1993 թ. դեկտեմբերի 27-ից սկսած Հադրութի պաշտպանական շրջանի զբաղեցրած դիրքերի ուղղությամբ հակառակորդը փորձում էր ճեղքել առաջնագիծը և հրետանակոծում ողջ առաջնագծի զբաղեցրած դիրքերը: 1994 թ. հունվարի 2-ին հակառակորդը անցավ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, մինչ այդ Ադրբեջանի քաղաքական իշխանությունները հայտարարել էին, որ Նոր տարին պետք է անցկացնեն Ֆիզուլիում, իսկ դիրքերը զբաղեցրած ազատամարտիկները անձնվիրաբար մարտնչում էին:
Հունվարի 4-ին հակառակորդը, Արաքսի ափով՝ Իրանի Իսլամական հանրապետության հետ սահմանի երկայնքով, անցավ մեր զբաղեցրած դիրքերի թիկունքը նպատակ ունենալով խուճապի մատնել մեր զինվորներին: Այդ օրը բոլորը կռվեցին հերոսաբար: Հունվարի 4-ին Շուքուրբեյլիի խաչմերուկում առաջնագծին օգնության հասնելուց զոհվեցին Հադրութի պաշտպանական շրջանի հրետանային դիվիզիոնի հրամանատար Կարեն Միրզոյանը, մարտկոցի հրամանատար Գագիկ Պետրոսյանը, գումարտակի շտաբի պետ Նարվիկ Գևորգյանը, և նույն գումրատակի դասակի հրամանատար Սլավիկ Գրիգորյանը:
Հիշենք մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքով մեզ են նվիրել Ազատ ու անկախ Արցախ, ովքեր արցախցուն նվիրել են խաղաղ ու ապահով Ամանոր ու Սբ. Ծնունդ:
Հազար փառք մերօրյա բոլոր հերոսներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել