Aysor.am-ը գրում է.
Վերջին օրերին քննարկումների առիթ դարձավ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կոչ էր արել լրատվամիջոցներին չօգտագործել  «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ հրադադար, որպես այդպիսին, այլևս չկա: Արծրուն Հովհաննիսյանը բառացի ասել էր.
«Կարծում եմ ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ ու չի մնացել որևէ վերլուծաբան, մասնագետ, փորձագետ, ով այս իրավիճակը պատերազմով չի գնահատում, սա պատերազմ է և ես կխնդրեի ձեր տերմինաբանության մեջ  չօգտոգրծել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ հրադադար մենք այլևս չունենք»:
Իրավիճակի հստակեցման համար զրուցեցինք Արծրուն Հովհաննիսյանի հետ.
«Դեռ տարվա սկզբին ու 2014թ.-ի կեսերից մենք առիթ ունեցանք որոշակի մասնագիտական գնահատական տալ այս ամեն ինչին և բազմիցս նշվեց՝  իրավիճակը շատ մոտ է պատերազմականին, բայց ոչ լայնամասշտաբ պատերազմին»,-  Aysor.am-ին ասաց ՊՆ մամուլի քարտուղարը՝ շարունակելով.
«Իհարկե, խոսքը չի գնում լայնամասշտաբ, հայտարարված, այսպես ասած պաշտոնական պատերազմի իրավական բնույթի մասին: Դեռ մեկ օր առաջ Պաշտպանության բանակի հրամանատաը հայտարարեց, որ Ադրբեջանը իրավիճակը պատերազմականին շատ է մոտեցնում, դրանից ավելի վաղ՝ Ազգային ժողովում, պաշտպանության նախարարը հայտարարեց, որ նույնը՝ Ադրբեջանը տանում է դեպի դրան, մեր լրատվական դաշտում ևս բազմիցս այդ մասին խոսվել է: Ես դեռ այս տարվա ընթացքում մի քանի անգամ ասացի՝ իրավիճակը շատ նման է հիբրիդային պատերազմին: Ու, ընդհանուր առմամբ, այսօր քաղաքագիտական համաշխարհային միտումները նման իրավիճակին միշտ տալիս են այսպիսի բնորոշումներ: Շատ ու շատ մասնագետներ փաստում են՝ իրավական, այսպես ասած, լայնամասշտաբ, կոնվենցիոնալ պատերազմներից դուրս կա նաև այսպիսի պատերազմ հասկացություն, որը նաև լրատվամիջոցներն են հաճախ տարբեր կերպ անվանում՝ տեղեկատվական պատերազմ և այլն»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց՝ ասուլիսի ընթացքում իր խոսքերից հետո առաջացած աղմուկը շահարկումների հետևանք է.
«Կրկնում եմ՝ պատերազմ տերմինն ասելիս՝ խոսքը իրավիճակի բնույթի մասին էր, ոչ թե իրավական ակտի ու իրավական որակման: Եթե ուշադիր հետևեք իմ տեսանյութին՝ ես ասում եմ չկա մասնագետ, որ չի բնորոշում այսպես: Դրան գումարած մենք խոսում էինք լրատվամիջոցների լսարանի հետ ու նրանց կոչ էինք անում տերմինների փոփոխության խնդիր առաջ քաշել: Այսինքն՝ իմ ասածի ամենակարևոր մեխն այն էր, որ չունենք հրադադար, հրադադար տերմինը չկիրառվի: Նույն տեսանյութում շարունակում եմ ասել, որ կարող եք կիրառել օրինակ՝ «մարտական գործողություն» տերմինը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ տվյալ ոլորտում մասնագիտացած լուրջ փորձագետները լիովին հասկացել են իր խոսքը, քանի որ այդ մասին անընդհատ խոսվում է:
«Այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ իմ ասածի իմաստը կապ չունի իրավական հարթության հետ:  Ու պիտի ասեմ, որ այս շահարկումից փորձեցին օգտվել նաև ադրբեջանցիները, ընդ որում մարազմի հասցնելով խոսքերիս մի մասը»,- ամփոփեց ՊՆ մամուլի քարտուղարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել