Ոչ ոք չգիտե, թե դեռ որքան կտևի ռուս-թուրքական առճակատումը: Փորձագետներից ոմանք ստեպ-ստեպ հաշտության նշաններ են նկատում երկու երկրների հարաբերություններում, բայց անցնում է որոշ ժամանակ, և աղոտ հույսը մարում է:
Ինչ ասես կարող է լինել, ուստի ռուսական կայքերից մի քանիսը դիմում են փառավոր անցյալին, որպեսզի պատմության օրինակով ցույց տան կայսերական Ռուսաստանի առավելությունն Օսմանյան կայսրության հանդեպ: Ռիա. ռու կայքն անդրադարձել է ռուս-թուրքական երկու` Իզմայիլի բերդի գրավման 225 և Էրզրումի գործողության 100-ամյակներին:
Իզմայիլի բերդի առումը տեղի է ունեցել զորավար Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ: Դանուբի ձախ ափին գտնվող այս միջնաբերդը պատերազմի նախօրյակին վերակառուցվել ու ամրացվել էր գերմանացի և ֆրանսիացի ինժեներների ղեկավարությամբ: Իզմայիլը 3 կողմից շրջապատված էր 8 մետր բարձրությամբ և 6 կմ երկարությամբ բերդապատնեշով, որի առաջ փորված էր 12 մետր լայնությամբ և 10 մետր խորությամբ խրամատը: Ամրոցի հարավային կողմը պահում էր Դանուբ գետը: Իզմայիլը պաշտպանում էր 35 հազարանոց լավ զինված կայազորը, որն ուներ 265 հրանոթ: Թուրքերը բերդն անառիկ էին համարում:
Սուվորովը բերդի պարետին վերջնագիր է ներկայացնում` խորհելու և հանձնվելու համար տալով 24 ժամ: Մեհմեթ փաշան արևելյան պոռոտախոսությամբ պատասխանում է. «Ավելի շուտ երկինքը կընկնի երկրի վրա, և Դանուբը հակառակ ուղղությամբ կհոսի, քան թե Իզմայիլը կհանձնվի»: Ինչպես հայտնի է պատմությունից, Սուվորովը գրավում է Իզմայիլը: Թշնամին տալիս է 26 հազար սպանված և 9 հազար գերի: «Փախչելով փրկվում է միայն մեկ թուրք` գերանի վրա լողալով անցնելով Դանուբը»,- գրում են ռուսական աղբյուրները:
100 տարի առաջ` 2016թ. հունվարի 10-ին, սկսվում է ռուսական կայսերական բանակի Էրզրումի գործողությունը: Կովկասյան բանակի հրամանատար, գեներալ Նիկոլայ Յուդենիչը, զգուշանալով թուրքական ուժերի համալրումից, հնարավորինս արագ սկսում է Էրզրումի գրոհը:
Բանակի գործողությունը չի կարողանում խոչընդոտել նույնիսկ 30 աստիճան սառնամանիքը: Ուղիղ մեկ ամիս ռուսական զորքը ճանապարհ էր հարթում դեպի Էրզրում և պատրաստվում ամրոցի վճռական գրոհին: Համառ ու արյունալի մարտերից հետո փետրվարի 16-ին Էրզրումը գրավվեց: Պատմաբան Օլեգ Հայրապետովի տվյալներով՝ պաշտպանական գլխավոր գծի վրայից գրավվում է 197 սարքին հրանոթ, ևս 126-ը` բերդի կենտրոնական միջնապատից: Գերի է ընկնում 235 սպա և 12 հազար 753 ստորին կոչում ունեցող: Հարձակումը շարունակվել է մինչև մարտի վերջ, երբ թշնամին ստիպված նահանջում է ավելի քան 100 կմ: Թուրքերը մի քանի ամիս երկրի բնակչությունից գաղտնի են պահում իրենց պարտության լուրը և մանրամասները:
Ցավոք, հայերիս համար սրանով գրեթե ավարտվում է Առաջին աշխարհամարտի հաջող ընթացքը: Առաջիկայում սպասվում էին ռուսական հեղափոխությունը, Կովկասյան ռազմաճակատի փլուզումը և ռուսական զորքերի նահանջը, որոնք ուղեկցվում էին Արևնտյան Հայաստանի հայ բնակչության իսպառ բնաջնջմամբ և տարագրությամբ:
Բայց սա այլ խոսակցության թեմա է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: