2015 թ. հունվարի 12-ին Գյումրիից հասած ահավոր գույժը սև շղարշ ձգեց ողջ երկրով մեկ: Հասարակությունը ցնցված էր: Մի ամբողջ ընտանիք գազանաբար սպանդի էր ենթարկվել ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձեռքով: Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքից հրաշքով փրկվել էր ամենակրտսերը` փոքրիկ Սերյոժան: Ցավոք, հրաշքը կարճ տևեց. 7 օր անց 6 ամսական փոքրիկն էլ գնաց հարազատների հետևից: Անցել է ուղիղ մեկ տարի, սակայն մինչ օրս բազում անպատասխան հարցերին ավելացել են նոր հարցեր, և հասարակությունն այդպես էլ չի հասկացել, թե ինչու, ինչ նպատակով իրականացվեց այդ սարսափելի ոճրագործությունը, արդյոք դրա հետևում ինչ-որ ուժեր կա՞ն թաքնված… Ավետիսյանների ավագ դուստրը` Լուսինեն, «Անկախի» հետ զրույցում խոստովանում է, որ այս մեկ տարին ոչ միայն չի մեղմել իրենց հոգու ցավը, այլև ավելի է խորացրել. «Մի գիշերվա մեջ իմ սուրբ ընտանիքը, որ ոչ մեկի հավին քշա չէր ասել, վերացավ աշխարհի երեսից: Հիմա բոլորն ապրում են, ծիծաղում են, ամանոր են նշում, իսկ նրանք չկան»,- լաց լինելով ասում է Լուսինեն, որ ընդամենը 30 տարեկան է, 2 երեխա ունի, բայց արդեն ապրելու ոչ մի ցանկություն չունի: Իսկ մարդասպանի դատավարությունն է՛լ ավելի հոռետեսական տրամադրություններ է ստեղծում:
Լուսինե Ավետիսյանը խայտառակություն և թատրոն է համարում դատավարությունը ռուսական ռազմաբազայում անցկացնելն ու դատավարության ընթացքը: «Անցել է մի տարի, բայց մենք գործի հետ կապված ոչ մի դրական արդյունք չունենք: Մեր բոլոր հարցերը մնացել են օդից կախ, իսկ դատի վերաբերյալ ուղղակի բառեր չկան. թատրոն էր»,- ասում է նա: Լուսինե Ավետիսյանի կարծիքով, եթե դատը տեղի է ունենում Հայաստանում, ապա այն պետք է անցկացվեր հայկական դատարանում, ոչ թե ռուսական ռազմաբազայում: Իրենց ու իրենց փաստաբաններին անգամ աթոռով ու սեղանով չեն ապահովել: Իսկ փաստաբաններին անգամ թույլ չեն տվել ավտոմեքենաներով մոտենալ ռազմաբազայի շենքին. «Կարևորը Պերմյակովի տեղն էր, լավ նստած էր: Մի խոսքով, մեզ կանչեցին ու մեր վրա ծիծաղեցին»:
Ավետիսյանների դուստրը դժգոհ է նաև դատավարության ընթացքից: Ասում է, որ ինչ հարց ուղղվել է դատավորին, մնացել է անպատասխան: «Հարցրեցինք, թե ինչի համար է դատավարությունն այստեղ՝ ռուսական ռազմաբազայում անցկացվում. պատասխան չեղավ: Հարցրեցինք` ինչու են ռուս զինվորները Պերմյակովի կողքին կանգնած հսկում, եթե մեր ոստիկանները ներկա են. պատասխան չեղավ: Մեր փաստաբանը միջնորդեց, որ ռուս զինվորականներին հեռացնեն դատարանի դահլիճից, քանի որ դա օրենքի խախտում է. դատարանը մերժեց»: Լուսինե Ավետիսյանն իր և մյուս հարազատների անունից հայտարարում է, որ եթե դատավարությունը նորմալ ընթացքով չշարունակվի, չտեղափոխվի հայկական դատարան, ապա իրենք ոտքի կկանգնեն ու կդիմեն ծայրահեղ քայլերի: Համոզված են, որ ամբողջ հայ ազգը կկանգնի իրենց կողքին: «Էս անգամ ոչ մի բան ինձ հետ չի պահի, կորցնելու բան չունեմ»,- հուսահատված ասում է նա: Ինչ վերաբերում է Ավետիսյանների տանը, ապա այնտեղ ժամանակը կարծես 2015 թվականի հունվարի 12-ից հետո կանգ է առել, ամեն ինչ նույնն է՝ նույն ամանորյա տոնածառը, նույն լվացքը` պարանից կախ, ամեն բան իր տեղում է, միայն տան բնակիչները չկան:
Լուսինեն ասում է, որ ինքն ու քույրը խնդրել են, որպեսզի գոնե թույլ տան իրենց մտնել, տունը կարգի բերել, մաքրել, սակայն իրենց խորհուրդ են տվել նման բան չանել, ոչնչի ձեռք չտալ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան. «Մենք այնտեղ ոտք չենք դրել: Իմ հայրական տունն է, բայց ճիշտն ասած՝ ես սարսափ եմ ապրում, երբ մտածում եմ, թե ոնց եմ մտնելու էդ տուն»: Լուսինեն ասում է, որ մինչ օրս իրենք թաղման և մյուս արարողությունների հետ կապված որևէ ծախս չեն արել, և մահվան տարելիցի ծախսերն էլ պետք է կատարվեն Գյումրու քաղաքապետարանում փոքրիկ Սերյոժայի ապաքինման համար ժամանակին բացված հաշվեհամարին փոխանցված գումարով, որը կազմում է մոտ 500.000 դրամ: Ժամանակին Ավետիսյանների հարազատները հրաժարվել էին այդ գումարից: «Էդ պահին մեր աչքին ոչ մի բան չէր գալիս»,- ասում է Լուսինեն:
Հայրական տանը տեղի ունեցածից հետո երկու դուստրերի անձնական ընտանիքներից էլ հաջողությունը կարծես երես է թեքել: Լուսինեն ասում է, որ ժամանակին ամուսինը հոր՝ Սերյոժա Ավետիսյանի հետ Ռուսաստան էր մեկնում արտագնա աշխատանքի: Դեպքից հետո նրանք երկար ժամանակ շոկից դուրս չէին գալիս, չէին կարողանում իրենց վերագտնել ու աշխատել, մինչդեռ ապրել էր պետք: «Ամուսինս խադավիկ է, Նորագավիթում մի աշխատանք էր գտել, բայց գործիքն ընկավ դեմքին, աչքը վնասեց, բան չէր տեսնում: Բժիշկներն ասացին` ինքն իրեն կվերականգնվի, բայց մինչև էսօր նորմալ չի վերականգնվել: Որ ներքև է նայում, բան չի տեսնում: Չնայած այդ վիճակին՝ շարունակում է աշխատել»,- պատմում է կինը: Մի խոսքով, մղձավանջային տարին բոլորեց, բայց Ավետիսյանների հարազատները դեռ շարունակում են խորը ճգնաժամի մեջ մնալ` խարխափելով անպատասխան հարցերի լաբիրինթոսում: Միակ ուրախալի իրադարձությունն այս մեկ տարվա մեջ եղել է փոքր քրոջ` Անահիտի աղջկա ծնունդը: Անահիտը մի որդի ունի, ծնվեց նաև դուստրը` Անգելինան, որը 7 հարազատների կորստի դիմաց փոքր, սակայն միակ լուսավոր փոխհատուցումն է: Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դեկտեմբերի 18-ի նիստում սենսացիոն փաստեր է ներկայացրել, ըստ որոնց՝ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի էջի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա ստեղծել է սատանիստական էջ, ապա որպես Պերմյակով միացել է այդ էջին և պայմանագիր կնքել սատանայի հետ՝ խոստանալով մի քանի կին ու մի քանի տղամարդ զոհաբերել նրան: Երեմ Սարգսյանը հայտարարել է՝ այդ ամենից հիմնավոր կասկածներ են առաջանում, որ Պերմյակովը սատանիստ է։ Հայ փաստաբանները միջնորդել են այս հանգամանքի վերաբերյալ առավել ամբողջական քննություն կատարել, սակայն քննիչը մերժել է՝ նշելով, որ այն կատարվել է 2013 թ. և դրանից հետո գրառում չի կատարվել: Ու քանի որ «պարզվել է» նաև հանցագործության դրդապատճառը, այն է՝ Վալերի Պերմյակովն Ավետիսյանների տուն է մտել ավազակային հարձակում կատարելու նպատակով և ընտանիքի անդամներին կյանքից զրկել է ավազակությամբ զուգորդված, ուստի միջնորդությունը մերժվել է: Հայ փաստաբանները չեն վիճարկում, որ հանցագործության բուն դրդապատճառը կարող է լինել ավազակային հարձակումը, սակայն վերոնշյալ հանգամանքները նոր լույս են սփռում Պերմյակովի հոգեվիճակի, հավատքի, վարքագծի վրա: Ռուսական կողմը սատանիզմին վերաբերող նյութն ամբողջությամբ չի տրամադրել հայկական կողմին, այլ միայն՝ սպանության հետ առնչվող հատվածները, ուստի փաստաբանները կարծում են, որ այնտեղ կարող են լինել նյութեր, որոնք էական առնչություն կարող են ունենալ գործին և պետք է լրջորեն ուսումնասիրվեն նաև հայկական կողմում: Ի վերջո, մինչ օրս բոլորի մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Պերմյակովը, հրազենով սպանելով տան բոլոր անդամներին, որոշեց 6 ամսական անպաշտպան փոքրիկին սպանել դանակի դաժան հարվածներով, մինչդեռ հրազենում դեռ փամփուշտներ կային:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: