Tert.am-ը գրում է.
Պատահական չէ, որ Ադրբեջանը փորձում է համաձայնվել Մինսկի խմբի առաջարկություններին, ինչին առաջ դիմադրում էր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ Ադրբեջանը հետագայում հնարավոր է ավելի մեծ զիջումների գնա: Ըստ նրա՝ ժամանակն Ադրբեջանի օգտին չի աշխատում, որովհետև քրդերի անկախության գործընթացը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական խճանկարը:
 
- Օրերս Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ում կշտամբեց անվտանգության խորհրդի անդամ-պետություններին՝ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ՀՀ և ԼՂ նկատմամբ իրականացվող սադրանքների վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելու համար: Նախագահն ասաց, որ ադրբեջանական կրակոցները ոչ միայն Երևանի դեմ են, այլև՝ Բիշքեկի, Աստանայի, Մոսկվայի, Մինսկի… Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Նախագահ Սարգսյանը հանդես եկավ նման հայտարարությամբ: Շատերը կարծիք են հայտնում, որ սա ուշացած քննադատություն էր, համաձա՞յն եք:
 
- Մաքսային միության երկրների գագաթաժողովներին զուգահեռ վերջին տարիներին անց էին կացվում նաև թյուրքական երկրների ղեկավարների հանդիպումներ և, կարծես թե, զուգահեռ ձևավորվում էր կառույց, որը հիմնվում էր էթնիկ միասնության գաղափարի վրա: Գնում էին խոսակցություններ Թուրքիայի՝ այս միությանը միանալու վերաբերյալ: Բնականաբար, դա անհանգստացնում էր Ռուսաստանին: Ստեղծվել էր երկիմաստ վիճակ: Թյուրքական երկրների հանդիպումներն անց էին կացվում նաև Նախիջևանում, որը շատ կարևոր և թույլ հանգույց է իրենց միասնության շղթայում: Դրան զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ, նաև թյուրքական երկրների ղեկավարների ներկայությամբ, որոնք որևէ կերպ չէին արձագանքում նման հայտարարություններին: Բնականաբար, նման հավակնությունները վտանգ են ներկայացնում նաև Ռուսաստանի համար: Պետք չէ խաբվել Ռուսաստանի տարածքի մեծության վրա, այն կառուցված է դոմինոյի սկզբունքով. մի «քարի» տեղաշարժը կարող է ողջ համակարգի փլուզման պատճառ հանդիսանալ` մինչև Յակուտիա: Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվելուց հետո թյուրքական վտանգի մասին միանգամից սկսեցին խոսել ռուսական քաղաքական գործիչներն ու քաղաքագետները` ամենաբարձր ամբիոններից: Հատկապես Մոսկվային սկսեց մտահոգել Թուրքիայի հետ կոնֆլիկտի ժամանակ թյուրքական երկրների, այդ թվում՝ անգամ Թաթարստանի մեղմ ասած չափազանց զուսպ պահվածքը: Հիմա «անկեղծության պահն» է եկել, ինչի մասին այն ժամանակ լռում էին քաղաքական կոռեկտության պատճառով, հիմա բացեիբաց հայտարարում են: Սերժ Սարգսյանի ելույթը արտահայտում էր նաև Ռուսաստանի տեսակետը: Ինչ վերաբերում է քննադատության «ուշացած» լինելուն, ապա կարծում եմ, որ դա այդպես չէ: Նման խոսքեր ասում են այն ժամանակ, երբ դրա համար հարմար պահն է գալիս:
 
- Եթե մինչ այս ՀԱՊԿ-ը և դրա առանձին անդամ-պետությունները սահմանային լարվածության վերաբերյալ որևէ դիրքորոշում չեն հայտնել, ինչո՞ւ պետք է հիմա վերաբերմունք արտահայտեն: Դուք կարծում եք, որ որևէ հայտարարություն ՀԱՊԿ-ի կողմից կլինի՞:
 
-Խնդիրը ՀԱՊԿ-ի անդամ երկրների վերաբերմունք արտահայտելը չէ: Խնդիրն այն է, որ այդ երկրների առջև խնդիր դրվեց, որին նրանք պատրաստ չեն պատասխան տալ: Դա նրանց համար չափազանց ծանր երկընտրանք է: Ազգային և տնտեսական անվտանգության, ազգային ինքնության, կրոնական պատկանելության կծիկը լուրջ մարտահրավերներ են պարունակում այդ երկրների համար: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այդ երկրի ղեկավարը ցանկացած իրավիճակում փորձում է իր համար դիվիդենտներ քաղել, դա արդեն այլ պատմություն է:
 
- ՀԱՊԿ-ի նիստին նախորդեց երկու նախագահների հանդիպումը: Մինսկի խմբի ջանքերով այս հանդիպումն ի վերջո տեղի ունեցավ, բայց որևէ արդյունք, ըստ արձագանքների, չտվեց, որովհետև սահմանային լարվածությունը չմեղմացավ: Հակառակը՝ Ադրբեջանը կիրառեց ականանետեր, տանկեր և այլ ծանր տեխնիկա: Եթե նախագահների հանդիպումն անգամ սահմանային լարվածության նվազման առումով արդյունք չի տալիս, ուրեմն ի՞նչ է տալիս այն:
 
- Իմ կարծիքով՝ Ադրբեջանի համար աշխարհաքաղաքական և տնտեսական առումով անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել, որը գնալով ավելի է վատթարանալու: Նրանք փորձում են արագ ինչ-որ լուծման գալ: Պատահական չէ, որ հիմա փորձում են համաձայնել Մինսկի խմբի առաջարկություններին, ինչին առաջ դիմադրում էին: Զգում են, որ հետագայում հնարավոր է, որ ավելի մեծ զիջումների գնան: Հնարավոր է, որ սահմանային բախումներ հրահրելով, փորձում են արագացնել որևէ մի համաձայնագրի, առաջարկի շուրջ համաձայնության գալը, ինչին առաջ երբեք չէին համաձայնի: Կարծում եմ, որ ժամանակը Ադրբեջանի օգտին չի աշխատում: Քրդերի անկախության գործընթացը փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական խճանկարը: Ըստ իս՝ մենք պետք է ժամանակ շահենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել