճյուղերում: Բարձրագույն մարմինը Համագումարն է: Դրանց միջև ընկած ժամանակահատվածում մշտական գործող ղեկավար մարմինը Կենտրոնական Վարչությունն է:

«Հայազն» կուսակցության համագումարը տեղի կունենա 2013թ փետրվարի 1-ին, ժամը 11.00-ից, Երևանի «Անի-պլազա» հյուրանոցի մեծ սրահում:

«Հայազն» կուսակցության հիմնադիրներ:

Նախաձեռնող խումբ՝ 099 36 57 81
095 28 48 92
[email protected]
[email protected]

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել