Հաշվի առնելով այսօրվա նորությունները, հետագա զարգացումները, ինչպես նաև վերջին հինգ տարիների պատմությունը՝ պետք է նշեմ, որ չնայած ո՛չ Լևոնը, ո՛չ էլ Սերժը աչքիս լույսը չեն, բայց պարզապես անհրաժեշտ է երկու լավ խոսք ասել՝ Տեր-Պետրոսյանի ու Սարգսյանի վերաբերյալ.
- Լևոն Տեր-Պետրոսյանը անկասկած կմնա հայոց պատմության մեջ ու չնայած նրա ողջ կերպարի հակասականությանը՝ նա իր արժանի տեղը կզբաղեցնի Հայաստանի «տիրակալների» շղթայում։ Ինչ-ինչ, բայց նա գեղեցիկ հեռացավ ու սա անվիճելի է։
- Սերժ Սարգսյանը առայժմ միակ ՀՀ նախագահն է, ում վարկանիշը աճել է իր պաշտոնավարման սկզբի համեմատ ու կարծում եմ, որ դա պայմանավորված է ոչ այնքան իր՝ Սարգսյանի գործունեությամբ ու ժողովրդական սիրով, որքան ընդդիմադիր դաշտի կոլլապսով։ Համենայն դեպս, արդեն իսկ այն փաստը, որ 1991 թվականից ի վեր մենք կունենանք առաջին նախագահական ընտրությունները, որոնցում հաղթողի լեգիտիմությունը կասկածի տակ չի դրվի, արդեն իսկ գովելի է։
Հ.Գ. Մի երկու վատ խոսք էլ նախագահների ակտիվ «երկրպագուների» մասին ասեմ.
- ՀՀԿ-ականներից ոմանք նենց են ոգևորվել, ոնց որ գիշակերների խրախճանքի գլխավոր մասնակիցներ լինեն, հիշեք՝ որքան էլ քննադատեք Լևոնին իր արածների ու չարածների համար, նա է այն համակարգի հիմնադիրը, որից հիմա դուք եք սնվում ու որի գագաթին կանգնած է այժմ Սերժ Սարգսյանը։
- ՀԱԿ-ականներ, նույն փաստարկն էլ կիրառելի է Ձեր նկատմամբ՝ ուղղակի հակառակ կողմից. այն ամենը, ինչում դուք մեղադրում եք այժմյան իշխանություններին, ընդ որում հաճախ՝ քննադատություններն արդար են, էլի հնարավոր են դարձել հենց այն համակարգի շնորհիվ, որը ստեղծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/137387626417269?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել