Lragir.am-ը գրում է․
Այս փուլում անհրաժետություն է առաջացել, որ Հայաստանը վերանայի իր էներգետիկ քաղաքականությունը, քանի որ ամբողջ աշխարհում էներգակիրների գները նվազում են: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե գազի գնի նվազեցման հարցով դիմել են ռուսական կողմին:

Հովիկ Աբրահամյանը գործարարների հետ հանդիպմանն ասել է, որ էներգակիրների հարցով ՀՀ իշխանությունները դիմել են ՌԴ իշխանություններին և ակնկալում են ստանալ հարցի դրական լուծում: Նա այդ հայտարարությունն արել է գործարարների այն դժգոհությանն ի պատասխան, թե ներմուծվող գազի սակագինը բարձր է: Գործարարները խնդրել են վարչապետին, ելնելով էներգակիրների գների համաշխարհային դինամիկայից, դիմել ՌԴ-ին ներմուծվող գազի սակագնի նվազեցման և արտադրողների համար ազգային արժույթով գնագոյացման խնդրանքով:

Աշոտ Եղիազարյանն ասում է, որ այսօր Հայաստանում  ոչ նորմալ վիճակ է ստեղծված՝ ամբողջ աշխարհում էներգակիրների գներն իջել են՝ թե նավթինը, թե գազինը, Հայաստանը շարունակում է այդ վառելիքը ստանալ ռուսական ընկերություններից, որոնք մոնոպոլ մատակարարներ են, և գինը համարժեք չէ գործող շուկայական գներին:

«Դրա հետևանքով անբնական վիճակ է ստեղծվում, այսպիսի պայմաններում Հայաստանի տնտեսության մրցունակության մասին չի կարող խոսք լինել: Երբ աշխարհի տնտեսություններն արդեն սկսել են աշխուժանալ, աճ ապահովել՝ կապված էներգակիրների էժան գների հետ, մենք սպառում ենք բարձր գնով էներգակիրներ»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի ՝ բնական է, որ հիմա պետք է ելք փնտրել: Իրական ելքը, սակայն, այն կլիներ, որ Հայաստանն ազատ լիներ ցանկացած աղբյուրից էներգակիներ գնելու հարցում և ոչ թե կցված լիներ ռուսական մոնոպոլ Ռոսնեֆտ ու Գազպրոմ ընկերություներին: Այդ դեպքում արդեն, նրա խոսքով, խոսք կգնար իրական մրցակցային գների մասին, այսինքն՝ Հայաստանը կունենար էներգակիրները շուկայական գներով ձեռք բերելու հնարավորություն:

«Այսօր, սակայն, Հայաստանն անիմաստ տեղը հայտնվել է խնդրողի դերում, խնդրում է, որ իջեցնեն էներգակիրների գները: Թե ինչքան կիջեցնեն, դա հարցի մյուս կողմն է, բայց խնդրի լուծումն այս տարբերակավ արդյունավետ չէ»,- ընդգծեց նա:

Աշոտ Եղիազարյանը չի բացառում, որ ռուսական կողմը էներգակիրների գնի որոշակի զեղչ կկիրառի Հայաստանի համար: Բայց դա կլինի ժամանակավոր լուծում, և ստեղծված իրավիճակում դա ճիշտ տարբերակը չէ, որովհետև այսօր համաշխարհային էներգետիկ համակարգը փոփոխություններ է կրում: Այս պայմաններում ճիշտ ու հեռանկարային չէ ավանդական սխեմաներով աշխատելը:

«Այսինքն՝ պետք է ընդհանրապես փոխել այդ շուկայում աշխատելու եղանակները, այդ թվում՝ իրավապայմանագրային հարաբերությունները, որով Հայաստանն աշխատում է վերջին տարիներին, հատկապես 2013 թվականից սկսած: Ես կարծում եմ, որ այս խնդիրն ամենաէականն է և պետք է փորձել աշխատել դրանց վերանայման ուղղությամբ, պարզապես հրաժարվել այդ պրակտիկայից: Իսկապես հեղափոխական փոփոխություններ են տեղի ունենում համաշխարհային էներգետիկ շուկայում, այսպիսի կոնսերվատիվ կեցվածքը շարունակելը ոչ մի տեղ չի հասցնի»,- ընդգծեց տնտեսագետը:

Օրերս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ բացառում է ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ ներկրելը: Աշոտ Եղիազարյանն ասում է, որ աշխարհում ընթացող այս փոփոխությունների պայմաններում ոչինչ չպետք է բացառել: «Այս պայմաններում Հայաստանը պետք է փորձի իր քաղաքականությունը մշակել և ելնի իր շահերից»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել