Lragir.am-ը գրում է․
Օրեր շարունակ ռուսական օդուժը ռումբեր չի գցում Սիրիայում, և նորությունների թողարկումները չեն սկսվում նավթատար բեռնատարների ոչնչացման մասին հաշվետվություններով։

Ինչպես պատահում է զոմբիացած հասարակություններում, ոչ ոք չի հարցնում՝ իսկ ի՞նչ եղավ եղբայրական Սիրիան, ի՞նչ վիճակում է մեր բարեկամ Ասադը։ Եթե առաջիկայում էլ ռուսական ալիքները նորություններ չհայտնեն «սիրիական ճակատից», երևի բոլորը մոռանան խփված ինքնաթիռն ու հետաքրքրվեն ուրիշ բաներով… ինչ որ իրենց ցույց տան։

Բայց կա երկու կարևորագույն  հարց, որ չեն տրվել սիրիական ռմբակոծումների ընթացքում (թեկուզ որպես տարեվերջյան ամփոփում)։

Նախ։ Ի՞նչ արդյունք տվեց ամբողջ ռազմական արշավը, բացի Իսլամական պետության մի քանի հայտնի հրամանատարների, մի քանի տասնյակ կամ հարյուր մարտիկների ոչնչացումից։

Քարտեզը, որ հրապարակեց «Բիզնես ինսայդեր» հեղինակավոր պարբերականը դեկտեմբերի վերջին, ցույց է տալիս, որ 2015-ի ընթացքում ԻՊ-ի կորցրած տարածքները՝ նշված կարմիր գույնով, չնչին են սիրիական սահմաններում և մի քանի անգամ զիջում են կանաչներին՝ գրաված հողերին։ Զգալի տարածքներ ԻՊ-ը կորցրել ու ոչինչ չի գրավել իրաքյան հատվածում։

Մյուս հարցը, որ չհնչեց բազմաթիվ հեռուստատեսային թոք-շոուներում. եթե Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խփել, ինչո՞ւ է Ռուսաստանը ինչ-որ ուրիշ տարածքներ ռմբակոծում և թուրքական ինքնաթիռ չի խփում ի պատասխան։

(Կա նաև երրորդ հարցը, որը մասամբ է վերաբերում բուն նյութին՝ ռմբակոծությունների թիրախային արդյունավետությունը… կամ անարդյունավետությունը. ըստ իրավապաշտպան կազմակերպությունների տվյալների, ռուսական օդային հարվածների արդյունքում զոհվել է 2.371 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 180 երեխա)։

Ըստ մանրակրկիտ փաստարկված կանխատեսումների, 2016-ին Ռուսաստանում կտրուկ կավելանա աղքատների քանակը, իսկ տնտեսության աճի որևէ իրական հեռանկար չկա։ Մանավանդ որ արդեն անխուսափելի է թվում համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որի հաճախականությունը որոշ փորձագետներ սահմանել են 7,5 տարի։

Ի՞նչ կանի Պուտինը նման իրավիճակում։ Հիբրիդային պատերազմի նոր օջախ կստեղծի՞ Արևմուտքի համար ավելի ցավոտ կետերում, ասենք, նախկին սովետական մերձբալթյան պետություններում, որպեսզի բարձրացնի խաղադրույքները (անհայտ արդյունքով), թե՞ ներքաղաքական հակամարտության նմանակմամբ նոր քարոզչական սնունդ կմատակարարի «հայրենասերներին», որ մոռանան կենսամակարդակի անկման մասին («ազգային-դավաճանների» նոր թիրախավորում, վհուկների որս սոցցանցերում)։

Առայժմ ռուսական ալիքների թիվ մեկ նորությունը կամ յություբի տեսահոլովակն է, թե ինչպես է Բելգորոդում վիրաբույժը բռունցքի մի հարվածով հիվանդին սպանել, կամ... ՌԴ նախագահի մարզումը երկրի ձյուդոյի հավաքականի հետ։

Դժվար է ստույգ ասել, բայց կարծես թե Ուկրաինայում պատերազմ սկսելուց առաջ էլ նույն ալիքները շարունակ ցույց էին տալիս, որ Պուտինը լավ մարզավիճակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել