Ամենայն ուրախությամբ դարձյալ կգայի Խորհրդային Միություն, բայց անելիք շատ ունեմ: Մեր վիպասանները ֆրանսացի հրատարակիչների համար փնտրված հեղինակներ են: Պետք է,- հրաժեշտ տալով ասաց թուրք առաջադեմ գրողը (նա հակաամերիկյան թրքական շարժման գործուն մասնակիցներից է),- վերջացնեմ ձեռքիս գործը և սկսեմ աշխատանքը վաղուց մտածված մի գրքի վրա, որ լինելու է քսանական թվականներին իմ ժողովրդի վարած ազգային-ազատագրական պատերազմի մասին:

Քսան թվականներին նրա ազգային-ազատագրական բանակը Շիրակում ոչնչացրեց երկու հարյուր հազար հայ: Միլիոնատիրոջ որդի է, ուժեղ երկրի ներկայացուցիչ է, Թուրքիայի հետամնացությունը այս արագ քսաներորդ դարում այսօր-վաղը լուծվող հարց է, երեսուներեք միլիոն են և աճում են, հիսուն միլիոն են,- ի՞նչ է ասելու այս Նեֆզատ Ուստյունը իր ազգային-ազատագրական բանակի վայրագության մասին. ասելու է «երկու հարյուր հազար զավթի՞չ ոչնչացրին», մեկ միլիոնից երկու հարյուր հազարս զինվո՞ր էինք: Ասելու է «չենք ոչնչացրել, իրե՞նք են մեզ ոչնչացրել», ասելու է «լա՞վ ենք արել»: Դու և քո խիղճը, Նեֆզատ Ուստյուն, դու և քո խիղճը, ուրիշ ոչ ոք քեզ ոչինչ չի կարող ասել:

Ազնիվ Օքիոփերիձեն (հորենական ազգանվամբ՝ Խաչթովմասյանը) փնտրում է հորը՝ Համազասպ, մորը՝ Արուսյակ, եղբայրներին՝ Անդրանիկ, Պռոշ, Անուշավան, Մանուկ, Հարություն, Համբարձում, Գառնուկ (Ազնիվը Գառնուկի իսկական անունը լավ չի հիշում, ընտանիքի երեխաները նրան Գառնուկ էին ասում), քույրերին՝ Արփեն, Մարիամ, Շուշան Խաչթովմասյաններին (ծնված 1895-1913 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում), հորեղբայրներին՝ Արշակ, Սարգիս, Խաչատուր, նրանց զավակներին՝ Աշոտ, Արտաշես, Արտավազդ, Հակոբ, Գալուստ, մյուս Շուշան, Գուրգեն, Սուրեն, Աղավնի, Ոսկի, Թուխմանուկ Խաչթովմասյաններին, ծնված նույն քաղաքում: Անհետ կորել են 1915-ին: Ազնիվին փրկել է մի լեհ սպա: Լուրեր կան, որ Ազնիվի հարազատները կենդանի են և ապրում են Արգենտինա, Ավստրալիա կամ գուցե Ռուսաստան: Ազնիվենց տունը վանքի ետևն էր, տան ու վանքի արանքում այգին էր, այգում ջրհոր կար: Տեղեկություններն ուղարկել U.S.S.R. Армянская С.С.Р. Երևան, Ալավերդյան փողոց - 37, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությանը:

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ «ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ» ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ.- «Հերոսուհի մայր» պատվավոր կոչում շնորհել և «Հերոսուհի մայր» շքանշաններ ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի շնորհագրեր հանձնել տասը երեխա ծննդաբերած և դաստիարակած հետևյալ մայրերին.
1. Ֆրանգիզ Սուլթան կըզի ԱԲԴՈՒԼԱԵՎԱՅԻՆ - տնային տնտեսուհի, Սիսիանի շրջանի Դաստակերտ ավան:
2. Բախչագյուլ Շկոյի ԱՐԱԲՅԱՆԻՆ - սովխոզի բանվորուհի, Արագածի շրջան:

«Աշխարհի տասնչորս երկրներից, որպեսզի քննարկեն գալակտիկաներում կատարվող անկայուն երևույթներին վերաբերող մի շարք հարցեր, Երևան են ժամանել յոթանասուն խոշորագույն աստղաֆիզիկոսներ. դրանց մեջ են Լեյդենյան աստղադիտարանի վարիչ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ պրոֆեսոր Յան Օորտը (Հոլանդիա), արտաքին գալակտիկաների ականավոր հետազոտող Բերբիջի ամուսինները, պրոֆեսորներ Ցվեկին և Մինկովսկին (ԱՄՆ), միջազգային ռադիոկապի փոխնախագահ դոկտոր Լեքյոն (Ֆրանսիա), ակադեմիկոս Զիլդովիչը (ԽՍՀՄ), պրոֆեսոր Ֆուգիմետոն (Ճապոնիա), պրոֆեսոր Ուխտելը (ԳԴՀ), պրոֆեսոր Սերսիկը (Արգենտինա) և ուրիշներ:
Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը. ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին, նա նշեց խիստ կարևորությունը անկայուն երևույթների հետագա հետազոտության, որի նպատակն է լայնացնել հեռավոր գալակտիկաների կառուցվածքի և նրանց բաղադրած նյութերի դեռևս անհայտ հատկությունների գիտական պատկերացումները:
Գիտաժողովի մասնակիցները վաղը կլինեն Բյուրականի աստղադիտարանում, Մեծամորի պեղումնավայրերում, ինչպես նաև Էջմիածնում և Զվարթնոցում»:

«Հանրապետության գիտությունների ակադեմիայի հնագիտության թանգարանի արշավախմբերը ծավալուն պեղումներ են կատարում Հրազդան գետի դարավանդներում, Ծիծեռնակաբերդում, Շենգավիթում, Թեյշեբաինիում, Էրեբունիում, Մեծամորում, Արմավիրում և այլուր: Ամենուրեք հայտնաբերվում են նյութական մշակույթի մեծաքանակ արժեքներ: Թանգարանն ամեն տարի ստանում է հնագիտական միջին հաշվով երեք հազար առարկա: Կավե հազարավոր ամաններ, բրոնզե իրեր, դաշույններ ու կենցաղային այլազան առարկաներ են հայտնաբերվել Արթիկտուֆի հնագույն դամբարանադաշտի պեղումներից: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հառիճ գյուղի բերդ-ամրոցը, որ վերաբերում է մեր թվագրությունից առաջ երրորդ հազարամյակին: Հիշատակության արժանի է Մեծամորի հեթանոսական վիթխարի մեծությամբ մեհյանի, հնագիտական հազարավոր առարկաների, մետաղաձուլական հնոցների բացահայտումը: Լճաշեն գյուղում դամբարաններից հանվել են քառանիվ կառքեր... Պեղումնավայրերում կուտակվել էին նյութական մշակույթի այնքան արժեքներ, որ գիտությունների ակադեմիայի հնագիտության թանգարանի ղեկավարությունն ստիպված էր, դրանք տեղում պահպանելու նպատակով, թանգարաններ դարձնել Դվինը, Գառնին, Էրեբունին: Մեկ-երկու տարի հետո թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Արմավիրը, Լճաշենը, Գլաձորը, Սյունիքը, Աղստևի հովիտը, Սևանի ջրերից ազատված տարածությունները և, շատ հավանական է, ազատվելիք տարածությունները նույնպես: Մեր գործի կարևորությունը, ես կասեի համապատմականությունը, ընդգծելու համար բերեմ թեկուզ միայն մեկ իրողություն. մեծամորյան մետաղաձուլարանների հայտնաբերումը, գիտնականների ենթադրությամբ, արդեն ուղի է նշում դեպի մեր թվագրությունից առաջ տասնյոթերորդ դարում Եգիպտոսը նվաճած հիքսոսների առեղծվածի լուծումը: Ովքե՞ր էին հիքսոսները, որտեղի՞ց էին գալիս, որտե՞ղ էին կռանել իրենց երկաթե սրերը... Հին բնակավայրերի հայտնաբերման ու պահպանման գործում մեզ աջակցում է մեր բնակչությունը, չնայած որ քիչ չեն նաև այն անհատները, ովքեր...»:

Թուխ ու ջղային մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսից Ասորիք ու Փյունիկիայով Նեղոսի հովիտ մտավ և փարավոնների տասնյոթերորդ հարստությունը մեկ բախմամբ կործանեց ոչ այն պատճառով, որ տասնյոթերորդ հարստության վերջին գահակալները հզորություն չունեին, այլ շնորհիվ այն բանի, որ նվաճողները հատում ու խոցում էին պողպատե թրերով և նրանց մարտակառքերի անիվները շուրջանակված էին երկաթով, և նրանց նժույգներն ինչպես էլ սուրային՝ նրանց մարտակառքի անիվները փուլ չէին գալիս, քանի որ շուրջանակված էին երկաթով: Հյուսիսի իրենց լեռներից նրանք իջան ձիերի երախակալները կիպ բռնած, դանդաղ, ձիերին զսպելով, մտան ասորական հարթավայր, միանգամից սլացան ու երկաթով փշրեցին բրոնզե բանակներն ու կուռքերը Ասորիքից մինչև Եթովպիա: Դարձան փարավոն ու քուրմ, սովորեցրին կրակի մոգությամբ քարից դուրս քաշել երկաթե թուրը ընդդեմ լիբիական փուխր բրոնզի, աստղակապերը զատել երկնքի աստղային խառնափնթորությունից և ապա իրենք հալվեցին, հատան շոգ երկրի բարի ալարկոտության ու կանանց տաք թախիծի մեջ...

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել