Բոլորս գիտենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների որորտը գործադիրի կողմից ճանաչվել է որպես գերակա, և արդեն տարիներ շարունակ հետևողական հետաքրքրություն ու աջակցություն է ցուցաբերվում ոլորտի ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, նոր նախաձեռնություններին: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ, և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: Նշյալ ոլորտի զարգացման խթաններից է այն փաստը, որ 2014 թվականի կեսերից ՏՏ ոլորտի նորաստեղծ կազմակերպությունների համար սահմանվել է հարկային արտոնություն, որը թույլ է տալիս ոլորտի ստարտափային կազմակերպություններին, տնտեսելով հարկային վճարները, ֆինանսական ռեսուրսներն ուղղել պրոդուկտների մշակմանը, գործունեության կայացմանն ու իրացմանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Ինչպես տեսանք, վերը նշված որոշման արդյունքը երկար սպասել չտվեց. 2015 թվականի «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի ժամանակ արդեն 38 նորաստեղծ ձեռնարկություն ցուցադրում էին իրենց աշխատանքները: 2015 թվականին ոլորտն արձանագրել է 20 տոկոսանոց աճ, և ձևավորվել են 60 նորաստեղծ կազմակերպություններ: Հաջողություններով ոգեշնչված՝ քննարկումներ սկսվեցին մասնավոր-պետություն համագործակցությամբ նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարի շուրջ, որը կարող է մեծ հեռանկարներ ունենալ:
Օրեր առաջ կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով:
Հարկ է նշել, որ այցի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը և ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Կարևորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից և նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաև մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը: