www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Շատ վաղուց իրար հարևանությամբ ապրում էին երկու ուսուցիչ: Նրանցից մեկը արհեստ էր ուսուցանում, մյուսը՝ իմաստություն: Արհեստ ուսուցանողը շատ աշակերտներ ուներ, իսկ իմաստություն ուսուցանողը՝ ընդհանրապես չուներ: Ոչ մի հոգի: Եվ դա հասկանալի է՝ արհեստ ունենալով կարելի է մարդկանց անհրաժեշտ իրեր ստեղծել և վաճառելով այն, ապահովել քեզ անհրաժեշտով և ցանկալիով: Իսկ ինչպե՞ս վաճառել իմաստությունը: Այս պատճառով էլ աշակերտները հերթ էին կանգնում արհեստի ուսուցչի մոտ, և նա օր ու գիշեր չարչարվում էր՝ սովորեցնելով նրանց այն ամենը, ինչ ինքը գիտեր: Եվ նա ոչ մի բանի կարիք չուներ: Իսկ իմաստության ուսուցիչը՝ աղքատ էր ապրում, ծառի տակ նստած մտորում էր, գրքեր կարդում, նայում աստղերին և… սպասում աշակերտի: Մարդիկ խղճում էին նրան, երբեմն մոտենում էին, իբր թե խորհրդի կարիք ունեն, և մի քիչ ուտելիք կամ այլ անհրաժեշտ բան բերում: Սակայն ոչ ոք երբեք նրա խորհուրդներով չէր շարժվում:

Նույնիսկ արհեստի ուսուցիչը մի անգամ ասաց իմաստության ուսուցչին՝

- Ցավով եմ նայում քեզ: Ուզո՞ւմ ես, ես անվճար քեզ արհեստ սովորեցնեմ, որով կկարողանաս քո հացը վաստակել:

- Ի՞նչ ես ասում, - պատասխանեց իմաստության ուսուցիչը: - Ես կարիք չունեմ: Եվ եթե ես փոխեմ իմ մասնագիտությունը, ո՞վ պետք է մարդկանց իմաստություն ուսուցանի, երբ դա պետք գա:

- Այդ դեպքում իմաստության դասագիրք գրիր: Միգուցե մարդիկ գնեն դա և սովորեն այդ դասագրքով: Այդպես էլ միգուցե աշակերտներ կունենաս…

- Հնարավո՞ր է արդյոք դասագրքով արհեստ սովորել, - պատասխանեց իմաստության ուսուցիչը:

- Ոչ: Դասագրքից բացի ուսուցիչ է պետք: Սկզբից ուսուցիչ, հետո՝ դասագիրք:

- Իմ գործում էլ է այդպես: Տեսնում ես, թե ինչքան գիրք կա իմ տանը: Այդ բոլորն էլ հենց իմաստության դասագրքեր են: Բայց առանց ուսուցչի չես իմանա, թե դրանցից որը սկզբից կարդաս, որը՝ վերջում: Բացի դրանից կան բազմաթիվ գրքեր, որոնք ընդհանրապես կարդալու անհրաժեշտություն չունեն: Ինչպե՞ս այդ ամենը իմանաս առանց ուսուցչի:

Այդպես էլ շարունակեցին նրանք ապրել՝ մեկը հարստության մեջ, մյուսը՝ աղքատության: Մեկը՝ աշակերտներով, մյուսը՝ առանց:

Դուք իրադարձությա՞ն եք սպասում: Մի գեղեցիկ օր իմաստության ուսուցչի մոտ եկավ մի հարուստ մարդ կամ ուղղակի մի պետության նախագահ, որպեսզի իմաստություն սովորի: Ոչ մի նման բան էլ տեղի չունեցավ: Հարուստ մարդիկ ժամանակ չունեն՝ նրանք օր ու գիշեր չարչարվում են, որպեսզի բազմապատկեն իրենց հարստությունը: Իսկ նախագահները երբեք իմաստություն չեն սովորում, որպեսզի նրանց ժողովուրդը նրանց չտա հետևյալ հարցը՝ «Ինչու՞ է նա իրենց նախագահը, այլ ոչ թե այն մարդը, ումից որ նա իմաստություն է սովորել»:

Այնպես որ, մի գեղեցիկ օր այնպես, ինչպես լինում է մարդկանց մոտ, իմաստության ուսուցիչը մահացավ՝ իր հետևից չթողնելով և ոչ մի աշակերտ: Այդ պահից ի վեր ոչ ոք չգիտի, թե ինչ բան է իմաստությունը:

Ռոբ Գոնսալվես «Ալիքներ անելով»


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել