Արծաթե հայելի սկյութական դամբանաթմբերից (Ք.ա. VII դար):
Հայելու հակառակ կողմը զարդարված է փորագրություններով և ծածկված է ոսկու բարակ նկարազարդված շերտով:

Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ
Այստեղից

mirror skiph

Ոսկյա շերտը բաժանված է ութ հատվածի, պատկերված են կենդանիներ և անհայտ առասպելաբանական սյուժեներ: Վերին հատվածում պատկերված է թևավոր աստվածուհին` կենդանիների տիրակալ Կիբելան, որը պատկերված է առյուծների առջևի թաթերը բռնած: Հաջորդ հատվածում պատկերված է առյուծի և ցլի «մենամարտը», իսկ ստորին հատվածում` վարազ:

Կիբելայի պատկերագրությունը հետաքրքիր առանձնահատկություններ ունի առաջավորասիական մշակույթի մեջ:
Կիբելան փոքրասիական ծագմամբ աստվածուհի է, որի պաշտամունքը բավականին տարածված էր հին աշխարհում: Պաշտամունքը անտիկ աշխարհում տարածվել է հույների շնորհիվ, որոնք փոխառել էին Կիբելայի պաշտամունքը փոքրասիական գաղութների իրենց հարևաններից` փռյուգիացիներից: Փռյուգիերեն նրա անունը հնչել է Matar Kubeleya` Լեռների/Լեռնային (՞) մայր: Նրա փոքրասիական ծագման մասին են վկայում իր ատրիբուտները` լեռները, բազեներն ու առյուծները: Անտիկ պատկերագրության մեջ Կիբելան պատկերված է առյուծների և հովազների ուղեկցությամբ, և պատկերագրության մեջ այդ ատրիբուտների պահպանումը գիտնականներին թույլ է տվել մի վարկած առաջարկել, ըստ որի՝ փռյուգիական Կիբելան կարող է ծագումնաբանորեն կապված լինել Չաթալ-Հույուքի (անտիկ Լիկաոնիա) մայր-աստվածուհու հետ, առավել ևս, որ Փռյուգիան և Լիկաոնիան նույն տարածաշրջանում են գտնվում: Չաթալ Հույուքի արձանիկը պատկերում է առյուծներ ծնող աստվածուհուն: Համեմատեք.

Չաթալ Հույուք Ք.ա. VI հազարամյակ:
seatgoddesscatalhuyuk

 

Քիչ´մ փոփոխված գեղագիտական նորմերով` Կիբելա, Ք.ա. III դար (այժմ Նեապոլի Ազգային թանգարանում):

kibela magna mater


Կիբելայի ծագման մասին կա ևս մեկ կարծիք, ըստ որի՝ Կիբելան շումերական Կուբաբա աստվածուհու փոքրասիական արտացոլումն է: Կուբաբան շումերական «Արքայացանկի» միակ կին թագուհին է, Քիշի III հարստությունից, որը կառավարել է վաղ դինաստիական շրջանում (մոտավորապես Ք.ա. 2500-2330 թթ.):

Կուբաբայի պաշտամունքը լայնորեն տարածված էր Միջագետքում: Նա Կարքեմիշի հովանավոր աստվածուհին էր, և ըստ որոշ գիտնականների՝ հենց Կարքեմիշից է Կուբաբայի պաշտամունքը տարածվել խեթական աշխարհում (XIV դարի առաջին կեսին Կարքեմիշն ընկավ խեթական տիրապետության տակ): Ընդ որում, այն տարածված է եղել հիմնականում խուրրիների և լուվիացիների շրջանում: Ինչևիցե, այս վարկածները դեռ քննարկման ընթացքում են:

Ստորև Կուբաբայի ուշխեթական բարձրաքանդակն է: Մի ձեռքում հայելի է, մյուս ձեռքում` նուռ: (Կարքեմիշի բարձրաքանդակներն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ):
Հայելիով սկսեցինք, հայելիով ավարտեցինք:)

Կուբաբա, Կարքեմիշ: Ք.ա. 850-750 թթ:

Kubaba
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել