Պատմությունը ցույց է տալիս, որ թալանողներն ու ավարառուները բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում մարդկանց մոտ միշտ տագնապի զգացում ու վախ, հետևաբար՝ իրենց նկատմամբ արհամարհանք և զզվանք են առաջացրել, և որպես օրենք ավարառությունը միշտ խստագույնս դատապարտվել և պատժվել է հասարակությունների կողմից: Հին աշխարհի ստրկավաճառներից ու հետմիջնադարյան ծովահեններից, ճանապարհի ավազակներից ու քարվան կտրողներից սկսած մինչև ժամանակակից միջազգային փքուն «բրենդներով» հանդես եկող տարաբնույթ «կազմակերպությունները», որոնց առանց չափազանցնելու կարելի է նոր կորսարներ անվանել, որոնք հազարապատիկ ավելի վտանգավոր են միասին վերցրած իրենց բոլոր նախորդողներից, քանզի «…գալիս են մեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են», մշտնջենապես մեկ խնդիր են լուծել և լուծում` կողոպտել և արագ «ցվրվել»:
Ներկայումս կիրառվող ավարառության առավել «քաղաքակիրթ» տեխնոլոգիաների նախատիպերն են իսպանական կոնկիստադորներն ու նրանց հաջորդած անգլոսաքս ավազակախմբերը, որոնք ամերիկյան մայրցամաքի տեղաբնիկ, հոգով մաքուր ու պարզամիտ, այդ բաշիբոզուկներին միամտաբար իրենց աստվածների հետ շփոթած խեղճ հնդկացիների անարատ ոսկու մեջ արտահայտված ողջ մշակութային հարստությունը թալանեցին ու տարան, տեղը փայլփլուն հայելիկներ ու արժեք չունեցող ապակյա մանր-մունր զարդարանքներ թողնելով, այդպիսով ոչնչացնելով մարդկային քաղաքակրթության ամբողջ մի շերտ: Այսօր էլ նույնն է, և այն ժամանակների հետ համեմատած գրեթե ոչինչ չի փոխվել, միայն կիրառվում են ալան-թալանի էլ ավելի հնարամիտ, նրբին տեխնոլոգիաներ: Այսօրվա ԱՎԱՐԱՌՈՒՆԵՐՆ արդեն հանդես են գալիս տեղաբնիկ, իրենց տերերի սեղանի փշրանքներով կերակրվող դրածոների միջոցով, որոնք մաքուր սափրված, թանկարժեք հանդերձներ հագած, տարանուն առաջնակարգ համալսարանների դիպլոմները ձեռքներին, քաղաքավարի, պարկեշտ, մարդկանց ապագայով մտահոգված ու նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծմամբ զբաղված, եթե պետք է քո լեզվով խոսող, քո հայրենակից ու երկրացի, քո պրոբլեմներով գոնե քեզ հավասար, եթե ոչ քեզանից ավելի մտահոգ, «հայրենասեր» ու «ազգասեր» և այլն, և այլն… Մարդու կերպարանք ունեցող արարածներ են, սակայն սրանց նպատակը դարձյալ մեծ հաշվով նույնն է`անել այն, ինչ իրենց տերերն են հրահանգել` ԿՈՂՈՊՏԵԼ ԵՎ ԱՐԱԳ «ՑՎՐՎԵԼ»: 
Այսօրվա, ալան-թալան իրականացնողները`ժամանակակից կոնկիստադորները, իրենց տեղաբնիկ դրածոների միջոցով, օգտվելով պետությունների ծանր ֆինանսա-տնտեսական վիճակից, երկրների տնտեսական կառավարիչների ապաշնորհությունից, կրում, տանում են այդ երկրների հարստությունները, փոխարենը տալով չնչին մի գումար, ժամանակավոր աշխատատեղեր, թողնելով ժանտահոտ պոչամբարներ, ավերված ու ապականված բնություն և մթնոլորտ: Զարմանալու ոչինչ չկա, որ Հայաստանի և նման երկրների նկատմամբ (Ճ դասի երկրներ` Աֆրիկյան մայրցամաքի բոլոր երկրները, հարավ-արևելաասիական երկրները և այլն) կիրառվում է «ՀՈՒՄՔՆ ՈՒ ԳԵՐՇԱՀՈՒՅԹԸ` ՄԵԶ, ՊՈՉԱՄԲԱՐՆ ՈՒ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ՁԵԶ» մոտեցումը: Այսինքն՝ արդյունահանման հետ կապված բոլոր «կեղտոտ» տեխնոլոգիական գործընթացներն իրականացնել տեղում, թունավորել տեղի ազգաբնակչությանը, ապականել տեղի բնությունն ու մթնոլորտը, չնչին ծախսերով ստանալ խտանյութը, որն արդեն տեղափոխելով իրենց «մաքուր պահվող» երկրներներում գտնվող գործարանները, զտել այն և ունենալ գերշահույթներ:
Արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու, էլ չեմ ասում իրենց երկրների, նրա ազգաբնակչության ապագայի մասին հոգալ պարտավոր կառավարական այրերի համար, այսպիսի վերաբերմունքը պետք է առնվազն վիրավորական լիներ, և դրա` այդպիսի վերաբերմունքի, դեմ առաջին հերթին հենց նրանց կողմից պետք է որոշակի գործողություններ, հակամիջոցներ ձեռնարկվեին, բայց` ավաղ, ոչ մի ձայն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես այդ ավարառությունից սրանք էլ իրենց «հաշիվն» ունեն: Մյուս կողմից՝ իրոք գործից հասկացող տարբեր մասնագետների ցանկացած տրամաբանական ու խելամիտ առաջարկ` տեղում խտանյութերի վերջնային վերամշակման, և ինչ-ինչ պատրաստի ապրանքների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ, ինչը հայրենի բնության հարկադրված ապականմանը զուգընթաց, գոնե որպես չարյաց փոքրագույն, շատ ու շատ ավելի մեծ օգուտներ կբերեր երկրին ու նրա ժողովրդին, հանդիպում է կոշտ հակազդեցության, հենց մեր երկրի տնտեսության կառավարմամբ զբաղվողների կողմից: Չափազանց տարօրինակ է, թե ինչու ի սկզբանե հանքարդյունահանման վերաբերյալ սթափ տրամաբանությունից բխող միակ ճշմարիտ, «ջրի երեսին լողացող», իսկապես օգտառատ հայեցակարգ չի ընդունվել, կամ գոնե այժմ վիճակը շտկելու որևէ փորձ չի կատարվում… Դրա փոխարեն բազմաբնույթ պատճառաբանություններ են բերվում շուկաներում մրցակցության բարձր աստիճանի, այդ հումքերից մեր արտադրած կամ արտադրելիք ապրանքների որակական ցածր հատկանիշների, տնտեսական աննպատակահարմարության և այլնի մասին: Այսինքն`մեր կառավարողների կողմից գործ չանելու, այս վիճակը ինչպես որ կա պահպանելու պատճառաբանությունները` որքան ուզեք, գործի, երկրի ապագայի մասին մտահոգվածությունները`զրո, այնինչ ճիշտ հակառակ տրամաբանությունը պիտի գործեր: 

ՇՈՒՏՈՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ, ԵՎ ՀԱՐԿ Է, ՈՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐՆ ԱՅՍ ՄԱՍԻՆ ԱՐՏԱՀԱՅՏԵՆ ԻՐԵՆՑ ՀՍՏԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել