Դեկտեմբերի 18-ին ռուսական ռազմաբազայի տարածքում կայացել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջին նիստը: Այն հետաձգվել է մինչեւ հունվարի 18-ը Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի խնդրանքով, ով ժամանակ է խնդրել գործին ծանոթանալու համար:
Դեկտեմբերի 18-ին տուժող կողմի փաստաբաններից ենթադրություն է հնչել, որ Պերմյակովը հարում է սատանայապաշտների աղանդին, եւ նրա սարսափելի հանցագործությունը «զոհաբերություն է եղել սատանային»:
Փաստաբանները միջնորդել են ստուգել, թե արդյոք Պերմյակովը հարում է աղանդին եւ սպանության «պատվեր է» ստացել: Չի բացառվում, որ այդ վարկածը հիմնական դառնա, եւ սարսափելի հանցագործությունը վերագրվի «սատանային»:
2015 թվականի հունվարի 12, 13, 14-ին եռում էր ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը: Մարդիկ աղոթում էին, որ սվինահարված 6-ամսական երեխան ողջ մնա: Սակայն նա ողջ չմնաց, եւ մարդիկ ինքնապաշտպանության բնազդով ուղղվեցին դեպի ռուսական բազա:
Շիրակի դատախազին հաջողվեց մարդկային զայրույթի ալիքը ռուսական բազայից ուղղել դատախազության շենք: Դա թույլ տվեց խուսափել արյունահեղությունից, որին, հնարավոր է, ոմանք սպասում էին:
Մոսկվայում ու Երեւանում պաշտոնական կաբինետներում տանջալից լռություն էր, եւ տարածաշրջանի ճակատագիրը Գյումրիում հավաքված, միայն քարերով զինված վրդովված մարդկանց ձեռքում էր:
Հիմա միայն կարելի է մոդելավորել, թե ինչպես կարող էին զարգանալ իրադարձությունները, եթե Գյումրիում ցույցերն արյունահեղության եւ ռուսական բազայի հետ բախումների վերածվեին: Դա կարող էր ավարտվել կամ Գյումրիում ռուսական իրավազորության հայտարարման եւ Հայաստանի վերջով, կամ էլ Հայաստանում ու Կովկասյում ռուսական ներկայության ավարտով:
Սակայն ստատուս-քվոն պահպանվեց: Դատելով ռուս փորձագետների հայտարարություններից՝ Մոսկվան «հույս ուներ», որ հայերն ավելի վճռական քայլերի կդիմեն, իրենք էլ պատասխան քայլեր կանեն: Մոդեստ Կոլերովը, օրինակ, ասում է, որ Գյումրին պետք է դառնա քաղաք ռուսական բազայի «շուրջ»:
Անցած տարի Մոսկվան իսկապես ընդլայնել է իր բազաները Հայաստանում եւ խոստանում է ամրապնդել դրանք նոր սպառազինությամբ ու տեխնիկայով: Սակայն Ավետիսյանների ընտանիքի սպանությունը հայերի մոտ ոչ թե վախի, այլ վանելու զգացում առաջացրեց: Այն ցույց տվել, թե Հայաստանը որքան է մոտ եզրին, եւ դա դրսեւորվեց ամռանը Բաղրամյան պողոտայում:
Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, եթե նույնիսկ «սատանայական» պատվերով է արվել, վառ արտահայտված քաղաքական գործողություն էր հստակ նպատակներով: Պատվիրատուն, եթե նույնիսկ «սատանան» է, կարողացե՞լ է հասնել իր նպատակին: