Մի նյութ էի տարածել 5-7 դարերի մեր պատմության մասին: Տեսնելով, որ ընթերցողը վատ է տեղեկացված այդ շրջանին, ներկայացնում եմ հատված իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքից
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊--------------
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Քրիստոնեության հաստատումով Հայաստանի ներքին կյանքն ամենևին չխաղաղվեց: Առաջացան տարաձայնություններ արդեն բուն քրիստոնեական հավատքի ներսում, որի արդյունքում ձևավորվեցին մի շարք շարժումներ: Մի կողմ թողնելով պաշտոնական եկեղեցու հետ ունեցած նրանց նուրբ դավանաբանական տարաձայնությունները, անդրադառնանք միայն սոցիալ քաղաքական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող թեզերին: Այդ շարժումներից մանիքեականները մերժում էին քրիստոնեության բացասական վերաբերմունքը մարդու աշխարհիկ կյանքի նկատմամբ և, երկինքը աստվածների համար բավարար համարելով, պահանջում էին երկրի վրա վերականգնել մարդու իրավունքը, նրան դարձնել դրա տերը և այն ծառայեցնել իր իսկական տիրոջ կարիքներին: Հինգերորդ դարում քրիստոնեության համար լուրջ վտանգ էր արդեն բորբորիտների շարժումը, որի անդամները հանդես էին գալիս որպես կամքի ազատության կողմնակիցներ, հակադրվելով քրիստոնեական ճակատագրապաշտությանն ու մերժելով եկեղեցու ղեկավար դերը մարդկանց կյանքի կազմակերպման գործում: Մեկ այլ շարժմանª մծղնեականության հետևորդները բացասաբար էին վերաբերվում եկեղեցու մեջ սրբագործված ծիսակատարություններին:
Իշխող դավանանքին հակադրվող բոլոր այս շարժումների հետևորդները դաժանորեն ոչնչացվեցին: Այսպես, Խորենացին գրում է, թե Սահակ Պարթև կաթողիկոսը ՙհրամայում է քննել պղծագործ բորբորիտներին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարելով հալածել, ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի՚:
Սա հայ ժողովրդի սերքուցքին հասցված երկրորդ խոշոր հարվածն էր:
ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐ
Ըստ բյուզանդական աղբյուրներիª պավլիկյան շարժման հիմնադիրը եղել է մանիքեական մի հայ տիկնոջª Կալինիկեի որդի Պավղոսը, որն իր որդիների և եղբոր հետ Հայաստան գալովª մեծ գործունեություն է ծավալել: Պավլիկյանները մարդու ակտիվ գործունեության սկզբունքի կողմնակիցներ էին և ձգտում էին երկրի վրա իրականացնել այն, ինչը եկեղեցին խոստանում էր երկնքումª արդարություն և հավասարություն: Մարդու իրավունքի, նրա ազատագրության հարցը գլխավորն էր նրանց համար: Մարդուն նյութի գերությունից ազատել, վերջ տալ ամեն տեսակ ավելորդապաշտություններին, երկրի վրա հավասարություն ստեղծելª այս էր պավլիկյանների նպատակը:
Պավլիկյանները մերժեցին եկեղեցական ճոխ արարողությունները, հակադրելով դրանց սկզբնական քրիստոնեության պարզ աղոթքները սովորական աղոթատներում: Բարձր իդեան չպետք է ապականվի, մարդը չպետք է ստորանա և ծունկի գա նյութի առաջ: Խաչը փայտի կամ երկաթի մի կտոր է, ի±նչ զորություն կարող է ունենալ դա, որ հարկ լինի դրան երկրպագել: Մի փայտի կամ երկաթի կտոր ի±նչ կարող է անել մարդու համար և առհասարակ մի±թե կարելի է մի որևէ բան հայցել դրանից: Մաքուր գաղափարականությունը ոսկյա խաչերի և նման արդուզարդերի հետ առնչություն չունի: Ահա այսպես էին դատում պավլիկյանները:
Նրանք այլոց նման հույսը չդրին ինչ-որ մեսիայի գալստյան վրա, այլ զենքը ձեռքներին դուրս եկան երկրի կառավարիչների դեմª սարսափ տարածելով անգամ բյուզանդական կայսրերի վրա: 720 թվականին Դվինի եկեղեցական ժողովը հատուկ որոշում ընդունեց պավլիկյանների դեմ պայքարի մասին, ուր ասված էր. ՙՉպետք է չարաղանդ մծղնեների, որ կոչվում են պավլիկյաններ, աղոթատեղերում որևէ մեկը աղոթի, այլ ընդհակառակը, անհրաժեշտ է հեռանալ նրանցից, գարշել և ատել նրանց, որովհետև նրանք սատանայի որդիներ են և հավիտենական հրի լուցկիներ, որ հեռացել են արարչի կամավոր սիրուց: Եթե լինի մեկը, որ հարաբերության մեջ մտնի նրանց հետ և սիրալիր ու բարեկամական կապեր հաստատի նրանց հետ, պետք է նրան ծեծել և ծանր պատիժներ տալ, մինչև որ զգաստանա և առողջանա հավատի մեջ: Իսկ եթե կրկին այդպիսիները հարեն աղանդին, ապա հրամայում ենք այդպիսիներին բոլորովին կտրել և դուրս նետել քրիստոսի եկեղեցու անդամներից, իբրև ժանտախտի, քանի որ այդպիսին իբրև դառն արմատ հանդես գալով կհորդորի ուրիշներին և նրա միջոցով շատերը կպղծվեն՚:
Այս որոշման ընդունման նախօրեին Հովհան Օձնեցին համաձայնության է գալիս արաբական պետության ներկայացուցիչ Վլիթ ոստիկանի հետª պավլիկյան շարժումը ճնշելու համար: Արաբները սիրահոժար հալածեցին պավլիկյաններին, նրանց առաջնորդը սպանվեց մարտում, իսկ դավանանքին հավատարիմ մնացածները՚ ողջողջ այրվեցին խարույկի վրա:
Բայց դաժան այդ պատիժներն անկարող եղան մարել պայքարը: Շարժման օջախներն արագորեն բազմանում էին և շուտով ընդգրկեցին նաև Արևելյան Հայաստանը: Պավլիկյանները ռազմական մի շարք հաջողություններ ունեցան, որոնց շնորհիվ զգալիորեն մեծացավ շարժման մասնակիցների թիվը: Սա սաստիկ անհանգստացնում էր հայ եկեղեցուն, և նրա հորդորով բյուզանդական կայսրերը, արաբ ոստիկանները ավելի քան երկու հարյուր տարի պավլիկյաններին խարանեցին, այրեցին խարույկների վրա, մորթեցին, սպանեցին զենքը ձեռքին:
872 թվականին տեղի ունեցած ճակատամարտում կրած պարտությունից հետո պավլիկյանների զգալի հատվածը բռնագաղթելովª հաստատվեց Բալկանյան թերակղզում:
Սա հայ ժողովրդին հասցված երրորդª խիստ դաժան հարվածն էր:
ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ
Մի որոշ ժամանակ անց սկիզբ առավ նոր շարժումª թոնդրակյանությունը, որին հարեցին նաև ազնվականներ ու բարձրաստիճան հոգևորականներ: Հայ կառավարիչները կրկին դիմեցին բյուզանդական կայսրության օգնությանը, և արդյունքը եղավ այն, որ կամք դրսևորելու ընդունակ հայերը ևս երկու հարյուր տարի ամենադաժան միջոցներով ոչնչացվեցին իրենց իսկ երկրում: Ով հաջողեցրեց` բռնեց Եվրոպայի ճամփանª Վերածնունդ պարգևելու աշխարհի այդ հատվածին, իսկ Հայաստանը դադարեց գոյություն ունենալ որպես երկիր:
Համաձայն պատմական փաստերի, այդ նույն ժամանակներից սկսած ժողովուրդը թաղվեց նյութապաշտության ճահճի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել