PanARMENIAN.Net-ը գրում է.
2015-ի ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հունվարի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:
2014-ին երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել:
Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Դուրյանը նկատել է, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնել է, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները, գրում է Times.am-ը:
Դուրյանը ներկայացրել է նաև 2015-ին գրանցված ընտանեկան բռնություններիվիճակագրությունը: Ըստ դրա՝ գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից 150-ով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 2014-ին դեպքերի քանակը եղել է 678, որից քրեական գործեր հարուցվել են 76-ով, գրում է Aravot.am-ը:
Դուրյանը նշել է, որ 2015-ին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերը 471 են եղել, իսկ 2014-ին՝ 410: Ավելացել նաև կնոջ կողմից ամուսնուն բռնություն ենթարկելու դեպքերը: 2015-ին գրանցվել է 15 այդպիսի դեպք, իսկ 2014-ին՝ 6: Ծնողի կողմից զավակի նկատմամբ բռնությունների 65 դեպք է գրանցվել 2015-ին, իսկ 2014-ին՝ 62: Զավակի կողմից ծնողի նկատմամբ բռնությունների դեպքերում աճ կամ նվազում չի եղել: Եվ 2015-ին եւ 2014-ին գրանցվել է 106 այդպիսի դեպք:
2014-ի համեմատ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2015-ին նվազել են: Դուրյանի խոսքով՝ 2014 -ին անչափահասների կողմից կատարվել են 389 հանցագործություն, իսկ 2015-ին՝ 385:
«10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335 հանցագործություն է եղել, իսկ այս տարի 325»:
Անդրադառնալով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնույթներին, Դուրյանն ասել է, որ 2014-ին գրանցվել է սպանության 2 դեպք, իսկ 2015-ին՝ ոչ մի:
«Նախորդ տարի գրանցվել է ավազակային հարձակման 4 դեպք, իսկ այս տարի՝ 0»:
Թմրանյութ օգտագործելու դեպքերը նվազել են 2-ով: 6-ը 4-ի համեմատ:
Աճ է արձանագրվել անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերով: 2014-ին եղել է 181 այդպիսի դեպք, իսկ 2015-ին՝ 195: Այս տարի նաև արձանագրվել է անօրինական զենք կրելու դեպքերի աճ. 2014-ին՝ 14, իսկ 2015-ին՝ 19:
Գնդապետը նկատել է, որ այդ անչափահասները հիմնականում կաստետներ են կրել իրենց մոտ: Հինգով ավելացել են ավտոմեքենա գողանալու դեպքերը. 9-ը 4-ի դիմաց:



