Ես, գուցե, անգամ դրվատանքով կվերաբերվեի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հասցեին պարոն Սարգսյանի կողմից հնչեցված կշտամբանքներին, եթե դրանց նախորդած լինեին ստեղծված իրավիճակի կանխմանն ուղղված հայկական կողմի գործադրած առարկայական ջանքերը: Անշուշտ, ՀԱՊԿ-ը չի կարելի համեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ որոշումների կայացման հստակ մեխանիզմներ ունենալու տեսանկյունից, բայց, այդուհանդերձ, անգամ ՀԱՊԿ-ի պարագայում պետք է որ գոյություն ունենան որոշումների նախապատրաստման ու կայացման աշխատող ընթացակարգեր: Ես երբևէ չեմ լսել, որ ՀԱՊԿ-ում իր գործունեության շրջանակներում հայկական կողմը շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի որևէ որոշման նախագիծ պատրաստած ու դրած լինի շրջանառության մեջ, ուր տրված կլիներ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, և ներկայացվեին ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ունեցած մեր ակնկալիքները: Սա այն մասին, թե ինչ պետք է վաղուց արված լիներ, բայց չի արվել: Կարծում եմ, որ վատ չէր լինի, եթե անհետևանք կշտամբանքներ հնչեցնելու փոխարեն հայկական պատվիրակությունը պնդեր, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ի գործադիր քարտուղարի պաշտոնում պետք է տեղի ունենա՝ անկախ ամեն ինչից: Իսկ այսպես՝ ստացվեց, որ ոչ ՀԱՊԿ-ն է իրենից մի լուրջ բան ներկայացնում, ոչ էլ Հայաստանի պահվածքն է մեր երկրի համար առարկայորեն օգտակար միտումներ պարունակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1110915618919349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել