Tert.am-ը գրում է.

Մեկնարկել են նոր Ընտրական օրենսգիրք մշակելու շուրջ քննարկումները: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, արդեն իսկ նախնական հանդիպումներ են եղել Ազգային ժողովի խմբակցությունների  հետ, իսկ առաջիկայում, երբ ձևավորվի ԸՕ փոփոխությունների վերջնական փաթեթը, կրկին հանդիպումներ կլինեն:
 
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ հավանաբար կձևավորվի նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ զբաղվող մասնագիտական խումբ, որը կամփոփի խմբակցությունների կողմից արված առաջարկները:
 
Հետաքրքրվեցինք՝ Ընտրական օրենսգրքի նախնական քննարկումները կոնցեպտուալ ի՞նչ փոփոխությունների շուրջ են ընթանում: Վահրամ Բաղդասարյանը հրաժարվեց փակագծերը բացել, բայց նշեց, որ ԸՕ-ի փոփոխությունները մեծ կլինեն:
 
«Մի քանի օրից կլինեն հանդիպումներ բոլոր խմբակցությունների հետ, կամփոփենք դրանց արդյունքները, նրանց կողմից արված առաջարկները ու կտեղեկացնենք հանրությանը: Հիմա դեռևս ամեն ինչ նախնական է»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ նախնական հանդիպումներ արդեն իսկ կայացել են ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների հետ:
 
Բաղդասարյանը մեկնարկած գործընթացը նմանեցրեց սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ ասելով, որ սպասվում են նույնքան բազմակողմանի ու մասնագիտական քննարկումներ: Ըստ պատգամավորի՝ խմբակցությունների կողմից արվող առաջարկներն առայժմ բանավոր են և գրավոր տեքստ կունենան, երբ պատրաստ կլինի օրենքի նախագիծը:
 
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ եղել են նախնական քննարկումներ, իսկ հիմնական քննարկումներն ամենայն հավանականությամբ կլինեն հունվարից հետո: Նաիրա Զոհրաբյանն էլ հրաժարվեց բացել փակագծերը, թե Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախնական ինչ տարբերակներ են առաջարկվում՝ ասելով, որ դրանք խիստ նախնական են:
 
Ամեն դեպքում, ԲՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ սպասվում է լուրջ ծավալի աշխատանք, որովհետև փոխվելու է ընտրական համակարգի առանցքը:

«Ամենակարևոր ու ամենաբարդ խնդիրը, որը պետք է փորձենք քաղաքական ուժերով իրականացնել,  ընտրական ողջ գործընթացի համար ճշգրիտ մեխանիզմների սահմանումն է, որոնք հնարավորինս կբացառեն անօրինական միջամտությունները: Հասկանում եմ, որ սա հայկական ընտրական ավանդույթի պայմաններում բարդ է, շատերի համար անլուծելի, բայց ստեղծվել է հնարավորություն համատեղ աշխատանքի միջոցով ստանալ ԸՕ, որը հնարավորինս կբացառի ընտրակեղծարարության ցանկացած սողանցք»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել