Լևոն Տեր-Պետրոսյանը երկար մտածեց ու առաջադրումների պաշտոնական մեկնարկի նախօրյակին հայտարարեց, որ չի առաջադրվելու՝ տարիքի պատճառով: Ավելին՝ նշեց, որ նախագահի համար ամենաօպտիմալ տարիքը 40-60 միջակայքն է: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ եթե ինքը նման կարծիքի էր, կարող էր այդ մասին ավելի շուտ ասել, նաև այն հանգամանքը, որ նախորդ նախագահական ընտրություններին նա մասնակցում էր 63 տարեկանում: Անտեսենք նաև այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, քաջ գիտակցելով, որ հաղթելու շանս չուներ, «համոզիչ» փաստարկ ներկայացրեց, որը հավանաբար միակն էր, որ որքան էլ քննադատողներ լինեն, այնուամենայնիվ, գնահատվում է որպես մեծ տրամաչափի գործչի խոհեմ քայլ. թող ավելի երիտասարդները ղեկավարեն, և անփոխարինելի մարդ չկա, այդ թվում նաև ինքը: Բայց եթե նրա իր գնալով սահմանափակվեր, ապա դա Տեր-Պետրոսյանը չէր լինի: Նա չէր կարող մի հեռու գնացող քայլի սկիզբ հանելուկներով չհայտարարեր: Իսկ դա դժվար չէ գլխի ընկնել, որ իրեն հարգող պետական այրը, երկրի ապագայի մասին մտածող գործիչը պետք է նախագահական հավակնություններ հանդես բերի միայն այն դեպքում, եթե տեղավորվում է առաջին նախագահի նշած՝ 40-60 «չափսերի» մեջ:
Ռոբերտ Քոչարյանը 2018-ին կլինի 64 տարեկան, Գագիկ Ծառուկյանը՝ 62, Հովիկ Աբրահամյանը նախագահի լիազորություները ստանձնելու պահին՝ ապրիլի 9-ին, արդեն կլինի 60 տարեկան 3 ամսական: Ինչպես կասեր Նաջարյանը հայտնի ֆիլմում. «Լավ, բա էս գեղում մի կենդանի շոֆեր չկա՞»: Դե կա: Ասենք Տիգրան Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը: Բայց դե հասկանալի է, որ Տիգրան Սարգսյանը, եթե առաջիկայում վարչապետ չլինի, նա շատ արագ դուրս կմնա ֆավորիտների ցանկից, քանի որ նա անգամ իր պաշտոնավարման ժամանակ քաղաքական գործոն չէ, էլ ուր մնաց թե պաշտոնանկությունից հետո: Իսկ Արթուր Բաղդասարյանի մասին անգամ իմաստ չունի խոսել, քանի որ նա այնքան հաստատակամ է դարձել Սերժ Սարգսյանի կցորդը ու դիմազրկվել, նաև դիմազրկել սեփական կուսակցությունը, որ ևս մի քանի տարի, ու նա ուղղակի պաշտոնավարման օրոք անգամ մոռացության կմատնվի:
Իսկ թե մտքում իր թիմի երիտասարդ ու խոստումնալից կադրերից ո՞ւմ ի նկատի ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը, կարելի է ենթադրել, դժվար չէ ենթադրել նաև Սերժ Սարգսյանի մտքերն այդ ուղղությամբ: Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի խորիմաստ լռությունն ու ոչ պակաս խորիմաստ հայտարարությունը բարենպաստ հիմք է ստեղծելու, որ առաջիկա հինգ տարիներին նախագահի հիմնական արժանիքը տարիքը համարվի: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանը 10 տարի Քոչարյանին սատարեց՝ իր լռությամբ ու բախտորոշ պահերին նրան աջակցություն հայտնելով, Սերժ Սարգսյանի համար Էջմիածնի միաբանների ու Եղիազար Այնթափցու պատմությունը բեմադրեց՝ Արաբական գարնան ալիքը Հայաստան մտնելը կանխելու համար, հիմա էլ կանխորոշելու է 2018-ի ընտրությունների սցենարը, այն դեպքում, երբ արդեն հիմիկվանից պատրաստվում է տուն գնալ ու գիրք գրել, կամ էլ եթե 68 տարեկանի համար դժվար չի լինի, այգու ծառերը խնամել: